«Հաղթել է աբովյանցին, ավելի բան չունեմ ասելու: Վարչապետն ասել է՝ «հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն`անդրադառնալով երեկ Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններին:
Հիշեցնենք, երեկ կայացած ընտրություններում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին:
Լրագրողները մեջբերել են ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդումը, որ Աբովյանի քաղաքապետը վայելում էր Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, դրա համար էլ վերընտրվեց: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է. «Վայելում է, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան, նա իր աշխատանքով ապացուցել է: Որ կարիքը լիներ, ես անպայման կաջակցեի»:
Անդրադառնալով ՔՊ թեկնածուի նախընտրական ենթաշտաբերի մեկի պետի մեքենայի եւ բնակարանի դռան հրկիզմանն էլ, ինչը տեղի էր ունեցել ընտրությունների նախօրեին, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ դեպքը մեկ օր առաջ բացահայտվի:
Կարդացեք նաև
«Մենք առաջին օրն ենք հայտարարել, որ սա պետք է բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմինները տեղում չեն: Մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն, հենց դրանք են հիմնական «մուտիլովչիկները»: Վարչապետը պետք է պարտադրի` անմիջապես այդ գործը բացահայտել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ