Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ի առանձնահատկությունն, ըստ Շավարշ Քոչարյանի

Հունիս 10,2019 17:11

Ի հեճուկս ԵՄ-ի տարբեր շրջանակներից հնչող այն դիտարկումների, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են ՌԴ-ի դոմինանտությամբ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ի առանձնահատկությունը հենց այն է, որ դա միակ կազմակերպությունն է, որտեղ «որոշումներ մենք ինքներս ենք կայացնում՝ մնացած անդամների հետ կոնսենսուսով»: Այս մասին այսօր փոխարտգործնախարարը հայտարարեց խորհրդարանում ընթացող «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ :

Այս, ըստ Շավարշ Քոչարյանի, էական տարբերությունն է, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում շահագրգիռ են, որ այդ տարածքում տնտեսությունն աճի, մանավանդ, որ մաքսատուրքերից ստացված եւ մեկ ընդհանուր տեղում հավաքված գումարներն էլ բաշխվում են ըստ որոշված տոկոսադրույքների։

Շավարշ Քոչարյանը պատասխանում է նաեւ այն դիտարկումներին, որ ԵԱՏՄ-ն հիմնադրել են ՌԴ-ն, Ղազախստանը եւ Բելառուսը`սկսելով գործընթացը: Շավարշ Քոչարյանը վստահեցնում է` ՀՀ-ն ոչ թե միացել է ԵԱՏՄ-ին, այլ հանդիսանում է հիմնադիր անդամ:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկել էր ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ, որը կզբաղվի օրենսդրական դաշտի բարելավմամբ: Շավարշ Քոչարյանն առաջարկն այդքան էլ նպատակահարմար չի գտնում, քանի որ խոսքը վերաբերում է մի կազմակերպության, որն ունի վերազգային մարմին եւ որի ընդունած որոշումները բոլորի համար պարտադիր են. «Այստեղ էլ ի՞նչ մոտարկելու խնդիր կա։ Այստեղ խնդիրն այն է, որ անդամ պետությունները կարող են ընդունել այնպիսի օրենսդրական ակտեր, որոնք կարող են հակասության մեջ մտնել ԵԱՏՄ-ի նպատակներին, որոնցից կարեւորագույնը չորսն են՝ աշխատուժի, ապրանքների ազատ տեղաշարժ, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Սա է նպատակը, եւ եթե որեւէ երկրի ընդունի իրավական ակտ, որը սրանց խոչընդոտում է, դրա համար պետք է միջոցներ ձեռնարկեն»:

Փոխարտգործնախարարը չի վիճարկում, ԵԱՏՄ-ում երկրները դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն, կան նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը եւ թերեւս ամենակարեւորներից մեկը`վարորդական իրավունքների խնդիրն է։

«Բայց եթե մենք դիտարկենք ԵԱՏՄ-ն տիրոջ աչքով, որ մենք անդամ ենք, մենք այնտեղ կանք լիարժեք, շատ հարցերին այլ կերպ կնայենք»,-ասաց Շավարշ Քոչարյանը`հավելելով, որ մեզանում առկա դիսկուրսը կա «եւ-եւ»-ի, «կամ-կամ»-ի մասին, իր պատկերացմամբ պետք է այսպիսին լինի. «եւ-եւ-եւ… այ դա է ճիշտ: Երբ ասում են «կամ-կամ», դա տեսնում ենք սեւ եւ սպիտակ։ ՀՀ-ի համար չափազանց ձեռնտու է անդամակցությունը ԵԱՏՄ-ին, համագործակցությունը ԵՄ-ի հետ: Նույնքան ձեռնտու է համագործակցությունը ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի, Ճապոնիայի հետ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930