2019 թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և արտահերթ ընտրություններ: Տասներկու համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել հետևյալ 11 համայնքներում, որոնցից 8-ում ընթացել են համայնքի ղեկավարի, 2 համայնքում` ավագանու անդամի, իսկ 1-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ.
«Ականատեսը» ներգրավել է 7 երկարաժամկետ դիտորդ՝ նախընտրական ժամանակահատվածի, և 77 դիտորդ՝ քվեարկության օրվա գործընթացների դիտարկման նպատակներով:
Կարդացեք նաև
Նախընտրական ժամանակահատվածում դիտորդներն ուսումնասիրել են ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, թեկնածուների և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդները տեղերում աշխատել են ընտրական հանձնաժողովների, թեկնածուների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:
Նախընտրական շրջանի դիտարկման ընթացքում դիտորդներն իրականացրել են՝
- 26 նիստի դիտարկում թիվ 12, 14, 21, 29, 33, 34 և 37 տարածքային ընտրական հանձնաժողովներում,
- 15 նիստի դիտարկում թվով 15 տեղամասային ընտրական հանձնաժողովներում,
- 15 հանդիպում 11 համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների հետ,
- 63 հանդիպում 24 համայնքի ղեկավարի և 39 ավագանու անդամի թեկնածուների հետ,
- 141 հանդիպում 11 համայնքների բնակիչների հետ,
- 5 համայնքի ղեկավարի թվով 13 նախընտրական միջոցառումների դիտարկում (10-ը՝ Աբովյան քաղաքում)։
Քվեարկության օրն «Ականատեսն»-ը դիտորդություն է իրականացրել վերոնշյալ 11 համայնքի 39 տեղամասում։ Բացի տեղամասերում տեղակայված դիտորդներից, Աբովյան համայնքում գործել է շրջիկ դիտորդների խումբը։
Դիտարկման արդյունքներ
Ստորև ներկայացվում են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրն իրականացված դիտարկման արդյունքները:
Ընտրական հանձնաժողովների աշխատանք
Տարածքային ընտրական հանձնաժողովներ
Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի:
Դիտարկված 7 ընտրատարածքային հանձնաժողովներում գրանցվել է 77 թեկնածու, որից 29-ը՝ համայնքի ղեկավարի, իսկ 48-ը՝ համայնքի ավագանու անդամի թեկնածու։ Դիտորդության ընթացքում ինքնաբացարկ է ներկայացրել ավագանու անդամի 1 և համայնքի ղեկավարի՝ 2 թեկնածու։ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածուի ինքնաբացարկի արդյունքում ընտրապայքարում մնացել է միայն մեկ թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Վահագն Ալավերդյանը (ինքնաառաջադրված, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն)։ Ըստ համայնքի բնակիչների, երկրորդ թեկնածուի սկզբնական առաջադրումն արվել է միտումնավոր՝ մրցապայքարի իմիտացիա ստեղծելու նպատակով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահների և քարտուղարների կողմից ինքնաբացարկի դիմումներ չեն եղել։ Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են Աբովյան համայնքի 2 տեղամասերից 2 հանձնաժողովի անդամներ, որոնք նշանակված էին տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Թափուր տեղերը լրացվել են համաձայն օրենքով սահմանված ընթացակարգի։[1]
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի բոլոր թեկնածուների հայտարարագրերը սահմանված ժամկետներում (վերջնաժամկետը` 2019 թ․ մայիսի 26) ներկայացվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ՝[2] վերջիններիս կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն փոխանցելու համար։ Բացառություն է կազմել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող Գորայք համայնքը, որտեղ միաժամանակ տեղի էին ունենում և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի արտահերթ ընտրություններ։ Տվյալ հանձնաժողովի իսկ հիմնավորմամբ, իրենք թեկնածուների գույքի և եկամուտի հայտարարագրերը շփոթել են նախընտրական հիմնադրամ կատարված մուտքերի և ելքերի հայտարարագրի հետ, որը պարտադիր չէ մինչև 10,000 ընտրող ունեցող համայնքներում և թեկնածուի նախընտրական ծախսերը 500,000 դրամը չգերազանցելու դեպքում:[3] Դիտորդի կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո հանձնաժողովը խոստացել է արագ կազմակերպել թեկնածուների հայտարարագրերի հավաքագրումը: Ս.թ. հունիսի 6-ի դրությամբ հանձնաժողովը դեռևս չէր ընդունել թեկնածուների հայտարարագրերը։
Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի դիտարկման գործընթացում դիտորդի իրավունքների խոչընդոտման դեպքեր չեն եղել: Չեն արձանագրվել նաև դիմում-բողոքների ներկայացման դեպքեր: Արձանագրվել է միայն մեկ դեպք, երբ Աբովյանի համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը դիմում է ներկայացրել թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողով այլ թեկնածուների (վերջինների անունները դիտորդներին չեն տրամադրվել) կողմից չսահմանված և անթույլատրելի վայրերում պաստառներ փակցնելու փաստերով: Տարածքային ընտրական հանձնաժողովը դա չի ընդունել որպես դիմում-բողոք, այլ դիտարկել է որպես ընթացակարգային հարց և դիմել բոլոր խախտողներին՝ հորդորելով վերացնել խախտումները։
Հարկ է նկատել, որ տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկումը նախկինի նման եղել է խնդրահարույց՝ պայմանավորված ինտերնետային կապի հնարավորությունների բացակայությամբ, ինչի պատճառով դիտորդները ստիպված են եղել ֆիզիկապես ներկա լինել հանձնաժողովի նիստերին:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներ
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար մասնագիտական դասընթացներ չեն կազմակերպվել, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների գործընթացի պատշաճ կազմակերպման և որակի վրա։
Դիտորդները դիտարկել են թվով 7 տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստերը, որոնք տեղի են ունեցել հանձնաժողովների կազմավորումից հետո 3-րդ օրը[4] և որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները ստորագրել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը:[5] Դիտարկված նիստերն անցել են հանդարտ: Միայն 1 տեղամասում են ներկա եղել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները, մյուսներում բացակա անդամների թիվը կազմել է 2-3 հոգի։
Քվեարկությանը նախորդող օրը դիտորդները հետևել են տարածքային ընտրական հանձնաժողովներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին ընտրական նյութերի և պարագաների հանձնման գործընթացին, որն անցել է սահուն և առանց խախտումների։ Նույն օրը, ընտրական պարագաների և նյութերի հանձնումից հետո դիտորդները հետևել են թվով 8 տեղամասային կենտրոններում քվեարկության սենյակի կահավորման ընթացքին։ Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության սենյակի կահավորումն ավարտել են օրենքով սահմանված ժամկետում՝[6] մինչև հունիսի 8-ի ժամը 24։00-ը։ Դիտարկված տեղամասերում խնդիրներ չեն արձանագրվել՝ բացառությամբ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում գտնվող 24/04 տեղամասի, որում քվեարկության սենյակը բավականին փոքր էր (մոտ 18 քմ) և խնդրահարույց՝ քվեարկության ընթացքը պատշաճ կազմակերպելու համար։
Համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր հատկացնելու պարտադիր լիազորության ապահովման առումով[7] խնդիրներ են արձանագրվել 2 համայնքում։
- Գեղարքունիքի Գեղհովիտ համայնքում անվճար տեղեր հատկացնելու որոշում չի ընդունվել։ Միևնույն ժամանակ, ըստ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի, համայնքապետարանը հետևում է, որ թեկնածուները պաստառներ չփակցնեն դպրոցների, համայնքապետարանի և այլ նմանատիպ հաստատությունների պատերին։
- Շիրակի Սպանդարյան համայնքում տեղեր ևս չեն հատկացվել։ Ըստ համայնքապետարանի դրա կարիքը չկա, և իրենք նման տեղեր պատրաստ են հատկացնել թեկնածուներից դիմում ստանալու դեպքում։
Նախընտրական քարոզչություն
Քարոզչության նպատակով նախընտրական հիմնադրամներ բացել են միայն Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուները։ Մյուս դիտարկված համայնքներում թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ ավագանու անդամի թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամներ չեն բացվել՝ հիմք ընդունելով, որ դա պարտադիր պահանջ չէ մինչև 10,000 ընտրող ունեցող համայնքներում և այն դեպքում, երբ նախընտրական քարոզչության ծախսերը չեն գերազանցում 500,000 դրամը:[8]
Մշակված նախընտրական ծրագիր են ունեցել հարցված թեկնածուներից միայն 24-ը։ Որպես նախընտրական ծրագիր չունենալու պատճառներ հիմնականում նշվել է հետևյալը․
- ավագանու անդամի պարագայում նախընտրական ծրագրի առկայություն չի պահանջվում,
- ծրագրի կարիք չկա, քանի որ փոքր համայնքներում բոլորը տեղյակ են խնդիրներից և ճանաչում են միմյանց,
- ֆորմալ ծրագրի կարիք չկա, քանի որ «ծրագրերը» հիմնականում ներկայացվում են բակային հանդիպումների միջոցով։
Աբովյանի համայնքի ղեկավարի թեկնածուներից 2-ը՝ Մանուկ Մկրտչյանը և Սասուն Գրիգորյանը, բացել են մեկական ընտրական շտաբ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը՝ 15 ընտրական շտաբ։ Աբովյանի գործող համայնքի ղեկավար և համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Գևորգյանը չի տրամադրել հստակ տվյալներ ընտրական շտաբների, ինչպես նաև քարոզչանյութերի տպաքանակների վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ չի հիշում։
Որպես քարոզչության մոտեցումներ թեկնածուները կիրառել են հանդիպումները ընտրողների հետ, այդ թվում՝ բակային հանդիպումները, ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերը։ Պաստառներ և բուկլետներ տպագրել են համեմատաբար մեծաքանակ ընտրողներ ունեցող համայնքներում առաջադրված թեկնածուները (Աբովյան, Գեղհովիտ և Գորայք)։ Վճարովի/անվճար հեռուստագովազդի հնարավորությունից որևէ թեկնածու չի օգտվել, իսկ գովազդային պաստառ վարձակալել է միայն Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու Գրիգոր Գուլյանը։
Քարոզչության կանոնների խախտումները վերաբերել են հիմնականում չսահմանված վայրերում պաստառներ փակցնելու,[9] տպագիր քարոզչանյութերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության[10] և քարոզչանյութերի վնասման[11] դեպքերին։ Այսպիսով․
- Աբովյան համայնքում արձանագրվել է 20-ից ավելի դեպք, երբ շենքերի արտաքին պատերին փակցված են եղել թեկնածուների նախընտրական պաստառները։ Համաձայն դիտորդի դիտարկումների, այս խախտումները թույլ են տրվել բոլոր թեկնածուների կողմից՝ բացառությամբ Սասուն Գրիգորյանի:[12] Տվյալ խախտումների մասով թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովը նշել է, որ տեղյակ է խախտումներից և պարբերաբար զգուշացնում է թեկնածուներին խախտումները վերացնելու առնչությամբ։
- Նույն համայնքում դիտորդն արձանագրել է թեկնածուների պաստառների պատռման 12 դեպք, որոնցից 9-ը եղել են ՔՊԿ կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանի, իսկ 3-ը՝ համայնքի գործող ղեկավար Վահագն Գևորգյանի պաստառները։
- Քարոզչության տպագիր նյութերի վերաբերյալ տվյալների մասով դիտորդները արձանագրել են խախտման 3 դեպք։ Մասնավորապես, Գեղհովիտ համայնքի ղեկավարի թեկնածուներ Նաղաշ Հակոբյանի և Տիգրան Սուքիասյանի, ինչպես նաև Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու Մանուկ Մկրտչյանի քարոզչական բուկլետներում բացակայել են տվյալներ տպաքանակի և տպագրական կազմակերպության վերաբերյալ։
Հարկ է նկատել, որ թույլ վերահսկողության և պատասխանատվության ինստիտուտի բացակայության պատճառով քարոզչանյութերի տարածման կանոնների խախտումները շարունակվում են:
Թեկնածուների նախընտրական միջոցառումները (հանրահավաքներ, երթերը և բակային հանդիպումներն ընտրողների հետ) ընթացել են հանդարտ, խաղաղ մթնոլորտում, չեն արձանագրվել բռնության, սպառնալիքի, ատելության խոսքի, կաշառքի և բարեգործության դեպքեր։ Միջոցառումների ընթացքում հիմնականում թեկնածուների կողմից ներկայացվել են համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված՝ թեկնածուների ծրագրերը:
Նախընտրական միջոցառումների համատեքստում առանձնացել է Աբովյան համայնքը, որտեղ համեմատաբար ակտիվ քարոզչություն են իրականացրել համայնքի գործող ղեկավար Վահագն Գևորգյանը և ՔՊԿ-ի կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը։ Վերջիններիս քարոզչության մի զգալի մասը ներառել է փոխադարձ մեղադրանքներ, ինչը ձևավորել է առավել մրցակցային միջավայր, սակայն փաստացի հնարավորություն չի տվել ծավալել ծրագրային բանավեճ և քննարկումներ։ Միջոցառումներին նաև մասնակցել են ՔՊԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Դիտարկվող համայնքների բնակիչները հիմնականում տեղեկացված են եղել ընտրությունների և առաջադրված թեկնածուների մասին, այնուամենայնիվ հարցվածների մեծամասնությունը ծանոթ չի եղել թեկնածուների նախընտրական ծրագրերին։
Վարչական ռեսուրսի չարաշահում
Ֆինանսական ռեսուրսներ
«Ականատեսի» երկարաժամկետ դիտորդներն ուսումնասիրել են նաև 2019 թ․ հունվար-մայիս ժամանակահատվածում ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները՝ մասնավորապես այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը տվյալ պահին հանդիսանում է համայնքի ղեկավարի թեկնածու:
«Ականատեսի» դիտարկումները ցույց են տվել հետևյալը.
- Գեղարքունիքի Գեղհովիտ համայնքում համայնքի ավագանու 2019 թ․ մարտի 2–ի N6 որոշմամբ, 29 բնակչի տրամադրվել է դրամական օգնություն՝ ընդհանուր 835,000 ՀՀ դրամի չափով։ Մեկ այլ՝ 2019թ․ ապրիլի 29-ի N10 որոշմամբ, 26 մարդու տրամադրվել է ընդհանուր 1,165,000 դրամի օգնություն։
- Նույն մարզի Ծովասար համայնքում ավագանու 3 որոշումներով 14 մարդու ընդհանուր առմամբ հատկացվել է 1,120,000 ՀՀ դրամ օգնություն (2019թ. հունվարի 24-ի N5 որոշում՝ 7 մարդու գումարային 600,000 դրամ, 2019թ. ապրիլի 5-ի N7 որոշում՝ 6 մարդու գումարային 450,000 դրամ, 2019թ. ապրիլի 19-ի N12 որոշում՝ 1 մարդու 70,000 դրամ գումար հատկացնելու մասին)։
- Տավուշի Ազատամուտ համայնքում համայնքի ղեկավարի 2019 թ․ հունվարի 31-ի N 7-Ա որոշմամբ համայնքի 19 բնակչի հատկացվել է օգնություն՝ ընդհանուր 470,000 դրամի չափով։
- Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընդունվել է 4 որոշում (N 28, 129, 134 և 409)[13] սահմանված տեղական վճարների դրույքաչափերի նվազեցման արտոնություններ կիրառելու մասին: Բացի դրանից, թվով 33 որոշմամբ հողային հատկացումներ են կատարվել 33 շահառուի՝ ընդհանուր մոտ 1800 մ2 տարածքով[14]:
Ժամանակային սահմանափակման պատճառով հնարավոր չի եղել ուսումնասիրել այս համայնքների ծախսային միտումները՝ եզրակացնելու, թե որքանով կարելի է նշված հատկացումները համարել վարչական ռեսուրսի չարաշահում: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ դիտարկված մյուս համայնքներում, որտեղ ևս որպես թեկնածու առաջադրվել է համայնքի գործող ղեկավարը, նման հատկացումներ չեն արվել։ Ավելին, Շիրակի մարզի Սպանդարյանի համայնքապետարանի ներկայացուցիչն իր հարցազրույցում նշել է, որ 2019 թ․ երկրորդ եռամսյակում նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները կասեցվել են և կշարունակվեն ընտրություններից հետո։ Նման պրակտիկան կարելի է որակել որպես օրինակելի մոտեցում նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Մարդկային և այլ ռեսուրսներ
Քարոզչության դիտարկման ընթացքում դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկեր պարունակող մի շարք խնդիրներ, մասնավորապես․
- Աբովյան համայնքի թեկնածու Գրիգոր Գուլյանի (ՔՊԿ) օգտին ակտիվ քարոզչություն է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Չնայած վերջինս պաշտոնապես գտնվել է արձակուրդում և նման դեպքում ընտրական օրենսդրությամբ քարոզչության որևէ սահմանափակում նախատեսված չէ, այնուամենայնիվ, Ռոմանոս Պետրոսյանի ակտիվ ներկայությունը քարոզարշավին, ինչպես նաև նրա՝ մարզպետի գործող կարգավիճակը, խոսքի բովանդակությունը և ոճը ակնհայտորեն դուրս են եղել զուտ կուսակցին սատարելու խնդիրների շրջանակից:
- 2019 թ․ հունիսի 7-ին, այսինքն՝ նախընտրական քարոզչության վերջին օրը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տարածել է հաղորդագրություն առ այն, որ Աբովյան համայնքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու դեպքեր:[15] Հաղորդագրության տարածումը անմիջապես քվեարկության նախօրեին կարող է գնահատվել որպես իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի կողմից իր վերահսկողության տակ գտնվող իրավապահ ռեսուրսի չարաշահում՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով:
- Աբովյան համայնքի գործող ղեկավար և ընտրություններում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Գևորգյանը քարոզչության նպատակով, այդ թվում՝ իր նախընտրական բուկլետում, օգտագործել է Աբովյան համայնքի պաշտոնական կայքը՝ abovyan.am և քաղաքապետարանի «Աբովյան – իմ քաղաքը» ֆեյսբուքյան էջը:[16]
Հարկ է նշել, որ խիստ խնդրահարույց է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշումը՝ ՏԻՄ ընտրություններին նախորդող լռության օրը «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում կազմակերպելու համապետական շաբաթօրյակ,[17] քանի որ այն հնարավորություն է տալիս միջոցառումն օգտագործել քարոզչություն իրականացնելու նպատակով։
Քվեարկության օր
Քվեարկության նախապատրաստում
Տեղամասային կենտրոնները շարունակում են դժվարամատչելի մնալ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։ Դիտարկված 39 տեղամասից 26-ում (66.67%) բացակայել են թեքահարթակները՝ անվասայլակով տեղամաս մուտք գործելու համար։
Ժամը 07։00-ի դրությամբ դիտարկված տեղամասերից 2-ում արձանագրվել է չհրկիզվող պահարաններին ներկայացվող պահանջների խախտում։ Մասնավորապես, մի տեղամասում պահարանը բացված է եղել մինչև հանձնաժողովի մուտքը ընտրատեղամաս, իսկ մյուսում դրա վրայից բացակայել է սոսնձված թուղթը և հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի ստորագրությունը:[18]
Վիճակահանության կարգի խախտում է արձանագրվել դիտարկված տեղամասերից 3-ում։
Քվեարկության սենյակի կահավորման առումով խնդիր է արձանագրվել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի թվով 1 տեղամասում, որտեղ տեղամասի փոքր մակերեսը հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով կազմակերպելու քվեարկության ընթացքը։
Դիտարկված տեղամասերը քվեարկության համար հիմնականում բացվել են ժամը 8։00-ին։
Քվեարկության ընթացք
Թվով 6 տեղամասում արձանագրվել է 8 դեպք, երբ ընտրողների ցուցակներում ընտրողի անվան դիմաց եղել է ստորագրություն, թեև չի արձանագրվել որևէ դեպք, երբ ստորագրության առկայության պատճառով ընտրողը զրկվեր ընտրելու իրավունքից։
Թվով 4 տեղամասում արձանագրվել է բազմակի քվեարկելու կամ գրանցման փորձ, որը կանխվել են դիտորդի կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո։
Թվով 16 տեղամասում արձանագրվել է ընտանեկան քվեարկության 39 դեպք, որոնցից 25-ը՝ Աբովյան համայնքում։
Դիտարկված 39 տեղամասից 38-ում արձանագրվել է ընտրողների օգնության 610 դեպք։ Դեպքերի ամենաբարձր քանակներն արձանագրվել են Շիրակի Անուշավան (44 դեպք) և Սպանդարյան (39 դեպք), Սյունիքի Գորայք (37 դեպք) և Գեղարքունիքի Գեղհովիտ (34 դեպք) համայնքներում։
Ընտրողների ուղղորդում արձանագրվել է թվով 2 տեղամասում։ Տեղամասերից մեկում քաղաքացու կողմից փորձ է արվել ընտրողին օգնել երկրորդ անգամ, սակայն դիտորդի միջամտության արդյունքում կրկնակի օգնության փորձը կանխվել է։
Քվեարկության օրը տեղի է ունեցել անօրինական քարոզչություն ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից: Մասնավորապես, մարզպետը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է իր հայտարարությունները Աբովյանի համայնքապետարանի կողմից հողահատկացումների գործընթացներում կոռուպցիոն սխեմաների և չարաշահումների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք «պարունակում են հստակ հանցակազմ»: Նա նաև կապել է դրանք ս.թ. հունիսի 7-ին ԱԱԾ կողմից հրապարակված՝ Աբովյանի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի բացահայտման վերաբերյալ հաղորդագրության հետ, և նշել, որ Աբովյանի համայնքապետարանը «ականջալուր չեղավ» իր հայտարարություններին և հորդորներին»։[19] Բացի քվեարկության օրը անօրինական քարոզչություն անելուց,[20] մարզպետի հարցազրույցը կարելի է որակել որպես վարչական ռեսուրսի չարաշահում, որն ակնհայտորեն միտված էր ազդելու ընտրողների ընտրության վրա:
Քվեարկության ընթացքում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն թվով 2 տեղամասում։ Դեպքերից մեկում` 29/07 տեղամասում, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղամասում քվեարկություն իրականացնելուց հետո, դուրս գալով տեղամասից, որոշ ժամանակ անց վերադարձել է տեղամաս: Նա պատճառաբանել է այս քայլը նրանով, որ տեղեկացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի՝ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ուսանողական հիմնադրամի աշխատակցի կողմից ընտրողների ցուցակը անուններով և հեռախոսահամարներով վարելու և գրառումներ կատարելու փաստի մասին։[21] Տեղամասում նա դիմել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով ցուցակները վստահված անձից վերցնել և տրամադրել իրեն՝ լուսանկարահանման համար։ Հանձնաժողովի նախագահը ցուցակները տրամադրել է մարզպետին, որը դրանք լուսանկարելուց հետո հանձնաժողովի նախագահին հանձնարարականներ է տվել հաղորդում տալու և հետաքննիչներ հրավիրելու մասին: Կողմնակի անձի ներկայության և ցուցակի վարման վերաբերյալ գրառում է կատարվել գրանցամատյանում։
Մեկ այլ դեպքում՝ 29/13 տեղամասում, դիտորդը նկատել է կողմնակի անձ տեղամասում, որը մոտ հինգ րոպե զրուցել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: Դիտորդը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից փորձել է պարզել, թե ով է եղել տեղամաս ժամանած կողմնակի անձը, ինչին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը արձագանքել է, որ ՔՊԿ-ի թեկնածուի «նախընտրական շտաբի պետն է»:
Քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ դիտորդների բոլոր գնահատականները գրանցվել են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում։
Աբովյան համայնքի 29/21 տեղամասում դիտորդը արձանագրել է, որ համայնքի ղեկավարի թեկնածուներ Գրիգոր Գուլյանի և Արթուր Ղազարյանի վստահված անձինք ընտրողներին հրահանգել են քվեախցիկ մտնելիս դրսում թողնել բջջային հեռախոսը, ինչպես նաև փորձել են կանոնակարգել ընտրողների տեղաշարժը՝ կարգադրելով, թե քանի հոգի կարող է մուտք գործել տեղամաս և քանի հոգի՝ սպասել դրսում։ Վստահված անձանց կողմից իրենց լիազորությունները գերազանցելու մասով տեղամասային հանձնաժողովի նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկել։
Քվեարկության օրը Աբովյան համայնքում փողոցից ոստիկանության բաժանմունք են տարվել գործող քաղաքապետի մի շարք համակիրներ: Որպես հիմնավորում ոստիկանության կողմից նշվել է ապօրինի զենք կրելու մասին ստացված ահազանգը:[22] Քաղաքացիների բերման ենթարկմանն արձագանքելով՝ ոստիկանություն են այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, որոնց հնարավորություն չի տրվել ծանոթանալ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերին կամ հանդիպել նրանց:[23]
Տեղամասերը հիմնականում քվեարկության համար փակվել են ժամը 20։00-ին։
Քվեարկության արդյունքների ամփոփում
Քվեարկության ամփոփման ընթացքը եղել է հանդարտ։ Թվով երեք տեղամասում արձանագրվել են քվեարկության արդյունքների հաշվարկման միտումնավոր խախտման դեպքեր, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները հաշվարկի համար քվեարկության ծրարները լցրել են սեղանին: 29/12 տեղամասում դիտորդը խնդրի կապակցությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին պարզաբանել է, որ քվեատուփից պետք է հանել քվեարկության մեկ ծրար, ցուցադրել այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար: Այս դիտարկումը բորբոքել է հանձնաժողովի անդամներին (Անի Խաչատրյան և Թեհմինե Վարդանյան, ովքեր ներկայացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը): Վերջիններս սկսել են գոռգոռալ դիտորդների վրա՝ մեղադրելով դիտորդներին իրենց աշխատանքների խոչընդոտման մեջ, և անգամ առաջարկվել է իրականացնել քվեարկություն և դիտորդներին հեռացնել տեղամասից:[24] Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը որոշակի ճշտումներ է կատարել վերադաս հանձնաժողովից, որից հետո հաշվարկը իրականացվել է սահմանված կարգով:
Արարատի մարզի Դվին համայնքում գտնվող թիվ 12/2 տեղամասում արձանագրվել են կուտակումներ, որոնք արդյունքների հաշվարկի ընթացքում վերաճել են զանգվածային կուտակումների (շուրջ 20 հոգի) տեղամասային կենտրոնի պատուհանների մոտ: Նշված անձինք բաց պատուհանների ետևից հետևել են քվեարկության սենյակի գործընթացներին՝ փաստացի մասնակցելով հաշվարկի ընթացքին: Դիտորդը բազմաթիվ անգամ խնդրել է հանձնաժողովի նախագահին միջոցներ ձեռնարկել կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն նախագահի մի քանի փորձերն անհաջող են եղել, իսկ ոստիկանները որևէ միջոց չեն ձեռնարկել:
Արձանագրված խնդիրների հիման վրա դիմում-բողոքներ չեն ներկայացվել։
Ամփոփում
«Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ընտրական համակարգի կատարելագործմանն ու գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկությունները հիմնականում ներկայացվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցում: Ի լրումն տվյալ հրապարակման մեջ ներկայացված իր առաջարկությունների վերահաստատման, ՏԻՄ-երում կազմակերպվող ընտրությունների առնչությամբ «Ականատեսը» կոչ է անում.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի, այդ թվում՝ ուժային կառույցների, օգտագործումից, և երաշխավորել հավասար մրցապայքար: Վարչական ռեսուրսը օգտագործելու փոխարեն առաջարկվում է առավել շրջահայաց լինել թեկնածուների առաջադրման գործում՝ ակնկալելով, որ վերջիններս կլինեն մրցունակ և իրենց սեփական արժանիքներով կկարողանան հաղթել մրցակիցներին:
- Մարզպետներին և մարզպետարանների բարձրաստիճան պաշտոնյաներին՝ չգերազանցել ՀՀ օրենսդրությամբ իրենց վրա դրված լիազորությունները և իրավունքների շրջանակը և ձեռնպահ մնալ ՏԻՄ-երի կամ ընտրական հանձնաժողովների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, նրանց ուղղորդելու, հանձնարարականներ տալու կամ սպառնալու գայթակղությունից:
- ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու քվեարկության բնականոն ընթացքը և բացառելու կուտակումները, իսկ հասարակական կարգը պահպանելու ընթացքում առաջնորդվել բացառապես օրենքով սահմանված լիազորություններով՝ ձեռնպահ մնալով ոչ համաչափ ուժի գործադրումից կամ ցուցադրումից:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ տեղյակ լինելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցին՝ լռության օրը կամ ընտրությունների օրը չնախաձեռնել շաբաթօրյակներ, ծառատունկեր և այլ համապետական միջոցառումներ և չստեղծել ավելորդ լծակներ ու հնարավորություններ՝ ընտրություններին մասնակցող որևէ կողմի համար խախտելու քարոզչության կանոնները:
[1] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 44, մաս 8
[2] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 8, մաս 5
[3] Նույն տեղում, հոդված 26, մաս 1 և հոդված 115, մաս 1
[4] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 44, մաս 7
[5] Նույն տեղում, հոդված 39, մաս 11
[6] Նույն տեղում, հոդված 57, մաս 3
[7] Նույն տեղում, հոդված 21, մաս 3
[8] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 26, մաս 1 և հոդված 115, մաս 1
[9] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 21, մաս 2
[10] Նույն տեղում, հոդված 21, մաս 10
[11] Նույն տեղում, հոդված 21, մաս 7
[12] Սասուն Գրիգորյանի հետ հարցազրույցում վերջինս նշել է, որ քարոզչության նպատակով պաստառներ չի տպագրել։
[13] http://www.abovyan.am/Pages/DocFlow/Default.aspx?dt=Voroshum
[14] Նույն տեղում
[15] https://www.sns.am/hy/հաղորդագրություններ/2019/06/07/բացահայտվել-են-խոշոր-չափերով-կաշառք-ստանալու-պաշտոնական-լիազորությունները-չարաշահելու-կեղծ-փաստաթղթ/134/
[16] https://www.facebook.com/events/2710618442286633/
[17] https://www.tert.am/am/news/2019/05/23/cleaning/3006340
[18] ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում N 38-ն, որոշման հավելված, կետ 5
[19] https://www.youtube.com/watch?v=tu1JGYSt8vk&fbclid=IwAR2CSLPMFaTpn4opITf94YAbR7JnGDXfiIUXLnWIkgbM4d0oMh7z6_qMAJk
[20] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 19, մաս 1
[21] https://infocom.am/?p=6847&l=am&fbclid=IwAR2UTfN1qjyW26LWkF2ny1qUcKwP6GyzYTV_QERzxh_HzZWJ4QS06ln_xps
[22] https://news.am/arm/news/517416.html
[23] https://past.am/?p=224083&l=am&fbclid=IwAR0XgMR7QgSPgDdqBoJZSaQK9wXriTENSfjB0dTxpPYQ2a-gbP4TLpeLIFY
[24] Հարկ է նշել, որ նույն անձանց մասնակցությամբ նմանատիպ դեպք է գրանցվել 2019 թ․ փետրվարի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Կոտայքի մարզի Նոր Հաճնի համայնքի տեղամասերից մեկում քվեարկության ընթացակարգերի վերաբերյալ դիտորդի բարձրաձայնած խնդիրներին ի պատասխան հանձնաժողովի անդամ Անի Խաչատրյանը նշել է, որ «հանձնաժողովը ինչ ուզի կարա անի, երբ ուր ուզի նստի՝ թքած վիճակահանության, սահմանված կանոնների վրա»՝ ավելացնելով, որ «սորոսի փողերը մի տեղ պետք է ծախսեք, թե չէ, եկել եք ուզում եք կեղտ բռնեք», որով ակնհայտորեն փորձ է կատարվել ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն