Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր տուգանքներ են սահմանվում՝ աղբը չսահմանված տեղում թափելու համար. Աղբահանությունը վճարվելու է ըստ շենքի քմ-ի, կամ աղբի քաշի

Հունիս 11,2019 18:01

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում նա ասաց, որ առաջարկում է աղբահանության նոր սակագներ ու կարգեր սահմանել. «Ոչ բնակելի տարածքներում, այդ թվում՝ հասարակական եւ արտադրական շենքերում եւ շինություններում աղբահանության վճարը սահմանել՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ հետեւյալ դրույքաչափերով՝

1) առեւտրի, հանրային սննդի եւ բնակչության կենցաղային սպասարկման շենքերի եւ շինությունների մասով՝ 1 քմ մակերեսի համար՝ 50-ից մինչեւ 100 դրամ,

2) հյուրանոցների, հյուրանոցային ծառայություններ մատուցող եւ նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի եւ (կամ) շինությունների, առողջապահության համար նախատեսված շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների մասով` 1 քմ մակերեսի համար 30-70 դրամ,

3) արտադրական նպատակային նշանակության շենքերի եւ շինությունների մասով՝ 1 քմ մակերեսի համար` 20-50 դրամ,

4) վարչակառավարչական, ֆինանսական կազմակերպությունների, տարբեր տիպի գրասենյակների մասով՝ 1 քմ մակերեսի համար` 5-20 դրամ,

5) գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի եւ շինությունների, մշակութային, սպորտային եւ նմանատիպ այլ հասարակական շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ զորանոցների մասով` 1 քմ մակերեսի համար 3-15 դրամ:

Այլ գործունեություն իրականացնող շինությունների մասով՝ սահմանվելու է մեկ քմ-ի համար 10-30 դրամ:

Պապոյանն ասաց, որ իրավաբանական անձը կարող է նաեւ վճարում կատարել ոչ թե շինության մակերեսով, այլ՝ ըստ աղբի զանգվածի՝ 1 տոննա աղբի համար վճարելով 10 հազար դրամ: Պատիժներ են սահմանվում նաեւ աղբը չսահմանված վայրում թափելու համար: Իրավաբանական անձանց համար դա կազմելու է սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով, եթե մեկ տարվա ընթացքում կրկնեց՝ մինչեւ 200-ապատիկի չափով են տուգանելու:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հարցրեց՝ աղբի քանակը կարեւոր է՝ արդյոք մեկ պարկն ու հինգ մեքենա աղբը չսահմանված վայրում թափելու համար նույն չափով ենք պատժելու:

Պապոյանը պատասխանեց. «Եթե չափերի եւ քանակի մեջ տարբերություն կա, տուգանքի չափը կարող է տարբեր լինել, բայց, ըստ նրա, կարեւոր է նաեւ, թե որտեղ են թափում աղբը: Եթե պատմամշակութային հուշարձանի մոտ են թափում, դա կարող է նաեւ քրեորեն պատժելի արարք լինել, կամ, եթե ԱԺ-ի մոտ են թափում հինգ ավտո աղբ:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ինչպե՞ս կարող եք վարչական իրավախախտումներ դիտարկել սահմանված վայրից դուրս աղբ թափելու համար, նշանակում է ամբողջ Երեւանում մի 20 միլիոնի տուգանք պիտի նշանակեն, որովհետեւ աղբամաններից դուրս աղբ են թափում:

Պատգամավորները հիմնականում հետաքրքրվում էին, թե ոնց են կշռելու աղբը, հո կշեռքով չե՞ն չափելու, ո՞վ է կշռելու, կամ հարցնում էին՝ բա եթե շինարարական աղբի վրա կենցաղային աղբ լցնեն, ո՞նց են ապացուցելու, որ դա ավելի շատ շինարարական աղբ է, քան կենցաղային: Ի պատասխան՝ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ դա մշակույթ է, քաղաքացիները պետք է չխաբեն, որովհետեւ այդ պահին եթե չբռնվեն՝ կփրկվեն, բայց եթե բռնվեցին՝ «կփոշմանեն շատ, կլինեն տուգանքներ»:

Ինչ վերաբերում է աղբը կշռելուն, փոխնախարարն ասաց, որ դա աղբը թափող կազմակերպությունների խնդիրն է, իրենք կկշռեն պարկով: Տերտերյանը քաղաքակիրթ քաղաքների օրինակը բերեց. «Բրյուսելի ոչ մի տանտիկին պարկի մեջ չի գցի մի բան, որը կարող է ծորալ, որովհետեւ դա իր վրա կես ամսվա բյուջեն կարող է նստել»:

Քաղաքապետարանն առաջարկել է, որ ամրագրվի նախագծում, որ աղբահանության պայմանագիր պետք է կնքվի շենքի սեփականատիրոջ հետ: Պապոյանը չհամաձայնեց՝ ասելով, որ կարող է լինել շենք օգտագործող, իսկ սեփականատերը երկրում չլինի:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930