Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչերը՝ հանեք գումարները բարձերի տակից, ներդրում արեք, չի նշանակում, որ հանեք բանկերից. Անդրանիկ Գրիգորյան

Հունիս 11,2019 16:17

Aravot.am–ն այսօր ասուլիսում հետաքրքրվեց՝ տնտեսական ոլորտի մասնագետները վերջին մի քանի տարիներին պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ ՀՀ բանկերում վարկերի ու ավանդների պորտֆելները մոտեցել են, ինչը նշանակում է, որ մարդիկ տնտեսությանը չեն վստահում եւ գումարը ոչ թե գործի մեջ են դնում, այլ՝ բանկում, բարձի տակ: Նոր կառավարությունը կոչ է անում հանել բարձի տակից ու ներդրումներ անել, ի՞նչ միտում եք նկատել վերջին մեկ տարում, ավանդները նվազե՞լ են:

Ի պատասխան Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ասաց՝ կոչերը, որ հանեք բարձերի տակից, ներդրում արեք, չի նշանակում, որ հանեք բանկերից. «Եթե բանկում է, ուրեմն բարձի տակից հանած է: Եթե ավանդը եկել է բանկ, նշանակում է այդ ավանդը դարձել է վարկ եւ ներդրվել է տնտեսությունում: Կարող է ներդրվել որպես կապիտալ ներդրում, կարող է լինել, որպես աշխատանքային կամ շրջանառու միջոց՝ որոշակի բիզնեսի կամ կազմակերպության համար, այսինքն՝ արդեն իսկ ինքը բանկից դուրս է եկել»:

Ըստ Անդրանիկ Գրիգորյանի, վարկ-ավանդ հարաբերակցության միտումը շարունակում է մնալ նույնը. «Այն տատանվում է մեկ ու մեկի մոտ: Հիմա, ամիս կլինի 1,08, ամիս կլինի՝ 1,18, բայց, տենդենցը, մոտավորապես, նույնն է»:

 

Այսօր Անդրանիկ Գրիգորյանը ասուլիս էր հրավիրել՝ Ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու: ԿԲ մասնագետն ասաց, որ Ֆինանսական միջնորդությունը խորացել է՝ հիմնականում առեւտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ: Ասաց նաեւ, որ տնտեսական աճի պայմաններում բանկերը շարունակել են ցուցաբերել վարկային եւ ներդրումային ակտիվություն՝ զուգահեռ թուլացնելով վարկավորման պայմանները: Ըստ պարոն Գրիգորյանի, վարկավորման աճին նպաստել է նաեւ տարվա ընթացքում մեղմ դրամավարկային պայմանների պահպանումը:

«Գործընկեր երկրներում մակրոտնտեսական զարգացումները եւ աճող անորոշությունները դեռեւս անբարենպաստ են ՀՀ արտահանման ու գործոնային եկամուտների միտումների համար»,-նշեց Անդրանիկ Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքների համաձայն՝ ՀՀ բանկային համակարգը բավարար իրացվելի եւ կապիտալացված է, ունակ կլանելու ռիսկերից բխող հավանական կորուստները եւ ապահովելու բանկային գործունեության անընդհատությունը:

Հարցին՝ Կենտրոնական բանկը չի՞ պատրաստվում վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, պարոն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ այդ հանգամանքը պետք չէ կապել բանկային զարգացման ու ֆինանսական կայունության հետ. «Դա Կենտրոնական բանկի քաղաքականության գործիք է, որը, կարճաժամկետ փողի գին է որոշում, իսկ բանկային համակարգի զարգացումը, հաստատ, ամենաքիչն է կախված վերաֆինանսավորման տոկոսադրույքից: Դրանք բավական շատ գործոններ են»:

Անդրանիկ Գրիգորյանի խոսքով, ֆինանսական գրագիտությունը նպաստում է ֆինանսական գործիքների զարգացմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930