Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո քաղաքական իշխանությունը չի կարողանում հասկանալ, որ հարայ–հրոցով երկիր չեն կառավարում. «168 ժամ»

Հունիս 11,2019 12:14

Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի վերջերս ներկայացրած վարկանշային գնահատականներով՝ Հայաստանի տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը բարձր է։ Որպես հետևանք կենտրոնը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին՝ խուսափել Հայաստանում ներդրումներ, ինչպես նաև ֆինանսական գործառնություններ իրականացնելուց։ Այլապես մեծ է հավանականությունը, որ ներդրողները զգալի կորուստներ կունենան՝ պայմանավորված զուտ քաղաքական գործոնով։

Նման գնահատականը, անշուշտ, շատ վատ է։ Ու դա պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը։

Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո Հայաստանում չի վերականգնվում կայունությունը։ Այսօր էլ ներքին լարվածությունը երկրում պակաս բարձր չէ։ Թվում էր, թե իրավիճակը պիտի հանդարտվեր Ազգային ժողովի ընտրություններից հետո, բայց դա էլ չօգնեց։

Ու որքան էլ կարող է տարօրինակ հնչել, դրանում կարծես շահագրգռված է առաջին հերթին քաղաքական իշխանությունը։ Տպավորություն է, որ մարդիկ օր ու գիշեր մտածում են, թե ինչ անեն, որպեսզի պահպանեն հեղափոխական տրամադրությունները։ Դա գուցե անհրաժեշտություն է հասարակության հույզերի վրա իշխանության եկած քաղաքական ուժի համար, բայց տուժում է երկիրը, առավել ևս՝ տնտեսությունը։

Չգիտակցել սա, նշանակում է՝ վտանգել տնտեսության ապագան։ Հատկապես որ, առանց այդ էլ, տնտեսությունը մի փայլուն վիճակում չէ, ինչքան էլ կառավարության ղեկավարը փորձում է նման տպավորություն ստեղծել։

Անկայունությունը տնտեսության ամենամեծ թշնամին է։ Նման պայմաններում անիմաստ է զարգացման համար լուրջ հույսեր փայփայել, էլ չասենք ներդրումներ ակնկալել։ Մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Տնտեսական հատվածում այժմ էլ անորոշությունների պակաս չկա։

Ներքին լարվածությունը Հայաստանում չի հանդարտվում։ Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո քաղաքական իշխանությունը չի կարողանում հասկանալ, որ հարայ– հրոցով երկիր չեն կառավարում, տնտեսություն չեն զարգացնում, տնտեսական հեղափոխություն չեն իրականացնում։ Նման բան երբեք չի լինում։ Պետք է հնարավորինս արագ վերադառնալ նորմալ աշխատանքային հարաբերությունների։ Ու ինչքան շուտ՝ այնքան լավ։

Այդ պայմաններում, անհասկանալի է, թե կառավարությունն ինչի վրա է դրել տնտեսական հեղափոխություն իրականացնելու հույսը։ Եթե, իհարկե, դեռ նման հույսեր կան։ Վերջին շրջանում վարչապետը սկսել է քիչ խոսել այդ մասին։ Թեև ասելու բան էլ չկա։ Տնտեսական հեղափոխությունը մի տեսակ դադար է վերցրել, չնայած այն չէր էլ սկսվել, և միայն ասելով չէ, որ պիտի սկսվեր։

Որտե՞ղ կա այսօր տնտեսական հեղափոխություն։ Ամենուր նույն մեռած վիճակն է։ Գյուղատնտեսության ոլորտում մեկ-երկու փոքր ծրագրեր փորձելով սուբսիդավորել՝ կառավարությունը կարծես իր գործն ավարտած համարեց և հիմա հավանաբար սպասում է, որ հասարակությունն իրականացնի իր փայ տնտեսական հեղափոխությունը:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930