Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի վերջին ռուսական ներդրումների ծավալը կազմել է 2 միլիարդ. ՀՀ-ում ՌԴ դեսպանն ամփոփում է հայ-ռուսական հարաբերությունների մեկ տարին

Հունիս 11,2019 13:34

Հայ ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են, բարձր մակարդակի վրա են եւ ռազմավարական բնույթ ունեն: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին մեկ տարին`Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետ:

Դեսպանը կարեւորեց, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով շփումները կանոնավոր կերպով շարունակվում են: Հիշեցրեց, որ վերջին անգամ երկու երկրների առաջնորդները հանդիպել են օրեր առաջ, Սանկտ Պետերբուրգում` միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Սերգեյ Կոպիրկինն անդրադարձավ նաեւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանին: Նրա գնահատմամբ`ակնհայտ է Հայաստանի կառավարության ձգտումը`իր նախագահությունն արժանի կերպով անցկացնելու: Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար, հոկտեմբերին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան։

Դեսպանը «շատ կարեւոր» բնութագրեց այն, որ անցած տարի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանն անմիջապես սկսել է կապեր հաստատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ եւ ակտիվորեն զարգացել են միջխորհրդարանական կապերը` աշխատանքային մակարդակում։

Դեսպան Կոպիրկինը նկատում է` Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերը։ Իր հայտարարությունն էլ այսպես է հիմնավորում. 2018 թվականին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով` հասնելով 2 միլիարդ դոլարի։ Դեկտեմբերի վերջին ռուսական ներդրումների ծավալը կազմել է 2 միլիարդ, իրական հատվածում մաքուր ներդրումների ծավալը` 125 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներում գործում են ռուսական ընկերություններ, որոնցից շատերն, ըստ դեսպանի, ընդգրկված են երկրի խոշորագույն հարկ վճարողների ցուցակում։

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում նաև Հայաստան մտնող մասնավոր փոխանցումների ծավալով։ Ըստ դեսպանի, 2018-ի տվյալներով` փոխանցումների հոսքը կազմել է ավելի քան 1 միլիարդ դոլար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930