Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Վախեցնել մարդկանց՝ հիմնվելով նրանց անտեղյակության վրա, թշնամի ստեղծել Սորոսից. «Հրապարակ»

Հունիս 11,2019 10:33

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի կամ այլ կերպ ասած՝ Սորոսի  հետ տարիներ շարունակ համագործակցած իրավապաշտպանները, անհատները ակցիաներ են իրականացրել՝ ընդդեմ իշխանությունների ապօրինությունների, բռնությունների, հետամուտ են եղել, որպեսզի Հայաստանում քաղաքացին չենթարկվի հալածանքների, պատժվեն բանակում, քրեակատորղական հիմնարկներում բռնություններ կիրառած անձինք։

Թավշյա իշխանափոխությունից մեկ տարի  հետո ականատես ենք լինում այլ պատկերի։ Մի խումբ անձինք ակցիաներ են կազմակերպում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը։
Ինչպե՞ս են վերաբերում այդ ակցիաներին իրենք՝ Սորոսականները։

Ռեժիսոր, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նկատում է․ «Սորոսը դարձրել են բոբո։ Ես հիշում եմ, որ երեխաներին բոբոյով էին վախեցնում, հետո սկսեցին վախեցնել մասոններով, հետո՝ ջհուդամասոններով, հիմա դրանով են վախեցնում։ Իսկ գրասենյակի գործունեությունը բոլոր երկրներում ուղղված է եղել ընդդեմ ամբողջատիրական համակարգի։ Դրա համար էլ այն երկրներում, որտեղ փորձում են սահմանել  ամբողջատիրական համակարգ, պայքարում են Սորոսի գրասենյակի դեմ։ Ամբողջ պայքարը սա է։

Եթե մարդիկ լուրջ ուսումնասիրեն, թե ինչ ծրագրեր է ֆինանսավորում Սորոսը (իսկ դրանք են դատաիրավական ոլորտին վերաբերող, մարդու իրավունքներին, առողջապահական, կրթական ոլորտներին, հեռավոր մարզերին վերաբերող ծրագրերը), կտեսնեն, որ այդ ողջ աղմուկն իր մեջ կրում է սպեկուլյատիվ բնույթ, քան՝ լուրջ քաղաքական պայքար։ Վախեցնել մարդկանց՝ հիմնվելով նրանց անտեղյակության վրա, թշնամի ստեղծել Սորոսից, խնդիրները փնտրել ոչ թե մեր մեջ, այլ դրսում, սա՛ է ամբողջը։ Շատ տխուր եմ վերաբերում այս ամենին։ Հաճախ օրինակ են բերում այն երկրները, որտեղ փակել են Սորոսի գրասենյակները։ Ես էլ ուզում եմ հարցնել՝ այդ ո՞ր օրվանից Հունգարիայի վարչապետը դարձավ մեզ համար օրինակելի, նա այն վարչապետն էր, որ Ռամիլ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին։ Սորոսի գրասենյակը փակվել է Ադրբեջանում, նման տիպի երկրներում։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարությունը համարել է, որ Սորոսը պաշտպանում է հայերի շահերը, հակաադրբեջանական գործունեություն է ծավալում։ Իսկ Սորոսի գրասենյակի գործունեությունն ուղղված է հանուն ժողովրդավարության եւ ընդդեմ ամբողջատիրության։ Իսկ ամբողջատիրական համակարգի դեմ պայքարելը նշանակում է, որ հասարակությունը զարգանում է եւ հասկանում է իր շահը, իր զարգացածության մակարդակը»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930