Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանում հաղթեց հին համակարգը

Հունիս 11,2019 10:00

Իշխող կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կիրակի օրը, երբ Աբովյան քաղաքի ընտրությունների արդյունքները դեռեւս հայտնի չէին, ակնարկեց, որ եթե հաղթի գործող քաղաքապետը, ԲՀԿ-ի աջակցությունն ունեցող Վահագն Գեւորգյանը, ապա դա «կնշանակի, որ Աբովյանի քաղաքացին նախընտրում է այն համակարգը, ինչով ապրել է 20 տարի եւ այն դժգոհությունները, այն ընդվզումը (որը կար անցած տարվա հեղափոխության ժամանակ – Ա.Ա.) կամ ձեւական բնույթ է կրել, կամ փոքրամասնության մոտ է եղել»: ՔՊ-ական մարզպետը չափից դուրս մեծ ակտիվություն էր դրսեւորում ընտրությունների ժամանակ, որն, իմ կարծիքով, այնքան էլ տրամաբանական չէ ժողովրդավարության առումով՝ տարածքային կառավարման նշանակված պաշտոնյան «վիզ է դնում», որ իր տարածքում հաղթի տեղական ինքնակառավարման իշխանության թեկնածուն: Դա, ըստ իս, մարզպետի ինստիտուտի, այսպես ասած, «սահմանադրական անկատարության» դրսեւորումներից մեկն է:

Բայց զուտ քաղաքական առումով Ռոմանոս Պետրոսյանի գնահատականի մեջ, ինձ թվում է, կա ճշմարտության հատիկ: Չնայած երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, աբովյանցիների 60 տոկոսն ընդհանրապես չգնաց քաղաքապետի ընտրություններին, իսկ գնացածների մեծամասնությունը գերադասեց հին՝ ֆեոդալական, «հաստավիզ-ախրաննիկական», կլանային, օլիգարխիկ, «բարեգործական» համակարգը:

Երբ ՔՊ-ն ասում է՝ «20 եւ ավելի տարիներ իշխանությունը կեղծում էր ընտրությունները, լցոնում էր, ջարդում-փշրում էր, ահաբեկում էր, ընտրակաշառք էր բաժանում, իսկ մենք դա չենք անում»՝ դա ճիշտ է: Բայց նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ տասնամյակներ առաջ «Գուլագում» միլիոնավոր մարդիկ էին գնդակահարվում, իսկ հետո այդ պրակտիկան դադարեց: Իհարկե, շատ գովելի է, որ ներկայիս իշխանությունը հակված չէ հանցագործությունների, այդ թվում՝ ընտրական: Այդ փուլը մենք, կարծես թե, հաղթահարեցինք: Բայց հիմա մեր առջեւ ավելի կարեւոր հարց է կանգնած՝ արդյո՞ք այս իշխանությունը հակված է եւ ընդունակ է բարեփոխումներ անցկացնելու: Իսկ խնդիրների խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է նման բարեփոխումների:

Ես որոշակի կասկածներ ունեմ, որ մեր հասարակությունը միահամուռ «մերժեց Սերժին», բայց չմերժեց այն համակարգը, այն մտածողությունը, որը ձեւավորվել էր տասնամյակների ընթացքում՝ մոտավորապես 1970-ական թվականներից: Եթե կարճ ձեւակերպենք, ապա դա համոզմունք է, որ «թագավորն» ինչ-որ հրաշքով իրենց բարեկեցիկ կյանք կպարգեւի: Երբ դա տեղի չի ունենում, մարդիկ բավարարվում են այն կրճոններով, որոնք ավելի փոքր մասշտաբի «թագավորներն» իրենց ժամանակ առ ժամանակ հատկացնում են: Նախ՝ պետք է արձանագրել, որ այդ խնդիրը կա՝ չընկնելով «հպարտ քաղաքացու» վերաբերյալ պատրանքների մեջ: Երկրորդ՝ կոտրել այդ մտածելակերպը՝ դրսեւորելով «զրո պոպուլիզմ»: Իշխանությունն ունի՞ դրա վճռականությունը:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան

    Իսկ դուք նմանություն չե՞ք տեսնում Սերժին մերժելու եւ Աբովյանում ՔՊ թեկնածուին մերժելու միջեւ: Ես տեսնում եմ: Երկու դեպքում էլ մարդիկ ընտրեցին մեկին, որովհետեւ մյուսից զզվում էին: Մեկ տարի առաջ զզվում էին ՀՀԿ-ից, Աբովյանում զզվում էին ՔՊ-ից:

  2. Garo says:

    Դե եթե ավելի գլոբալ նայենք, ովա ասում որ դեմոկրատիան լավ համակարգա:
    Ժողովրդի մեծամասնությունը դպրոցում նորմալ չի սովորե, միշտ նստած սպասելա բարի թագավորի որ պիտի գա ու բոլոր խնդիրները լուծի”
    Ինչի պիտի իրանց կատարած ընտրությունը լավը լինի:

    ՀԻմա եթե գնացել 70տոկոսով ձայն են տվել մարդկանց որոնց մեծամասնությանը չենել ճանաչում, էտ նորմալա ումա պետք տենց դեմոկրատիան:
    Ուղղակի առաջ ընտրում էին “նաղդ” 10հազար դրամով հիմա նիսյա պոպուլիստական ճառերին խաբվելով:
    գազը էժանացնենք, աշխատավարջ բարձրացնենք Երջանիկ Հայաստան, բլա բլա:

  3. Artur Lazarian says:

    Հպարտ քաղաքացիների գործերը լա՞ւ չեն 🙂
    Մարզպետն ասում է ‘յաղթեց քրէական տարրը’, վարչապետն ասում է ‘յաղթեց ժողովրդավարութիւնը’, իսկ Էդուարդ Աղաջանեանն ասում է ‘նրանց ասածների միջեւ հակասութիւն չկայ’: Իսկ ես ասում եմ ՔՊ-ի դրօշի վրայ գլուխն աւազի մէջ թաղած ջայլամ նկարէք:

    Մենք գնալով համոզւում ենք որ սա յեղափոխութիւն չէր, այլ պարզ ու խաղաղ իշխանափոխութիւն՝ պայմանաւորուած ՀՀԿ-ի նկատմամբ անսահման մեծ ատելութեամբ:

    Այս իշխանութիւնը բարեփոխումներ անելու ոչ ցանկութիւն ունի, ոչ էլ առաւել եւս մարդկային կարողութիւն: Եւ ինչպէս շատ ճիշտ նկատեցիք, ժողովուրդն էլ առանձնապէս ոգեւորուած չէ բարեկեցիկ ապագայով: Նրան այս «կիսաանգյալ-կիսակուշտ» վիճակը լիովին ձեռնտու է:

  4. Լուսինե says:

    Հարգելի Արամ Աբրահամյան
    Համաձայն եմ Ձեր հարցադրման հետ՝ «Իսկ խնդիրների խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է նման բարեփոխումների:» Իհարկե, կառավարությունից շատ բան է կախված։ Ես հավատում եմ այս կառավարությանը, բոլոր սխալներով և վրիպումներով հանդերձ, և նույնիսկ կասեյի, հպարտանում եմ։ Նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ներդաշնակ տանդեմը, որտեղ յուրաքանչուրը իր դիրքերն է պահում, մեծ նվաճում է։ Արմեն Սարգսյանը, լինելով հմուտ դիվանագետ, կիրթ և խելացի մարդ, շատ ճիշտ գնահատեց իրավիճակը և վերջապես, երկիրը ներկայացնող, հարգանքի արժանի դեմքեր ունեցանք։ Միևնույն ժամանակ մեծ հույսեր կապել տասնյակ տարիների ընթացքում հանցավոր և անորեն համակարգի ներքո ձևավորված հասարակության քաղաքացիական գիտակցության հետ, որի 30% հանապազոր մի կտոր հացի խնդիր ունի, պետք չէ։ Նախ, չմոռանանք, որ ամենամեծ նվաճումն այն է, որ ընտրությունները եղել են արդար, եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ Աբովյան քաղաքը Գագիկ Ծառուկյանի տոհմական կալվածքն է, բոլոր այստեղից բխող եզրակացություններով հանդերձ։ Եվ նույնիսկ այս պարագայում, երբ ընտրողների 60% չի մասնակցել ընտրություններին ընդհանրապես, իսկ երկու թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը ընդամենը մոտ 400 ձայն է, ապա սա շատ խոսուն ցուցանիշ է։ Այնպես որ, Աբովյան քաղաքի «պարտված» զանգվածը, որը ընտրողների գրեթե կեսն է, շատ կարևոր քաղաքական ռեսուրս է։ Դանդախ, բայց առաջ ենք շարժվում։ Ավելի արագ, երևի հնարավոր էլ չէր, եթե հաշվի առնենք, թե ինչ բարոյական և տնտեսական հիմքերի վրա էր կանգնած մեր երկիրը։

  5. Լավատես says:

    Ինչպես զինվորին են սկզբից սովորեցնում ռազմական արվեստին ու նոր միայն ուղարկում ռազմի դաշտ, այնպես էլ քաղաքացուն պետք է սովորեցնել քաղաքական արվեստին ու նոր միայն ուղարկել ընտրություններին, պետությունը պարտավոր է քաղաքացուն դարձնել քաղաքական մասնագետ, անգրագետ քաղաքացին առաջին հերթին ինքն իրեն է վնաս տալիս’ դուրս մնալով քաղաքական դաշտից, բայց դրանով իսկ թուլացնում ազգի քաղաքական պատրաստակամությունը: Այսօրվա թավշյա կուսակցության հետ ունենալով ռազմավարական միանշանակ մի ընդհանուր նպատակ, մարտավարական իմաստով միակ իսկական ընդդիմությունը համարում եմ պատերազմի կուսակցությանը, ժողովուրդը երեխայի նման հանճարեղ է, պետք է զբաղվել նրա ուսուցմամբ, դաստիարակությամբ եւ պատրաստել ապագա տարբեր տեսակի փորձություններին’ այն ազգը, ով ավելի նախապատրաստված կլինի դրան, նա էլ կօգտվի այդ փորձություններում հաղթանակի պտուղներից, իսկ անպատրասված անփորձ ազգերը տանուլ կտան ու կվերածվեն անպետություն աշխարհով մեկ ցփնված ժողովուրդների: Մեզ պետք է ոչ պակաս հեղինակություն ու հարգանք վայելող ինչպիսին այսօվա իշխանությունն է, բայց ընդդիմադիր պատերազմի կուսակցություն, որը խաղաղությունը դիտում է որպես նախորդ պատերազմից կազդուրվելու ու հաջորդ պատերազմին նախապատրաստվելու ժամանակահատված:

  6. Gagik says:

    Ճիշտն ասած էս մարզպետի ծաղրածույի տպավորությունա թողում։ Էս 2երկու օրը երևի էլի ԶԼՄ չթողեց բոլորին իտերվյու տվեց ներառյալ հանրայինով։
    Հրազդանում այպես ասած նոր համակարգը հաղթելա չէ՞
    Հիմա անընդատ նվնալու փոխարեն կարելիա 4տարի հետո Հրազդանը ու Աբովյանը համեմատել։
    Ի դեպ Երևանումել նոր համակարգը 80տոկոս ձայնա ստացել։
    Խոստացված նորմալ աղբահանությունը, նոր տրանսպորտը, վերելակները, մետրոյի կայարանները ստանանք։

    Բայց կարծես Երեվանումել, Կոտայքում ամբողջ երկրի մասշտաբովել նորերը միայն ֆիքսված են հներին փնովելու վրա, կարծես հասկանալով որ գլխից մեծ խոստումներ տալը հեշտ է իսկ այ իրականացնելը բարդ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930