Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան. «Հույս ունեմ վերջին փոփոխությունները կվերացնեն լարվածությունը Արցախի եւ ՀՀ-ի ղեկավարությունների միջեւ»

Հունիս 11,2019 19:07

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր Արցախի նախագահի հրամանագրով տեղի ունեցած մի շարք պաշտոնանկություններին: Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Լեւոն Մնացականյանը, որը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Արցախի ոստիկանության պետի պաշտոնին: Սակայն Բալասանյանին որեւէ պաշտոնին չեն նշանակել:

«Ինչպես հայտնի է, Վիտալի Բալասանյանը վաղուց է ցանկություն հայտնել ակտիվորեն մասնակցել  Արցախի քաղաքական կյանքին՝ կապված 2020-ին Արցախում կայանալիք նախագահի ընտրություններին: Բնական է, զբաղեցնելով քաղաքական նման բարձր պաշտոն՝ մեր երկրի անվտանգության հարցերով, նա չէր կարող լիարժեք իրականացնել իր ծառայողական պարտականությունները եւ միաժամանակ զբաղվել քաղաքական գործունեությամբ»,-մեզ հետ զրույցում Բալասանյանին՝ պաշտոնից ազատելու մասին ասաց Կարեն Օհանջանյանը:

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Բալասանյանին պաշտոնից ազատելը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով: Այս առնչությամբ Օհանջանյանն ասաց. «Ես չունեմ տեղեկություններ, որ Հայաստանի վարչապետի ճնշման արդյունքում է Արցախի նախագահը նման որոշում կայացրել: Ես հակված եմ կարծել, որ Ղարաբաղի իշխանության վերնախավում փոփոխությունները նույնպես թելադրված են Ղարաբաղի իշխանությունների ձգտումներով՝ ներդաշնակեցնել մեր երկու պետությունների իշխանությունների փոխհարաբերությունները»:

Օհանջանյանն ասաց, որ հույս ունի վերջին փոփոխությունները կվերացնեն լարվածությունը Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունների միջեւ:

«Ես կցանկանայի կոչ անել բոլոր պետական այրերին՝ հանուն մեր ընդհանուր շահերի, ցուցաբերել զսպվածություն եւ ընդգծված պատրաստակամություն՝ խորացնելու միմյանց միջեւ փոխըմբռնումը: Հայաստանի եւ Արցախի իշխանություններին քննադատելու սիրահարներին ուզում եմ հիշեցնել՝ նրանք ընտրվել են մեր քաղաքացիների ձայների բացարձակ մեծամասնությամբ, եւ նրանց տվել են երկրի կառավարման մանդատը: Ես չեմ հասկանում բոլոր նրանց, որոնք ցանկանում են Հայաստանի եւ Արցախի կառավարությունների անկումը: Մի՛ մոռացեք, որ մեր ամենամեծ ձեռքբերումը մեր անկոտրում միասնությունն է՝ հանուն մեր ժողովրդի իդեալների: Եկեք հարգենք եւ հպարտանանք Հայաստանի ղեկավարությամբ, քանի որ հարգելով ղեկավարին, դու հարգում ես այն քաղաքացիների ընտրությունը, որոնք տվել են նրան այդ մանդատը: Իսկ նրանք, որոնք Նիկոլ Փաշինյանին տվել են մանդատ, նրանք բացարձակ եւ տպավորիչ մեծամասնությունն են մեր ժողովրդի: Նույնը նաեւ՝ Արցախում: Հարգենք մեր ժողովրդի ընտրությունը եւ պետք չէ շահարկել այս կամ այն պաշտոնանկությունը: Օրակարգում մեր երկու պետությունների ղեկավարությունների փոխհարաբերություններն են, եւ փոխադարձ հարգանքի հարցերը դեռեւս չեն սպառել իրենց կարեւորությունը: Պետք չէ ստեղծել արհեստական խնդիրներ, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել մեր հարաբերությունների ամբողջ համակարգին, ներառյալ՝ անվտանգության խնդիրները: Ուզում եմ կրկնել՝ կա անհրաժեշտություն Հայաստանի եւ Արցախի ղեկավարների լայնաֆորմատ հանդիպման՝ բոլոր չլուծված խնդիրների կարգավորման համար»,-ասաց Կարեն Օհանջանյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930