Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում, ինչպես Իտալիայի պատմական քաղաքներում․ Իտալիայի դեսպանի տպավորությունները

Հունիս 11,2019 18:20

Հայաստանում անցկացվող հայ-իտալական  բիզնես համաժողովն այսօր շարունակվեց Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում։ Համաժողովի՝ իտալական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Գյումրի էր ժամանել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան   պարոն Վինչենցո Դել Մոնակոյի  գլխավորությամբ։

Ինչպես նշեց դեսպանը, պատվիրակության կազմում է Իտալիայի առևտրի վարչության պետը, որի նստավայրը, թեև Մոսկվան է համարվում, սակայն նա լուրջ կապեր ունի նաև Հայաստանի հետ։ Եկել էին նաև Իտալիայի ճարտարապետական ոլորտը ներկայացնող հեղինակավոր ընկերության ու Իտալիայի շինարարների միության ներկայացուցիչներ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջույնի խոսքում իր ուրախությունը հայտնեց առ այն, որ հնարավորություն է ստեղծվել  աշխատանքային հանդիպում  ու  նաև տարբեր քննարկումներ ունենալ Իտալիայի տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց․ «Բարով եք եկել Գյումրի, այսօր մեծ հետարքրքություն կա Գյումրու նկատմամբ՝ որպես պատմական քաղաքի, ողջունում եմ ձեզ ոչ միայն իմ անունից, այլ գյումրեցիների անունից։  Եկեք Գյումրի,  կատարեք ներդրումներ, որովհետև այսօր ձեր շրջայցի ընթացքում  դուք կհամոզվեք, թե ինչպիսի քաղաքում եք։ Ես գիտեմ, որ այստեղ տարբեր մասնագետներ, տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ կան, ես գիտեմ, որ ունեք տարբեր հետաքրքրություններ՝ կապված թափոնների վերամշակման, տրանսպորտի, էներգետիկայի և ամենակարևորը քաղաքաշինության հետ։

Վստահաբար ասեմ, որ մենք՝ քաղաքային իշխանությունը, կանգնած կլինենք ձեր կողքին, եթե, իհարկե, դուք հետագայում ունենաք ծրագրեր։ Պարոն դեսպան, մենք շատ ենք խոսել իրար հետ՝ կապված մեր քաղաքի պատմական արժեքների հետ, որ ունենք «Կումայրի արգելոց թանգարան»։

Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան   պարոն Վինչենցո Դել Մոնակոնն էլ գյումրեցիներին շոյող ելույթ ունեցավ։

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Գյումրիի նկատմամբ , այն համարում եմ իմ երկրորդ նստավայրը Հայաստանում ՝ Երևանից հետո։ Ինչպես գիտեք իմ անձնական վերաբերմունքից, նաև պատմական, մշակութային տեսանկյունից Գյումրին ինձ շատ է հիշեցնում այն քաղաքների մշակութային շերտերը, որոնք ես գիտեմ Իտալիայում։ Մի քաղաք, որն ունեցել է փառահեղ անցյալ ՝ բոլոր տեսակետներից և շատ բան է արել և շատ բան է անում Հայաստանի համար։ Մի քաղաք, որը շատ դժվարություններ է տեսել իր պատմության ընթացքում, բայց այդ դժվարությունները չեն կարողացել խեղաթյուրել այդ քաղաքի դեմքը, այն դրական էներգիան, որ միշտ հորդում է այս քաղաքից։

Այսպիսի մի մոտեցում կա, երբ ասում են գնում ենք Գյումրի, տեսնում ենք Գյումրին, նշանակում է, տեսնում ենք նաև ամբողջ Հայաստանը։ Մենք Գյումրի գալիս ենք հաճույքով և մեր Գյումրի գալու նպատակը, միտումները ոչ միայն մշակութային են, քաղաքական, այլ տնտեսական նկատառումներ ունենք այստեղ՝ Գյումրիում իրականացնելու։ Ձեր հաղորդումները, ձեր մոտեցումներ, կարծիքները, ձեր ուղերձը իսկապես լուրջ ընդունել ենք և այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք պատվիրակության հետ Գյումրիում։ Ինչպես տեսնում եք լուրջ առաքելությամբ և մեծ պատվիրակությամբ ենք այստեղ»։

Ըստ դեսպանի, Գյումրին այն քաղաքն է, որը կհետաքրքրի իտալացի գործարարներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930