Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս երեխայի համար խաղալիք ընտրել. ինչի՞ն ուշադրություն դարձնել

Հունիս 11,2019 23:00

«Էրեխեն խաղալիքի մի մասնիկը կուլ էր տվել», «Երեխան խաղալիքը մտցրել էր ականջը, քիթը», «Այնքան բարձր է խաղալիքի ձայնը, որ ողջ ընտանիքով գլխացավ ենք ունենում». հաճախ ծնողները խաղալիքների հետ կապված նման դժգոհություններ են ունենում:

Aravot.am-ը «Մասնագիտությունը մայրիկ» շարքի շրջանակներում ներկայացնում է մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին ընտրել անվտանգ և երեխայի տարիքին ու նախասիրություններին համապատասխան խաղալիք: Առաջին հերթին պետք է ընտրել անվտանգ խաղալիք, իսկ առաջին նախապայմանը խաղալիքի` անվտանգության չափանիշներին համապատասխանության սերտիֆիկատի առկայությունն է:

Այնուհետև մյուս կարևոր պայմանն այն է, որ խաղալիք ընտրելիս այն երեխայի տարիքին համապատասխանի: Օրինակ՝ մինչև 3 տարեկան երեխաների խաղալիքները պետք է չունենան սուր ծայրեր և կազմված չլինեն չափազանց փոքր մասնիկներից, որոնք երեխան կարող է կուլ տալ խաղի ընթացքում:

Aravot.am-ի հետ զրույցում «Մանկան» ընկերության մենեջեր Մարինե Շառյան: Նա նշեց, որ երբեմն ծնողներն ընտրում են խաղալիքի ոչ ճիշտ տարիքային սահմանը, ոչ իրենց երեխայի տարիքի համար նախատեսված խաղալիքներ ու հետո դժգոհում են խաղալիքի որակից. «Դա բնական է, քանի որ իրենք իրենց երեխայի տարիքին ոչ համապատասխան խաղալիք են գնել, և այն չի աշխատում, չի օգտագործվում ճիշտ: Մյուս կարևոր պայմանն է այն, որ խաղալիքը ընտրվի ըստ երեխայի նախասիրությունների: Օրինակ, եթե երեխան ակտիվ է, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ խաղալիք է պետք գնել նրա համար: Եթե սիրում է կառուցողական, ուսուցողական, տրամաբանության հետ կապված խաղեր, բնականաբար այդ տիպի խաղալիքներ ենք խորհուրդ տրվում»:

Մեր զրուցակիցը նաև առանձին անդրադարձավ, թե ինչ տեսակի խաղալիքներ է անհրաժեշտ գնել մանկահասակ երեխաների համար. «Մանկահասակ երեխաների համար խաղալիքը շատ ճչացող, վառ գույներ չպետք է ունենա: Երաժշտությունն ավելի հանգիստ ու ցածր, պետք է լինի, մանավանդ, եթե դա վերաբերում է մինչև մեկ տարեկան երեխաներին»:

Մարինե Շառյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ չափանիշներ կան խաղալիքների արտադրության ոլորտում: Նա նշեց, որ կախված խաղալիքի նյութից, գոյություն ունեն տարբեր չափանիշներ ու մանրամասնեց. «Փայտն ունի իր չափորոշիչները: Օրինակ՝ ներկերը պետք է լինեն ավելի կայուն, որ շփումից դուրս չգան, պլաստմասան իր չափորոշիչներն ունի, երաժշտական խաղալիքները՝ իրենցը, տիկնիկների մազերը չպետք է պոկվեն, փափուկ խաղալիքներն ընդհանրապես մինչև երեք տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում»:

Իսկ թե խաղալիքների արտադրության ոլորտում ներկայումս աշխարհում ի՞նչ միտումներ կան, Մարինե Շառյանը պատասխանեց. «Շատ են հերոսների կերպարները: Ամեն ընկերություն ինչ-որ հերոս է արտադրում,  դրա վերաբերյալ սկսում է ֆիլմ, մուլտֆիլմ նկարել, այն դառնում է ակտուալ, բնականաբար սկսվում է արտադրությունը դրա հերոսների, ինչը ծնողներին երբեմն դժվարին ֆինանսական վիճակի մեջ է դնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930