«Տարիներ շարունակ նպաստ տրամադրողները նույն գործելաոճն են շարունակում: Ոչինչ չի փոխվել այս մարդկանց կյանքում: Հիմա նաեւ բնամթերքով են փորձում հարց լուծել, ահազանգեր եմ ստանում, անգամ առաջարկում են այլ սենյակ անցնել՝ նպաստառուի հետ հարցը քննարկելու»,-2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին այսպիսի ահազանգ ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Բան չի փոխվել, ոչ մի նորարար միտք չտեսա նախարարությունում այս հարցում»,-դժգոհեց նա:
Սմբատ Սաիյանն այսպես արձագանքեց. «Նպաստ նշանակողները, որոնք, ձեր բնորոշմամբ, գումարից անցել են բնամթերքի, մարզային ենթակայության մարմիններն են եւ որոշ դեպքերում ենթակա են ՏԻՄ-ին: Տպավորություն չստեղծվի, թե հարցն ուզում եմ նախարարության ուսերից թոթափել: Իհարկե, նախարարությունը պատասխանատու է նպաստի տեսուչների ոչ իրավաչափ արարքի համար, բայց չեմ կիսում մոտեցումը, թե բան չի փոխվել: Շատ բան է փոխվել, բայց վարչական մեթոդներով դեռեւս չենք հասել այդ փոփոխություններին: Լուծումները բազմաշերտ են: Եթե նպաստ նշանակող տեսուչին վճարում ենք հարյուր հազար դրամ եւ ակնկալում, որ դրանով նա անաչառ կլուծի իր առաջ դրված խնդիրը, ապա մոլորության հետ գործ ունենք»:
Սաիյանի խոսքով. «Տեսուչի սոցիալական պաշտպանվածության մակարդակի բավարար լինելու դեպքում միայն կարող ենք ակնկալել, որ նա բարեխիղճ կաշխատի: Մյուս կողմից, նախատեսում ենք լայնածավալ փոփոխություններ, որոնց շրջանակում նաեւ ձեր մատնանշածին կանդրադառնանք»:
Սմբատ Սաիյանի փոխանցմամբ՝ նպաստների համակարգում ավելի ակտիվ պետք է աշխատել նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, ինչը եւ նախարարությունն անում է. «Ինքնաշխատ եղանակը անձին հետ կպահի չարաշահումներ անելուց»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ