Հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Բայց ուշադրության կենտրոնում առավելապես Աբովյանի քաղաքապետի ընտրությունն էր: Այստեղ հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, նա մոտ 400 ձայն ավելի է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուից:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, ասաց՝ ընտրությունների բուն ընթացակարգերը հիմնականում պահպանվել են, արձանագրվել են որոշ խախտումներ՝ հայտարարագրերի ընդունման ժամանակ, խախտվել են քարոզչության կանոնները: Ըստ Պետրոսյանի, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրություններում եղել են խախտումներ, որոնք չպետք է լինեին. օրինակ՝ հանձնաժողովի թույլ աշխատանքների կամ անգործության հետեւանքով առաջանում էին խախտումներ, կամ ասենք՝ վստահված անձը ստանձնել էր հանձնաժողովի նախագահի դերը:
Ալեքսեյ Պետրոսյանն ասաց, որ թեեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդում էր, բայց, ըստ էության, երեկ կատարում էր մարզպետի գործառույթներ. «Նա հանձնաժողովի նախագահին ցուցում էր տալիս հաղորդում ներկայացնել ոստիկանություն՝ որոշակի ագրեսիվ տոնով, եւ հաշվի առնելով, որ գտնվում է արձակուրդում, բայց փաստացի իրականացնում էր մարզպետի գործառույթներ: Վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից, կարելի է դիտարկել, որպես ինստիտուցիոնալ ռեսուրսների կիրառում մարզպետի կողմից: Օրենքի խախտում չկար, բայց վտանգներ կան: Բացի այս, մարզպետը 2-րդ անգամ տեղամաս մտնելու եւ ներկա գտնվելու իրավունք չուներ, որպես ընտրող մասնակցել էր, եւ 2-րդ անգամ կարգավիճակ չունենալով արգելվում էր նորից մտնել»:
Ալեքսեյ Պետրոսյանը նաեւ առանձնացրեց մեկ այլ դրվագ՝ մարզպետը հարցազրույցի ընթացքում ներկայացնում էր վերջին շրջանում Աբովյանի քաղաքապետարանի աճուրդների մասին խախտումները, ԱԱԾ-ի հաղորդագրությունը, որը կարող են դիտարկել հակաքարոզչություն:
Կարդացեք նաև
ԹԻՀԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ նախընտրական շրջանում, հունիսի 7-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Աբովյանի աճուրդների քրգործ հարուցելու մասին. «Կարեւոր է, թե երբ է հաղորդագրությունը տարածվել՝ լռության օրից առաջ, եւ սա առավելություն կարող էր տալ թեկնածուներից մեկին: Քարոզարշավն ընթանում էր փոխադարձ մեղադրանքներով, կառուցողական պայքարը թույլ էր դառնում, ծրագրերը ներկայացնելու վրա չէին կենտրոնանում»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ նշեց՝ ավելի ճիշտ կլիներ մարզպետն առանձնապես ակտիվություն չցուցաբերեր. «Կարծում եմ՝ սա կառավարող ուժի որոշակի ինքնավստահության պակասից էր եւ դրանով փորձում էին հրապարակային ինչ-որ խնդիր լուծել»:
Մեհրաբյանի խոսքերով՝ պետք է հաշվի առնել, որ հակառակ կողմն էլ մաքուր չէր խաղում. «Իբր անկախ թեկնածու է (նկատի ունի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին.- Ն. Բ.), բայց միահամուռ բոլոր ԲՀԿ-ականների կողմնակիցների համակրելին էր: Այստեղ առաջնահերթ խնդիր եմ տեսնում՝ մի քանի հրաժարականներ եւ իրավական գործընթացները շուտ ավարտել»:
Թե ինչու ԲՀԿ-ն պաշտոնապես չէր հայտարարել իր աջակցության մասին. հարցին ի պատասխան քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասաց՝ գուցե մտածելով, որ պարտություն կլինի եւ այդ պարտությունն ուղղակիորեն չգնա ԲՀԿ-ի վրա. «Մյուս կողմից էլ հարց կարող էր առաջանալ ՔՊ-ի վրա՝ արժե՞ր հեղափոխության լինել-չլինելու շեշտադրումով դնել՝ հեղափոխությունը հաղթում է, թե՝ չէ: Հիմա ի՞նչ, Աբովյանը պաշտոնապես հռչակվում է հակահեղափոխության հաղթանակի քաղաք»:
Բադալյանի կարծիքով՝ Հայաստանը շատ խորքային ճահճից է դուրս գալիս եւ ձեռքի մի շարժումով մենք դրանից դուրս չենք կարողանալու գալ եւ իշխող ուժը պետք է հասկանա՝ ընտրական գործընթացներում ինստիտուցիոնալ ի՞նչն եք փոխում. «Պետք է հասկանանք՝ կա կառավարող ուժի որպես քաղաքական կուսակցություն կայանալու խնդիր: Հեղափոխությունը առաջանորդել է գործնականում մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, բայց որպես կայացած ձեւավորված քաղաքական թիմ, որն ի վիճակի էր ՏԻՄ ընտրություններում հասնել հաջողության, մենք նման թիմ չենք ունեցել»:
Մեհրաբյանն անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի՝ «Աբովյանում չպետք է գործ տվողներ լինեն» հայտարարությանը, նշեց. « Նման պատկերացումներով զբաղվել օրենսդիր աշխատանքով՝ անպատկերացնելի է: Կարծում եմ՝ սրանից հետո ճիշտ կլինի մանդատից հրաժարվի: ԲՀԿ ղեկավարությունն էլ պետք է հետեւություն անի»:
Բադալյանն էլ նշեց. «Բավական հետաքրքիր շերտ կարող է լինել ներքաղաքական առումով, որովհետեւ ուղղակի, թե անուղղակի, Ծառուկյանի կշիռը որոշակիորեն բարձրանում է, իհարկե, շատ հարաբերական է խոսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կշռի մասին: Հաշվի առնելով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացները՝ նախկին իշխանությունները տեսնում ենք, որ փորձում են քաղաքական այլ ձեւաչափեր ստեղծել, այստեղ Ծառուկյանն է իր դիրքերն ամրացնում, սա այնքան էլ չի հակասում իշխանության շահին, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ իսկապես ունենք քաղաքական արդիական համակարգի կարիք: Երկրում ընդդիմություն չկա, հեղափոխությունից հետո նոր իրավիճակում մենք ընդդիմություն չունենք, որն իր սոցիալական հենարանն ունենա: Գործնականում, բոլորը պետք է հետեւություն անեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի