Այսօր նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը չկայացավ, քանի որ նրա պաշտպանը մեկնել է Ռուսաստան:
Պաշտպանը դատարանին գրությամբ միջնորդել էր դատական նիստը հետաձգել, սակայն դատական նիստին ներկայացել էր մեղադրող դատախազը եւ այդ գործով տուժող Զորիկ Մարտիրոսյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին, ժամը 14.00-ին:
Տուժող Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ դեպքի պահին տեսել է Երանոսյանին. «Հետո ինտերնետով ուսումնասիրելով տեսա, որ իր կողմից եկավ էդ «Զարյա»-ն, բայց որ ասեմ՝ ռեալ դեմքը ֆիքսել եմ… Հետո տունը, որ չէի կարում քայլել, ուսումնասիրեցի, ջոկեցի, որ ինքն էր»:
Կարդացեք նաև
Մարտիրոսյանի խոսքով. «Անհարմար տեղում բեկորային վնասվածք եմ ստացել, վերքս չէր լավանում»:
Երանոսյանին առաջադրած մեղադրանքի մասին էլ Մարտիրոսյանն ասաց՝ միայն Երանոսյանին չպետք է պատասխանատվության ենթարկեն. «Բոլոր նրանց, ովքեր էս ազգը քերել են, քերում են մինչեւ հիմա»:
Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի, 2018 թվականի ապրիլին Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ