Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի եզրափակիչն անցնելու է շատ բարձր մակարդակով, քանի որ մասնակիցները պրոֆեսիոնալ և ինքնատիպ երաժիշտներ են: Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելի կարծիքն է: Այս տարի դաշնամուր մասնագիտությամբ անցկացվող մրցույթի ժյուրիի անդամը տպավորված է միջազգային ստուգատեսից:
«Խաչատրյանի մրցույթը շատ լավ է կազմակերպված: Մարդիկ մեծ պատասխանատվությամբ են մոտեցել մրցույթին, ինչը հիանալի է: Շատ օտարերկրյա դաշնակահարներ նվագում են հայկական երաժշտություն, ինչը ևս ինձ շատ դուր է գալիս: Դա նրանց համար կարծես առանձնահատուկ մի բան լինի: Մյուս կողմից էլ՝ լավ է հայկական մշակույթի համար, քանի որ այդ դաշնակահարները հանրահռչակում են հայ մշակույթը: Կարծում եմ՝ մրցույթի եզրափակիչը շատ բարձր մակարդակով է անցնելու: Այդ ամենն արդեն պարզ դարձավ մրցութային փուլերից»,-նշում է Իլյա Ստուպելը:
Իլյա Ստուպելը իր սերնդի մեծագույն դիրիժորներից է: Մեծացել է մի ընտանիքում, որն իր հարուստ երաժշտական ավանդույթները պահպանել ու փոխանցել է մի քանի սերունդ շարունակ: Սկսել է դաշնամուր նվագել երեք տարեկանից, իսկ Վիլնյուսի կոնսերվատորիա ընդունվելիս արդեն հայտնի էր որպես հրաշամանուկ:
Ասում է՝ երկրորդ անգամ է Հայաստանում: «Վերջերս եկել էի՝ հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, Սեն Սանսի սիմֆոնիան ներկայացրինք: Ես սիրահարվեցի Հայաստանին: Ֆանտաստիկ երկիր է, առաջին հերթին՝ այստեղ ապրում են ֆանտաստիկ մարդիկ: Ինձ շատ են դուր գալիս հայերը և նրանց մոտեցումը կյանքին ու արվեստին: Հայերը շատ կարևորում են իրենց ավանդույթները, ինչը հիանալի է»,- ընդգծում է խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը:
Կարդացեք նաև
Ի դեպ, Ստուպելը սերտ առնչություն ունի հայ երաժշտության հետ: Պատմում է, որ իր մայրն իրեն հայկական երգեր է սովորեցրել: «Երբ դեռ սովորում էի երաժշտական քոլեջում, դասընթացի համար երեք հայկական ժողովրդական երգ էի վերցրել և սյուիտ էի պատրաստել դաշնամուրի և նվագախմբի համար: Բոլորը շատ էին զարմացել, թե որտեղից գիտեմ հայկական երաժշտության մասին: Հայկական երաժշտությունը պարզապես հիանալի է»,- նշում է նա:
Իլյա Ստուպելը երաժշտական աշխարհում հայտնի է Ռուեդ Լանգգաարդի բոլոր 16 սիմֆոնիաների իր տպավորիչ ձայնագրություններով: Նրան շնորհվել է մրցանակ «Դասական երաժշտություն – հատուկ միջոցառումներ – սկանդինավյան երաժշտություն» անվանակարգում` Ռուեդ Լանգգաարդի բոլոր սիմֆոնիաների կատարման համար, Deutsche Schallplatten Kritik (Բեռլին) 1-ին մրցանակ` Նիկոլայ Մեդթների դաշնամուրի 1-3 կոնցերտների ձայնագրության համար:
Հունիսի 6-ից Հայաստանում անցկացվում է Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթը: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդ դաշնակահարները իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիի առջև։ Պրոֆեսիոնալ ժյուրին գնահատում է մասնակիցների ելույթները՝ ընտրելով նրանցից լավագույններին:
Մրցույթը կեզրափակվի գալա համերգով, որը տեղի կունենա հունիսի 14-ին:
Անի ՆԻԿՈՂՈՍՅԱՆ