Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, հարցրեց՝ «Ինչո՞ւ նախարարը չի եկել՝ որպես հարակից զեկուցող, ունե՞ք տեղեկատվություն այդ մասին»:
Փոխնախարարը պատասխանեց, որ որպես հարակից զեկուցող՝ կառավարության ներկայացուցիչ «ներկայացված եմ ես, հետեւաբար նախարարի գալու անհրաժեշտությունը չեմ տեսնում, սա՝ մեկ: Երկրորդը՝ նախարարը զուգահեռաբար ԱԺ մեկ այլ նիստում զեկուցում է 2018 թվականի պետական բյուջեի հաշվետվության համապատասխան մասը»:
Մխիթար Հայրապետյանն արձագանքեց. «Երկրորդ մասի հետ կապված չգիտեմ, դրա համար հարցրեցի, որ տեղեկատվություն տաք, առաջին մասի հետ կապված՝ կներեք, դուք չպիտի տեսնեք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Ես ձեզ ուզում եմ հիշեցնել՝ սա խորհրդարանական երկիր է: Որպես հարակից զեկուցող եթե նախարարը ֆիզիկապես կարող է գալ, պիտի գա: Ափսոսում եմ, որ նման մոտեցում եք հիմա ցուցաբերում թե՛ մեր, թե խորհրդարանի նկատմամբ: Սա առանցքային ու սկզբունքային հարց է խորհրդարանի համար»:
Ի պատասխան՝ փոխնախարարը ցույց տվեց փաստաթուղթը, որով ամրագրված էր, որ ինքն է կառավարության ներկայացուցիչը կոնկրետ այդ հարցի քննարկման ժամանակ ու ինքն է հարակից զեկուցող. «Ես հիմա կատարում եմ կառավարության հանձնարարականը: Առավելագույնը, որ ես կարող եմ կատարել, փոխանցեմ ձեր հորդորը կառավարությանը՝ ինձ ընձեռնված խողովակներով, որ խորհրդարանում ցանկանում են տեսնել գերատեսչության ղեկավարներին»:
Կարդացեք նաև
Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Հուսով եմ, իմ ուղերձը տեղ կհասնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ