ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն առանձնացրել է սերտ համագործակցության յոթ ուղղություններ, որոնցից երեքն ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում: Խորհրդարանում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը։
Բանախոսն անդրադարձավ ԵԱՏՄ-ի պայմանագրով ամրագրված ՀՀ-ի երեք ուղղություններին: Դրանցից առաջինը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է մեր բիզնեսի համար. «Իհարկե, որպես բազիսային տարբերակ, էներգակիրներ են»: Պայմանագրով ենթադրվում է հավասար բազիսային պայմաններ՝ ապրանքներ եւ ծառայություններ արտադրելու համար։ «ԵԱՏՄ-ում ունենք երկրներ, որոնք հանդիսանում են արդյունահանողը եւ վաճառողը: Կան երկրներ, որոնք դրանց հիմնական օգտագործողն են։ Այստեղ կարեւոր նախապայման արդեն իսկ ֆիքսվել է, որ արտադրվող ապրանքը կամ արդյունահանվող ապրանքը միասնական բորսային առեւտրի պետք է ենթարկվի. այսինքն՝ բորսայական արժեք ձեւավորի»:
Հովհաննես Ազիզյանը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ արտադրանքի տեղափոխումը կամ տրանսպորտային հարցերը. «Այս տեսակետից ֆիքսվել է դրա տեղափոխման գների մեթոդոլոգիայի միասնականությունը։ Այստեղ կա համաձայնություն, որ աշխատանքներ կատարեն եւ արագ»։
Ըստ բանախոսի, էներգետիկայի ոլորտում յոթ համաձայնագիր կա, որոնք կարգավորելու են ընթացակարգերը։
Կարդացեք նաև
Երկրորդ, ՀՀ-ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված ուղղությունը, ենթակառուցվածքներն են. «Այստեղ կարեւոր սահմանային կապ ապահովողը Լարսի անցակետն է. պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ, որ իրենք 2019-2021 թվականներին կիրականացնեն Լարսի անցակետի արդիականացում: Այսօրվա իրավիճակը, որ ունենք, չի բավարարում: Շատ ավելի փոքր է առեւտրաշրջանառությունը, այն հնարավորինս կբարելավի»:
Լոգիստիկ պլաններ պետք է մշակվեն նաեւ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի հետ առեւտրաշրջանառության մեծացան համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ