Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեի ղեկավարը՝ Աբովյանում շտաբի պետի բնակարանի ու մեքենայի հրկիզման մասին. «Հարցաքննվել է 20 վկա»

Հունիս 10,2019 15:37

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուի շտաբներից մեկի ղեկավարի մեքենան ու բնակարանի նախամուտքը հրկիզվել էր:

Այսօր ԱԺ-ում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը, խոսելով հարուցված քրգործի մասին՝ ասաց, որ իրենք հարցաքննել են 20 վկա. «Վկան անպայման չի, որ լինի ականատեսը, այն անձն է, ում կարող են հայտնի լինել քննության համար հետաքրքրություն ներկայացնող հանգամանքներ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այնպիսի վարկած քննվո՞ւմ է, որ դա կարող է մեքենայի կամ բնակարանի այսպես ասած «ինքնահրկիզում» լինել, այսինքն, հրկիզողը լինի նույն շրջանակի մարդկանցից մեկը, ոչ թե հակառակ թեւի՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ միայն այդ քրգործով, բոլոր քրգործերով տարբեր վարկածներ պետք է առաջ քաշվեն բնականաբար եւ միաժամանակ ստուգվեն»:

Մեր հարցին՝ ձեր հոտառությունն ի՞նչ է ասում, սա կարո՞ղ է կազմակերպված շոու լինել՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Այստեղ հոտառության խնդիր չկա: Կան առաջ քաշված վարկածներ, դրանք մի քանիսն են, կոնկրետ՝ չորսը: Բոլոր հնարավոր վարկածները պետք է քննիչը առաջ քաշի, միաժամանակ ստուգի՝ կամ հերքի, կամ հաստատի»:

Հարցրեցինք, թե ո՞ր վարկածին եք հակված՝ Գրիգորյանը պատասխանեց. «20 հոգի հարցաքննվել է՝ որպես վկա, նշանակվել են փորձաքննություններ, տրվել են մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություններ, որոշակի կրիտիկական մասսա ապացույցների տեսակետից ձեռք բերելու դեպքում նոր կքննարկենք՝ որ վարկածին ենք հակված, որն է հիմնավորվում, որն է հերքվում»:

Հարցին՝ այսինքն, անգամ չեք կարող ասել՝ քաղաքակա՞ն ենթատեքստ կա այս հարցում, դա՞ էլ չի հերքվել կամ հաստատվել՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի վարկած էլ ոչ հերքվել է, ոչ հաստատվել: Վարկածները նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել, նախաքննության շահերից չի բխում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930