Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. «Արցախում եթե Փաշինյանին ընդդիմացող կա, դա Բալասանյանը չէ, այլ Բակո Սահակյանն է»

Հունիս 11,2019 17:52

Արցախի հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը չի կարծում, թե Վիտալի Բալասանյանի՝ Արցախի հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատումը Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով է եղել, ինչպես որ գրում է հայաստանյան մամուլը:

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում մի շարք պաշտոնանկություններ են եղել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանի, եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Լեւոն Մնացականյանը: Սահակյանի մեկ այլ հրամանագրով Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետի պաշտոնին: Սակայն Բալասանյանին որեւէ պաշտոնի չեն նշանակել: Բալասանյանը պատրաստվում է մասնակցել Արցախի նախագահի ընտրություններին, նա հայտարարել է նաեւ նոր շարժում հիմնելու մասին:

Aravot.am-ի հետ զրույցում Խանումյանն անդրադառնալով Բալասանյանի պաշտոնանկությանը եւ Փաշինյանի հնարավոր պարտադրանքին, ասաց. «Ես չունեմ նման տեղեկություն, եւ նման բաներ չկան: Իմ տեղեկություններով՝ Բալասանյանի հեռանալը ծրագրավորված էր: Նա գրասենյակ է բացել եւ հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահի ընտրություններին: Եվ նորմալ է, փաստորեն հրաժեշտ տվեց»:

Մեր դիտարկմանը՝ եթե ծրագրված էր, ապա ինչո՞ւ ինքը հրաժարականի դիմումը չգրեց, այլ նրան ազատեցին պաշտոնից, Խանումյանը պատասխանեց. «Հրամանագրին ծանոթ չեմ՝ ի՞ր ցանկությամբ է եղել, թե՝ ոչ»:

Արդյոք այս պաշտոնանկության պատճառը Բալասանյանի՝ ՀՀ վարչապետի մասին կոշտ հայտարարություններն էին, եւ, ըստ մամուլի, իբրեւ թե Բալասանյանը խանգարում է հեղափոխությունը հասցնել Արցախ: Այս առնչությամբ էլ Խանումյանն ասաց. «Շատ եք բարդացնում, ես չեմ կարծում, որ Արցախում Փաշինյանին ընդդիմացողը Վիտալի Բալասանյանն էր: Բալասանյանն իր բնավորության համաձայն՝ հրապարակային մի քանի հայտարարություններ է արել, որոնք ես անձամբ ճիշտ չեմ համարում եւ գտնում եմ, որ տեղին չէին: Բայց պարզ է, որ Արցախում եթե ընդդիմացող կա Փաշինյանին, դա Բալասանյանը չէ, այլ Բակո Սահակյանն է իր նեղ շրջապատով: Բալասանյանը Բակո Սահակյանի շրջապատում միշտ օտար է եղել: Բակո Սահակյանի շրջապատի մաս դառնալով՝ Բալասանյանը կորցրել է իր վստահությունը բնակչության մի լայն շրջանակի մոտ: Բալասանյանը դեռ 2016 թվին սխալ արեց ստանձնելով ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ դառնալով Բակո Սահակյանի թիմակից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930