Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես վատով չասեցի, լավով ասեցի». Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Հունիս 11,2019 16:08

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն կատարել եւ կինոյի օր ամրագրել: Նա առաջարկում էր ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Կառավարությունը հորդորել էր ձեռնպահ մնալ այդ առաջարկից, որովհետեւ ապրիլի 16-ը ոստիկանության օրն է՝ կառավարության որոշմամբ: Նաեւ կառավարությունը նշել է, որ դեկտեմբերի 28-ը Կինոյի օր է:

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարության փաստարկների հետ համաձայն չէ, դեկտեմբերի 28-ին չի հիշում, որ երբեւէ ՀՀ-ում կինոյի օր են նշել. «Հայաստանի կինոգործիչների լայն համայնքի հետ հանդիպումից հետո ես այստեղ միջնորդ օղակ եմ: Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել իմ ներկայացրած նախագծին, ու շնորհակալ եմ հանձնաժողովին՝ կառավարության դիրքորոշումից տարբեր եզրակացություն տալու համար: Կարող են լինել հանձնաժողովներ, ովքեր չեն դակում կառավարության որոշումները»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը հակադարձեց՝ ասելով. «Տիկին Զոհրաբյան, ասենք, հանձնաժողովը որ կառավարութան որոշումները դակում է, տարօրինակ բան չկա, որ ԱԺ մեծամասնությունը 90 տոկոս դեպքերում համաձայնում է իր նշանակած կառավարության որոշումների հետ, որովհետեւ նույն քաղաքականությունն ենք վարում, խնդրում եմ, անընդհատ մի շեշտեք էլի էդ հանգամանքը»:

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես վատով չասեցի, լավով ասեցի, ընդամենն ուզեցի արձանագրել, որ այստեղ քննարկումները ձանձրալի չեն անցնում»:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ ինքը ձեռնպահ է քվեարկել առաջին ընթերցմանը, այսօր էլ ձեռնպահ է քվեարկելու, բայց ոչ նրա համար, որ կառավարության որոշումն է հաշվի առնում, այլ՝ նման դիրքորոշում ունի:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Զոհրաբյանին հարցրեց՝ «Հնչեց տեսակետ, որ կարելի է ոչ թե առանձնացնել կինոն, ունենալ Կինոյի օր, այլ թատրոնի օրը միավորել ու ունենալ Կինոյի եւ թատրոնի օր միաժամանակ»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են թատերական գործիչների հետ, նրանք որեւէ առնչություն չեն տեսնում ապրիլի 16-ը թատրոնի օր նաեւ նշելու համար: Կինոյի համար հիմք է ընդունվում այն, որ առաջին հայ կինոն ստեղծվել է ապրիլի 16-ին, թատրոնի դեպքում առնչություն չկա այդ օրվա հետ:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ 3 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930