Սույն թվականի հունիսի 7-ին մեր կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ընտրվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգայի պլատֆորմի համակարգող` այդ պաշտոնում փոխարինելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:
Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը (հետայսու` նաև ԱլԳ ՔՀՖ) նպատակ ունի հզորացնելու քաղհասարակությունը Արևելյան գործընկեր պետություններում, ինչպես նաև ամրապնդելու համագործակցությունը և փորձի փոխանակումը գործընկեր և ԵՄ անդամ պետությունների քաղհասարակության կազմակերպությունների միջև:
ԱլԳ ՔՀՖ-ի առաքելությունն է մեծացնել քաղհասարակության փորձագիտական ակտիվ ներուժի ներգրավումը Արևելյան գործընկերության ոլորտում, ինչպես նաև ԵՄ-ի արտաքին հարաբերությունների արևելյան չափման մեջ: Ի լրումն սրա` այն նպատակ ունի հզորացնելու մասնակցային կառավարումը և քաղաքականության հաշվետու մշակումը Արևելյան գործընկերության անցումային ժողովրդավարության և եվրոպական ինտեգրացիայի հարցերում:
Ազգային մակարդակում ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմը, որին անդամակցում են քաղհասարակության 260-ից ավելի կազմակերպություններ, նպատակ ունի ամրապնդելու հանրային դիսկուրսի և քաղաքականության մշակման բազմազանությունը և բազմակարծությունը Արևելյան գործընկերության անդամ պետություններում` կառավարություններին հաշվետու դարձնելով և խթանելով հիմնարար իրավունքները, մասնակցային ժողովրդավարությունը և մարդու իրավունքները:
Իր թեկնածությունը ներկայացնելիս Լուսինե Հակոբյանը շեշտեց, որ իր գործունեության ընթացքում կարևորելու է դատաիրավական բարեփոխումների ոլորտը և դատական համակարգի անկախացմանն ուղղված միջոցառումները և ջանք չի խնայելու այդ ոլորտում քաղհասարակության ներուժը միավորելու և իշխանությանը քաղհասարակության ձայնը լսելի դարձնելու հարցում:
Կարդացեք նաև
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ