Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Իրանն ավելի շուտ ՀՀ-ի հետ համաձայնագիր չէր կնքում. Մհեր Գրիգորյանի բացատրությունը

Հունիս 10,2019 16:03

ԵԱՏՄ-ն պետք է լինի երկրի քաղաքականություն, որտեղ պետք է արտացոլվի մեր վերաբերմունքը: Այս միտքն այսօր արտահայտեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը`խորհրդարանում ընթացող «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ:

Ըստ փոխվարչապետի, այդ ռազմավարության մեջ պետք է արտացոլված լինի նաեւ ԵՄ գործընկերությունը, մասնավորապես «սեկտորալ քաղաքականությունները», որպեսզի չլինեն հակասական գործողություններ։ Մհեր Գրիգորյանը նկատելով, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզն արդեն մշակված է, հավաստիացնում է. «ԵԱՏՄ քաղաքականությունը բացարձակ կոնֆլիկտային որեւէ բան չունի։ Ես կարծում եմ, ճիշտ եք ասում՝ «սատանան դետալների մեջ է», բայց դա էլ մեր աշխատանքն է, որ մենք պետք է կառավարենք, շտկենք: Ի վերջո, չորս հիմնարար արժեքների սկզբունքները երկու հարաբերություններում պահպանված են»:

Փոխվարչապետը ԵԱՏՄ-ի օրակարգում մի քանի թեզեր առաջարկեց ներգրավել. «Առաջինը՝ մասշտաբի էֆեկտի մասին կուզենայի քննարկումներ անենք. կարեւոր հարց է: ԵԱՏՄ-ն, նախեւառաջ, մեզ համար մասշտաբի էֆեկտ է: Թե ոնց ենք մենք այդ մասշտաբի էֆեկտը կառավարելու, օգտվելու կամ չօգտվելու՝ հարց է, որ պետք է քննարկենք: Բայց եթե օգտվենք, վստահեցնում եմ, որ շատ լավ կլինի»:

Փոխվարչապետը նաեւ բացատրեց, թե ինչո՞ւ լավ կլինի. «Մենք Իրանի հետ բարեկամ, հարեւաններ ենք դարեր շարունակ, բայց օրինակ Իրանի հետ կապված մենք համաձայնագիր կնքեցինք այն փուլում, երբ հանդես եկանք որպես ԵԱՏՄ անդամ երկիր: Մենք այսօր Եգիպտոսի հետ բանակցող կողմ ենք, բնականաբար, ի նպաստ Հայաստանի ենք բանակցում, բայց հանդես ենք գալիս որպես ԵԱՏՄ անդամ եւ առավել բարենպաստ պայմաններ կարող ենք ստանալ, էլ չեմ ասում Չինաստանի մասին»:

Մհեր Գրիգորյանը հարցերից բացի կարեւորում է, թե ինչ հարցի շուրջ ինչպե՞ս են բանակցում կողմերը: «Բոլորս էլ գիտակցում ենք, որ կարեւոր է, որպեսզի գնագոյացման մեխանիզմները` լոգիստիկայի եւ էներգետիկայի մասով, լինեն միասնական, այլ ոչ թե բարձր ու ցածր, որովհետեւ միասնականությունն է մրցակցության երաշխիքը: Մի տարի կարող է մեզ համար գազի գինը էժան լինի, մյուս տարի թանկ լինի, դա կլինի լրջագույն սթրես տնտեսության եւ սպառողի համար: Բայց եթե գիտենք, որ երեք տարի տարածաշրջանում գները կայուն են, բիզնեսն ավելի հաստատակամ կլինի, կիմանան ի՞նչ մոդել մշակել ու ներդրում իրականացնել»,- ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի գնահատմամբ, ԵԱՏՄ-ում ՀՀ-ն ունի մեկ` «շատ լուրջ եւ մրցակցային» առավելություն եւ դա մեր «մոբիլությունն է»։ Ստանդարտեցման, օրակարգերի սինխրոնիզացման, պարզեցման եւ միասնականացման, թվային օրակարգի եւ մնացյալ բոլոր հարցերը նա կարեւոր է համարում, բայց, իր գնահատմամբ, Հայաստանն, իբրեւ երկիր, շատ ավելի մեծ հնարավորություն ունի ԵԱՏՄ դաշտում գործող մասնավոր հատվածի համար առավել արագ հարմարավետություն ապահովել, քան մնացած երկրները, քանի որ մեր մոբիլության աստիճան բարձր է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930