Եվրասիական փորձագիտական ակումբը պաշտպանում է ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը, գնահատելով այն շատ հասունացած ու կարեւոր: Այս մասին այսօր խորհրդարանում ընթացող «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում, մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու առաջարկը ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանինն էր: Գաղափարը, սակայն, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին այդքան էլ չէր ոգեւորել:
«Պատրաստ ենք մեր փորձագետների մակարդակով եվրասիական տարածքի հարթակներում առաջ մղել այս հարցը»,- ասաց Արամ Սաֆարյանը`հավելելով, որ իրենց կարծիքով, օրենսդրությունները համահունչ դարձնելու, ինչպես նաեւ որոշ քաղաքական եւ գաղափարախոսական հարցերում դիրքորոշումներ մոտեցնելու առումով այս վեհաժողովը շատ օգտակար կարող է լինել:
Նա հիշեցրեց վերջերս, Ղազախստանի մայրաքաղաք Նուր- Սուլթանում տեղի ունեցած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ելույթից, ըստ նրա, պարզ դարձավ, որ մոտակա ժամանակներում, տնտեսական գործիքակազմի միջոցով, նպատակ կա խորացնել համագործակցության հնարավորությունները, բայց ոչ մի խոսք չասվեց քաղաքական ինտեգրացիայի մասին. «Սա նշանակում է, որ մոտակա տարիներին պետք չէ սպասել Եվրասիական տնտեսական միության տնտեսական հիմքերի զարգացում նաեւ քաղաքական մակարդակով: Սա ոչ լավ է, ոչ վատ, այլ քննարկելու հարց է, որի նկատմամբ պետք է ունենալ վերաբերմունք: Բայց այն հանգամանքը, որ մենք արդեն 5 տարի է համագործակցում ենք տնտեսական մակարդակով եւ ունենք շատ լավ տնտեսական իրողություններ, մեզ տեղիք է տալիս մտածել՝ իսկ մեր տնտեսական զարգացման տեսլականը ինչպիսի՞ն է, ինչպե՞ս ենք էլ ավելի խորացնելու մեր տնտեսական ընդհանուր օրակարգը, ինչո՞վ ենք ավելի կատարելագործելու, ուժեղացնելու այդ տնտեսական օրակարգը եւ ինչքանո՞վ ենք դրա հնարավորությունները ծառայեցնելու կոնկրետ ՀՀ քաղաքացիների շահին ու սոցիալական իրավիճակի բարելավմանը»:
Կարդացեք նաև
Այս նախաբան-դիտարկումներից հետո, Արամ Սաֆարյանն էլ իր հերթին գործնական առաջարկներով հանդես եկավ. «Միանգամայն հասունացած եմ համարում Եվրասիական տնտեսական միության տարածքում գիտակրթական եւ մշակութային, հումանիտար ծրագրեր իրականացնող հիմնադրամի ստեղծման գաղափարը: Մեր շատ գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ այլն սրտնեղում են, որ չեն բավարարում միջոցները` մեր հասարակություններն իրար մոտեցնելու, մեր հասարակությունները միմյանց հետ կապելու եւ համագործակցությունը զարգացնելու համար: Եթե մենք կարողանանք ստեղծել գիտակրթական եւ մշակութային, հումանիտար ծրագրեր իրականացնող հանձնաժողով, որը կարող է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կամ Եվրասիական զարգացման բանկին կից, այն կարող է մեծ օգուտ բերել մեր հասարակությունների մերձեցմանը»:
Բանախոսի խոսքով, արդեն երրորդ տարին է՝ իրենք արձանագրում են, որ Հայաստանում անընդհատ մեծանում է գիտական շրջանակների հետաքրքրությունը դեպի եվրասիական իրողությունների ուսումնասիրություն, բայց մինչեւ հիմա չեն կարողացել լուծել այն հարցը, որ բազմակողմ հետազոտությունները կարողանան իրականություն դարձնել: «Ցավում եմ, որ Հայաստանի գիտության պետական կոմիտեն մինչեւ հիմա դանդաղ է կողմնորոշվում այս անհրաժեշտության հարցում եւ հույս ունեմ, որ մենք կարողանալու ենք համատեղ ջանքերով հետաքրքիր ու ոչ միայն օգտակար, նաեւ շահավետ դարձնել եվրասիական ինտեգրումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ