Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ պետը դիմում է քաղաքացիներին, կոչ անում ներկայանալ ՀՔԾ՝ հայտնելու Մարտի 1-ի մասին իրենց հայտնի տեղեկությունները. Արժեքավոր տեղեկություններ հայտնողներ են եղել

Հունիս 10,2019 15:10

Մարտի 1-ի գործի հետ կապված տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը սննդով են ապահովել զինվորականներին: Այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ այդ մասով բավարար ապացույցներ կա՞ն՝ նա պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Պետրոսյանի կալանավորումը շղթայական ռեակցիայով կարո՞ղ է բերել նոր բացահայտումների ու տանել նաեւ մյուս սպանությունների բացահայտմանը՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի»:

Aravot.am-ի հարցին՝ եթե Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս, չի խոսում, ո՞նց պետք է դա շղթայական ռեակցիայով բերի նոր բացահայտումների՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դե, գիտեք ինչ, մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտումներ»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ 120 մլն-ի մասով, որ վճարվել է Մարտի 1-ի վարձկաններին, դրա հետ կապված նոր բացահայտումներ արե՞լ եք, թե ովքեր են դրա հետեւում կանգնած՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ամբողջ նյութերը, ինչ ունենք, ուղարկել ենք դատարան ու դատաքննության ընթացքում այդ մասը չեմ կարծում հրապարակային չլինի, դուք կտեսնեք, պետական գաղտնիք չի պարունակում այդ մասը»:

Հարցին՝ ի՞նչը ձեզ օգնեց, որ 11 տարի անց ի վերջո ՀՔԾ-ն կարողացավ սպանությունների հետ կապված արդյունք ունենալ՝ ՀՔԾ պետը պատասխանեց, որ հետեւողական աշխատանքի արդյունքում է. «Աշխատանքը էներգիայի պես մի բան է, անհետ չի կորում երբեք, արդյունք տալիս է: Կարող է այդ արդյունքը լինել շատ տեսանելի, կամ քիչ տեսանելի, բայց արդյունք լինում է»:

Aravot.am-ի հարցին՝ մտավախություն կա՞, որ գործն ինչ-որ մի պահի կմտնի փակուղի՝ հաշվի առնելով, որ պարկուճները փոխված են եւ զենքերը չեն գտնվել՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մտավախություններ միշտ էլ կան, բայց մենք պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա, մենք պետք է ամեն ինչ անենք, բոլորը պետք է անեն, բոլոր իրավապահ մարմինները: Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի մեր քաղաքացիներին կոչ անել, որ այս ընթացքում ներկայանան ՀՔԾ եւ հայտնեն իրենց հայտնի բոլոր տեղեկությունները»: Սասուն Խաչատրյանն ասաց, որ արդեն ներկայացողներ եղել են եւ արժեքավոր տեղեկություններ են հայտնել, նրանց թվում են մասնակիցներ, ավելի հստակ չի ասի. «Կան անձինք, որոնք համագործակցում են, քննության շահերից ելնելով չեմ մանրամասնի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930