Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի մասին՝ ուշագրավ հայտարարություն արեց:
Նա ասաց. «Այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին, բոլոր ուղղություններով քննությունը կատարվել է, ուղարկվել են մի շարք հարցումներ, այդ թվում նաեւ արտասահմանյան երկրներ: Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից տարածում է ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Այդ ուղղությամբ քննությունը շատ ակտիվ իրականացվում է, նշանակվում են մի շարք փորձաքննություններ»:
Լրագրողները հարցրեցին՝ Վանեցյանն ասում է, որ կասկածյալների շրջանակն արդեն կա, չկան հիմնավոր փաստեր, որ կարող են մեղադրանք առաջադրել, դո՞ւք էլ գիտեք այդ մարդկանց, բայց չունե՞ք հիմնավորումներ, որ մեղադրանք առաջադրեք՝ Գրիգորյանը պատասխանեց. «Եթե բավարար ապացույցներ լիներ որպես մեղադրյալ ներգրավելու կամ որպես կասկածյալ ներգրավելու, մենք դա կանեինք»:
Aravot.am-ի հարցին, թե ԱԱԾ-ից հնարավոր չէ՞ արած լինեն այդ գաղտնալսումը՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը: Բայց տեխնիկապես հնարավոր է վեց եղանակով այսօր իրականացնել գաղտնալսում, այդ թվում նաեւ Հայաստանում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կասկածներ կան, որ ՀՀ-ում գաղտնալսող սարքեր ունեցել են բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխները, հնարավո՞ր է նրանք արած լինեն՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք համապատասխան հարցումներ եւ այդ ուղղությամբ քննություն իրականացրել ենք, նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ չկան»:
Հարցին՝ գործն առաջ գնո՞ւմ է՝ Քննչական կոմիտեի ղեկավարը պատասխանեց, որ այո, ինտենսիվ աշխատում են եւ կրկնեց. «Մենք ունենք տվյալներ, որ հնարավոր է հարեւան երկրներից մեկից այդ գաղտնալսումը տարածված լինի»:
Նա ասաց, որ վարկածներից մեկն այն է, որ գաղտնալսումն արել են արտերկրում՝ հայերի կողմից. «Այդ հարցին մենք կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այդ անձին, ում հետ կապվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ