Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյան. Սասուն Միքայելյանը որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել. «Հայկական ժամանակ»

Հունիս 11,2019 11:04

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գեւորգյանը, որին հովանավորում էր ԲՀԿ-ն: Նա հաղթել 8453 քվեով: Իշխող քաղաքական ուժի թեկնածուն`ՔՊ կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը, ստացել էր 8058 ձայն: Երեկ՝ ընտրությունների ժամանակ, արձակուրդի մեջ գտնվող Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆիքսել էր, որ ԲՀԿ-ին սատարող անձանցից մեկի մոտ ցուցակ կա՝ անուն ազգանուններով եւ հեռախոսահամարներով:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ռոմանոս Պետրոսյանի հետ:

– Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզում «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մյուս թեկնածուները, որոնք Աբովյանից ձայներ էին բերել, չաջակցեցի՞ն այս ընտրություններում: Միայն դո՞ւք էիք զբաղվում Աբովյանի քաղաքապետի ընտրություններով:

– Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հիմնական քաղաքական պատասխանատվությունը ես էի ստանձնել՝ կամովին: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեր քարոզարշավին մասնակցել է պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ինչպես նաեւ 1-2 անգամ այցելությամբ սոլիդարության ժեստ են արել Լիլիթ Ստեփանյանն ու Վաղարշակ Հակոբյանը: Ավելին ասեմ՝ Աբովյանում միայն քաղաքականությամբ չէր պայմանավորված այս ընտրությունների ելքը, այս ընտրությունների ելքը նաեւ պայմանավորված էր որոշակի ներանձնային շահերի, կլանային հարաբերությունների, միջկլանային հարաբերությունների ստատուս քվոյով, որը չէր կարող կանխորոշել, բայց արդյունքում անդրադարձավ Աբովյանի ընտրությունների վերջնարդյունքի վրա:

– Սասուն Միքայելյանը աջակցություն ցույց չտվե՞ց ՔՊ-ի թեկնածուին:

– Ոչ, Սասուն Միքայելյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել:

– Կարողացա՞ք պարզել, թե երեկ ինչ ցուցակներ կային ԲՀԿ աջակիցներից մեկի մոտ:

– Այս պահին նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Աբովյանի բաժնում: Արդեն բացատրություններ են վերցվել կողմերից եւ լիահույս եմ, որ մոտ օրերս արդեն հանդես կգան հայտարարությամբ ու կհասկանանք: Բայց ակնհայտ է, որ տվյալ տիկինը ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է Աբովյանում, նա նաեւ երկար ժամանակ հանդիսացել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուսանողական խորհրդի ղեկավարը ու ակնհայտ քաղաքական ծառայություններ եւ քաղաքական գիծ է առաջ մղել Աբովյանում: Պատահական չէ այդ ցուցակը իր մոտ գտնվելու եւ այդ տարածքում կիրառելու այդ փորձը, քանի որ ինքն ապրել է այդ տարածքում, գործել է այդ տարածքում եւ այդ ընտրատեղամասում էլ նշանակված էր ԲՀԿ-ի կողմից: Ահա հին քաղաքական մշակույթի վերարտադրման փորձի ցայտուն օրինակ:

– Վաղը ձեր արձակուրդն արդեն ավարտվելու է եւ մարզպետի կարգավիճակով շարունակելու եք Վահագն Գեւորգյանի հետ աշխատել: Ինչպե՞ս է դա լինելու, քանի որ քաղաքական հակառակորդներ եք եւ այս քարոզարշավի ժամանակ էլ բուռն քննադատություններ արեցիք միմյանց հասցեին:

– Սա Վահագն Գեւորգյանի հետ անձնական հարց չէ: Սա քաղաքական հարց է, իմ քաղաքական գնահատականները՝ հին քաղաքական մշակույթի եւ քաղաքական սաբոտաժի դրվագների մասով, մնում են ուժի մեջ, ինչպես նաեւ քրեական գործեր կան հարուցված, եւ ես, որպես պետական պաշտոնյա, պարտավոր եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում հետամուտ լինել, որպեսզի հավուր պատշաճի այդ գործերը քննվեն իրավապահների, գերատեսչությունների կողմից: Արդյունքը իրավական պետության նորմերին հարիր ընթացք կստանա: Բայց մարզպետի ինստիտուտի առումով՝ ես իմ աշխատանքը կազմակերպելու եմ բացառապես օրենսդրությամբ սահմանված դրույթով: Համագործակցելու ենք այնքանով, որքանով համագործակցում են մարզպետը եւ նորընտիր քաղաքապետը, ոչ ավելին, ոչ պակաս: Քաղաքական առումով իմ գնահատականները մնում են ուժի մեջ՝ Վահագն Գեւորգյանի վերարտադրությունը ինձ համար վստահության աճ չի կարող լինել իր նկատմամբ, քանի որ առնվազն այն փաստերը, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցված, հերքված չեն եւ առնվազն այն փաստերը, որոնք վեր եմ հանել եւ իր նկատմամբ վստահության պակաս է առաջացել, մինչ այս պահը դարձյալ հերքված կամ բացառված չեն, մնում են ուժի մեջ:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930