Հունիսի 10-ին տեղի է ունեցել «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» թեմայով հանդիպում, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Իր խոսքում փոխվարչապետը անդրադարձել է Էլեկտրոնային հարթակների նշանակությանը հանրային ծառայությունների հասանելիության և որակի բարձրացումը, քաղաքականության մշակման մասնակցային և ներառական գործընթացը, պետական մարմինների թափանցիկությունն և հաշվետվողականությունը ապահովելու հարցերում:
Տիգրան Ավինյանը հատուկ ընդգծել է Եվրոպական Միության դերակատարությունը, որի աջակցությամբ Հայաստանում ներդրվել են և շարունակում են ներդրվել էլեկտրոնային կառավարման նորարար գործիքներ, այդ թվում՝ նախորդ տարի գործարկված էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակը։
ՀՀ փոխվարչապետ նաև նշել է, որ առաջիկա տարիներին գործուն քայլեր են ձեռնարկվելու հանրային ծառայությունների թվայնացման ուղղությամբ, խրախուսվելու է էլեկտրոնային ծառայություններից օգտվելը քաղաքացիների և բիզնեսի կողմից, ծառայությունների մատուցման և վերահսկողության ոլորտում հնարավորինս օգտագործվելու են արհեստական բանականության հնարավորությունները, ներդրվելու են քաղաքացիների կարծիքը ստանալու, ծառայությունների մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեխանիզմներ և պատշաճ վիճակագրական գործիքներ։
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ ներդրված էլեկտրոնային կառավարման հարթակները:
Էլեկտրոնային հարցումների www.e-request.am էլեկտրոնային հարթակին են անդրադարձել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ