«Ռուսաստանը կարեւոր եւ նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում`հենվելով նաեւ ՀՀ-ի հետ իր ունեցած ռազմավարական գործընկերության, Ադրբեջանի հետ իր գործընկերային հարաբերությունների վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե ՌԴ-ն կարող է կանխել հակամարտության լարումը, դեսպանն ասաց, որ ՌԴ-ն գործում է Մինսկի խմբի ձեւաչափում եւ անում ամենը`էսկալացիան թույլ չտալու համար. «Այստեղ Ռուսաստանի դերին պետք է հավասարակշռված մոտենալ: Այն, իհարկե, նշանակալից է, ակտիվ, բայց չի կարող փոխարինել երկու կողմերի գործողություններին»:
Դեսպանը նաեւ շարունակեց. «Բանակցային գործընթացի կարգավորման համար ձեռնարկում ենք այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կարող ենք: Բայց պարզ է, որ այս հարցի վերջնական որոշումը հակամարտության կողմերի որոշումն է: Այն մեխանիզմները, որ մենք ունենք, գործարկում ենք, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երեւի այդքան էլ ճիշտ չէ»:
Անդրադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք պետք է ապահովեն վերահսկողության մեխանիզմները սահմանին, Սերգեյ Կոպիրկինն ասաց` է, որ այդ հարցերը ակտիվորեն քննարկվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ կազմում. «Ես չեմ ցանկանում խորասուզվել այդ հարցի մեջ: Ուղիղ ասեմ, որպես ՀՀ-ում դեսպան, ես այս քննարկումներին տեղեկացված չեմ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ