Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը դեղ չի ընդունում, վիճակը վատանում է, պաշտպաններն ասում են՝ պետությունը խոշտանգում է. Վահե Դոլմազյան

Հունիս 11,2019 13:26

«Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, և կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը ենթակա է մերժման»,- այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում հայտարարեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները պահանջում են նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։

Նիստին ներկա էր նաև Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը: Նրա և դատախազների միջև վեճ ծավալվեց. նախագահող դատավորը հարց հնչեցրեց՝ դուք մի՞շտ եք ձեզ այսպես պահում նիստերին:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց՝ փաստական տվյալներ կան, որոնք հիմք են տալիս կասկածել Մանվել Գրիգորյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու առնչությամբ. «Արձանագրված փաստ կա, որ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով, ըստ էության, հարկադրում է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչ իր կողմից չի կատարվել։ Այդ փաստական տվյալներն առկա են գործի նյութերում»։ Մեղադրող դատախազն ասաց, որ պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ Մանվել Գրիգորյանն ունի 30 հիվանդություն, սակայն 10 հավելյալ հիվանդության մասին որևէ փորձագիտական տվյալ չկա. դա պաշտպանության կողմից ներկայացվող տեղեկություն է։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ մտահոգություն հայտնեց, որ գործի նյութերում բացակայում են մի շարք էպիկրիզներ:

Դատախազը շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, որ Մանվել Գրիգորյանը գիտակցված կամքի արդյունքում հրաժարվել է դեղորայք ստանալ. «Քանի որ Մանվել Գրիգորյանը չի ցանկացել մնալ դատապարտյալների հիվանդանոցում, նաև չի ընդունել այն բժշկական օգնությունը, որն անհրաժեշտ է նրա վիճակը պահելու համար: Այն, որ Մանվել Գրիգորյանը կտրականապես հրաժարվել է ընդունել դեղորայք, դա նրա վիճակը հանգեցրել է նրան, որն այսօր առկա է: Եվ նա իր վիճակի վատթարացման ռիսկերը այդ ժամանակ գիտակցել է: Եվ այսօր այդ ռիսկերը դնելով պետության և դատարանի առաջ, թե պետությունը խոշտանգում է Մանվել Գրիգորյանին, դա չհիմնավորված դիրքորոշում է: Մարդը դեղ չի ընդունում, վիճակը վատանում է, պաշտպաններն ասում են՝ պետությունը խոշտանգում է: Այս փաստերը չեն բխում այն փաստական տվյալներից, որոնք հիմք են հանդիսանում առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոցի հարցը քննարկելու համար: Այդ որոշումը օրինական է, և կարծում եմ՝ բողոքները ենթակա են մերժման»:

Դատախազը վստահեցրեց՝ պետությունը պարտավորություն չունի ամենաբարձրակարգ հիվանդանոցում ապահովելու դատապարտյալին:

Դառնալով ՄԻԵԴ որոշմանը՝ ասաց, որ այդ որոշմամբ արձանագրվել է, որ մեղադրյալն ունի առողջական խնդիրներ, և պետությունը պարտավոր է նրա նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնել, որն էլ այժմ կատարվում է:

Լևոն Բաղդասարյանն այս առիթով ասաց. «Մենք դիմել ենք ՄԻԵԴ անհապաղ միջոցներ ձեռնարկել Մանվել Գրիգորյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և տեղափոխել արտերկիր: ՀՀ կառավարությունը դիմեց ՄԻԵԴ, ասաց, որ քաղաքացիական հիվանդանոցում կարող են բուժել, ավելին` արտերկիր գնալու կարիք չկա: Արդյունքում երեք ամիս բուժվելուց հետո Մանվել Գրիգորյանին տարան դատապարտյալների հիվանդանոց: Դա էր պատճառը, որ կրկին դիմեցինք ՄԻԵԴ, և այնտեղից հրատապ արձագանքեցին՝ ասելով, որ առաջնահերթություն են տալիս գանգատին»:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն իրենց պահանջը հիմնավորելով, ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում չկան բուժման համար անհրաժեշտ պայմաններ, անգամ գլյուկոմետր չկա: Ու իրենք՝ պաշտպանները, կարծես թողած իրենց մասնագիտական գործունեությունը, սկսել են բարեգործությամբ զբաղվել, հիվանդ մարդուն օգնություն ցույց տալ:

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով բողոքի քննությունը ընդմիջվեց: Այն կշարունակվի հունիսի 17-ին՝ ժամը 16.30-ին:

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նաև Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի քրեական գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանին այսօր դարձյալ չէին ներկայացրել դատարան: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ այլ մասով քրեական գործ է հարուցվել, որով նախաքննություն է իրականացվում այս պահին, և նախաքննությունը չի ավարտվել: Այս հայտարարությունից հետո նախագահող դատավորը նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին՝ ժամը 12-ին:

 

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ.Մանվել Գրիգորյանի գործով այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր է ներկայացվել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը, որում մասնավորապես ասվում է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը եւ չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ինձ ներգրավել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ, որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»:

Լուսանկարում՝ Աշոտ Իսախանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930