Ադրբեջանի վարքագիծը հուշում է հակառակը: Բաքուն ավելորդ սադրանքներով չէր նպաստի սահմանի իրադրության լարմանը, եթե Երևան-Ստեփանակերտ հարաբերության, այսպես ասած, լարվածությունը ջուր լցներ իր ջրաղացին: Որովհետև այդ լարվածությունը, որ իրականում այլ բան չէ, քան պարզապես կարծիքների տարբերություն ներքին մի շարք հարցերի վերաբերյալ, որ կարող է ուղեկցվել առանձին խմբերի մանիպուլյատիվ փորձերով, լավ իմաստով ջուր է լցնում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Երևանի օրակարգին, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Պատահական չէ, որ երկու լարումները՝ Երևան-Ստեփանակերտ, և առաջնագծում Ադրբեջանի սադրիչ քայլերը, զուգադիպում են: Ադրբեջանը չունի այլ պատասխան, քան Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացման գործընթացը արգելակել ռազմական շանտաժով: Ավելի շուտ, դա պատասխան չէ, այլ ընդամենը փորձ, որովհետև ամեն ինչ կախված է Երևանի ու Ստեփանակերտի աշխատանքից, թե քաղաքական առումով ինչքան արդյունավետ կօգտագործեն Ադրբեջանի ռազմական շանտաժի վերադառնալու փորձը Ստեփանակերտի սուբյեկտության հարցն առավել ուժեղ շեշտադրելու համար: Մի փորձ, որ Ապրիլյան պատերազմից հետո արեց Սերժ Սարգսյանը, թողնելով սակայն կիսատ լեգիտիմության բացակայության պատճառով, քանի որ անմիջապես նրա դեմ գործի դրվեցին ներքին ոչ լեգիտիմության հետ կապված մի շարք գործոններ:
Այսինքն, եթե Բաքվի շանտաժի վերադարձի, այսպես ասած, առաջին քայլերը չստանան կոշտ և հատու պատասխան, ապա այդ վերադարձը կարող է տեղի ունենալ, քանի որ քաղաքական գործընթացում Ադրբեջանն ակնհայտորեն հայտնվել է բավականին խնդրահարույց վիճակում՝ Հայաստանում հեղափոխությունից հետո: Այդ համատեքստում, պաշտպանության նախարարության բարձրաձայնումը վրեժի հանձնարարության և դրա բարձր պարգևատրման մասին, զուտ ռազմական ասպեկտ չէ, որ ունի: Այն առաջին հերթին քաղաքական պատասխան է և բավականաչափ կոշտ ու հատու: Կարևոր է հենց այդ ասպեկտը, քանի որ ռազմական առումով երբեք կասկած չի եղել, չկա ու թերևս չի լինի, որ հայկական կողմն անպատիժ չի թողնի որևէ մարդասպան կրակոց: Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության համար մարդկային կյանքը արժեք չի ունեցել և չունի, ըստ այդմ՝ ռազմական շանտաժից և մարդասպանությունից Բաքվին հետ կարող է պահել ոչ թե մարդկային կորուստը՝ ամեն մի սպանության դիմաց, թեկուզ բազմակի մարդկային կորուստը, այլ քաղաքական և ռազմա-քաղաքական խնդիրները, որ Ադրբեջանը կարող է ունենալ: Երևանը այդ տիրույթում պետք է կապիտալիզացնի այն առավելությունը, որ ստացել է թավշյա հեղափոխությամբ: Մեծ հաշվով, Արցախի հարցում արդեն իսկ արված հարցադրումներով և նոր շեշտադրումներով Երևանը կատարել է կարևոր աշխատանք:
Հենց դա է նաև, որ Բաքվին դրել է փաստի առաջ՝ չկա թե՛ առաջ, թե՛ խոշոր հաշվով հետ՝ ռազմական դիվանագիտության վերադառնալու տարբերակ: Երկու դեպքում էլ Բաքուն ակնհայտորեն զուրկ է իր օրակարգի միջազգային աջակցությունից: Պատճառները բավականին լայն են և կախված են թե՛ հայկական կողմի առաջ քաշած նոր հարցադրումներից, թե՛ նաև միջազգային լայն գործընթացի տրամաբանությունից:
Այստեղ առանցքային է Ռուսաստանի դերը, ինչի առումով, իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցը հուսադրող չէր Բաքվի համար: Այնտեղ Փաշինյանի հայտարարությունները վկայեցին, որ Երևանը պահել է միջպետական հարաբերության և երկխոսության իր հետհեղափոխական դիրքը, ընդ որում՝ ստանալով որոշակի ընդառաջ արձագանք նաև Պուտինից: Պատճառներն այստեղ նույնպես բավականին խոր ու բազմաշերտ են: Դրան հաջորդում է Ադրբեջանի շանտաժը, որ Երևանն ուզում է տապալել բանակցությունն, ու պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա: Բաքուն այդ քայլին գնում է ոչ թե զուտ Երևանի, այլ միջազգային, այդ թվում՝ ռուսական մերժման պատճառով: Չի բացառվում նաև, որ ռուսական որոշ շրջանակների աջակցությամբ, որոնց համար արցախյան խնդրում ադրբեջանական շանտաժի առկայությունը շանտաժի հնարավորություն է այն արդեն ներռուսական հարաբերություններում կիրառելու համար:
Կարդացեք նաև
Իսկ այնտեղ դրանք իրապես թեժանում են և մտնում բավականին վճռորոշ փուլ, ինչի մասին են վկայում ներքին ավելի ու ավելի ընդգծվող բաժանարար գծերը՝ տարբեր գործերի առիթով՝ ուղղափառ եկեղեցիների կառուցման հանրային արգելակումից մինչև լրագրողների հետապնդում, ինչպես Իվան Գոլունովի դեպքը, որը կարող է բավականին ուշագրավ զարգացումներ խթանել ռուսական մեդիամիջավայրում: Գործնականում, Ռուսաստանում դանդաղ, սակայն անխուսափելի փոփոխության է գնում ստատուս-քվոն, որը ոչ միայն Հայաստանի հին համակարգի հենարանն էր, ոտքի տակի հողը, այլ նաև Ադրբեջանի «հավերժ» կամ «ցմահ» համակարգի: Այս իրավիճակում, պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունը պարունակում է բավականին ուշագրավ մեսիջ՝ սահմանի լարման քաղաքականության հիմնարար վերադարձի դեպքում, Բաքուն կարող է ստանալ Հայաստանում Արցախի սուբյեկտության ճանաչում: Եվ ոչ այնպես, ինչպես Երևանը նախկինում է հայտարարել՝ պատերազմի դեպքում, այլ կանխարգելիչ՝ պատերազմից առաջ, երբ դրանից հետո պատերազմի դեպքում արդեն Բաքուն պարզապես միջազգային կնիքով կլեգիտիմացնի Հայաստանի քայլը:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում