Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու պատմական կենտրոնը դյութել է Արմեն Սարգսյանի հետ շրջող իտալացի ճարտարապետներին

Հունիս 11,2019 21:21

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայաստանում  Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան  պարոն Վինչենցո Դել Մոնակոյի, Գյումրիում հայ-իտալական բիզնես համաժողովի մասնակցող Իտալիայի  տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջել է Գյումրու պատմական հատվածներով ու ցուցադրել այս քաղաքի գեղեցկությունը։ Նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրին շատ է ոգևորել հյուրերին․ նրանք տպավորված են և՛ քաղաքով, և՛ մարդկանցով։

Նա լրագրողների հետ զրույցում իտալացիների հետ շրջայց կատարելու նպատակը պարզաբանեց հետևյալ կերպ․ «Վերադարձնել կյանքը Գյումրի, նորից Գյումրին լցնել կյանքով, և իհարկե, պաշտպանել Գյումրիի ժառանգությունը՝ և՛ մշակութային, և՛ արվեստի, և վերակենդանացնել, որպեսզի մեր հայրենակիցները և օտարերկրյա տուրիստները շատ այցելեն։ Եվ դրա համար շատ էական է Գյումրիի կապն աշխարհի հետ։

Սա ՅՈՒՆԵՍԿՕ-Ի հետ կապ չունի,  դա առանձին պրոցես է, մենք նախևառաջ Հայաստանում պետք է ընդունենք օրենքներ, որոնք պահպանում են և պաշտպանում են Գյումրիի կենտրոնը՝ որպես ազգային-մշակութային ժառանգություն, հետո դիմենք  ՅՈՒՆԵՍԿՕ-ին,որովհետև եթե ինքներս չենք պաշտպանում, ինչպես ուրիշները պաշտպանեն,ՄԱԿ-ը ինչպես պաշտպանի։ Այս այցելությունը կապված է նույն գաղափարի հետ։

Ես ամիսներ առաջ Իտալիայում էի և հանդիպեցի այնտեղ Իտալիայի շինարարների և ճարտարապետների միության հետ, որը հսկայական կազմակերպություն է, միլիարդավոր դոլարների շինարարություն են անում և հետո որոշեցինք, որ ես իրենց հրավիրեմ այստեղ գան։ Եվ հիմա մարդիկ եկել են, Իտալիայի ամենամեծ շինարարական-ճարտարապետական ընկերությունների ներկայացուցիչներ, շատ մեծ խումբ են և գաղափարը հետևյալն է, որ իրենց հետ համատեղ Գյումրիի մի մասը վերանորոգվի, այսինքն և՛ իրենց փողով, և՛ եվրոպական դրամով։ Եվ ընդհանրապես իրենց նաև կապենք Գյումրիի հետ, ինչո՞ւ իտալացիները, շատ պարզ պատճառով, Իտալիան այն երկրներից մեկն է, որը հսկայական ժառանգություն, պատմություն ունի, և իտալացիները գիտեն մշակույթ պահելը և գնահատելը, հետևաբար այն, ինչ-որ մենք ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակույթի կենտրոն Հայաստանում, այդ իմաստով իրենց այցելությունը շատ կարևոր է, իսկապես սրանք հսկա ընկերություններ են։ Եվ ես շատ ուրախ եմ ասելու, որ միասին ենք հիմա և իրենց տպավորությունը, որ ինձ են հայտնում, շատ դրական է։ Եվ ծրագրում ենք, որ առաջին այցելությունից հետո արդեն աշխատանքային խմբով կգան և կնայենք, թե ինչ կարող ենք միասին անել Գյումրիում»։

Նախագահն ասաց, որ ինքը իր տեղում փորձում է հնարավոր ամեն ինչ անել հանրությանը ոգևորել, որպեսզի բոլոր գյումրեցիները, այդ թվում հայրենիքից դուրս ապրողները վերադառնան տուն, եթե անգամ չեն գալիս ապրելու, գան իրենց տունը վերանորոգելու։ Ըստ նախագահի, Գյումրուն կենդանություն տալու համար պետք է ոգևորել ցանկացած հայի, ոչ միայն գյումրեցիներին։

«Գյումրին մեր տունն է, եկեք կառուցենք այդ տունը, կենդանություն տանք, պետք է ոգևորել նաև օտարներին, սա ունիկալ, յուրօրինակ քաղաք է, Եվրոպայում շատ տեղ չկա, որ այսպիսի գեղեցիկ պատմություն և լավ մարդիկ ունեցող քաղաք լինի, որը մոռացված է, մոռացված գանձ է Գյումրին»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Նախագահը հյուրերի հետ եղավ նաև Գյումրու ժամանակակից արվեստների «Ստիլ» պատկերասրահում՝ մասնակցելով «Իտալիա. (Ան)տեսանելի պատմվածքներ» ցուցահանդեսի բացմանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Որոշ լուսանկարներ՝ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930