Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն տրամադրել է շուրջ 25 մլն եվրո` էլեկտրոնային կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման համար

Հունիս 10,2019 14:52

Ներկայումս Հայաստանում գործում են մի քանի տասնյակ էլեկտրոնային հարթակներ, որոնք հանրային ծառայությունները դարձնում են առավել հասանելի ու հարմարավետ, իսկ քաղաքացիների կապը պետական կառույցների հետ՝ ավելի դյուրին ու թափանցիկ։ Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման հիմնական աջակիցը Եվրոպական միությունն է, որը 2008-2018թթ.-ին տրամադրել է շուրջ 25 մլն եվրո` ոլորտում բարեփոխումների իրականացման համար:

ՀՀ կառավարությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ս. թ. հունիսի 10-ին ներկայացրին Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների արդյունավետությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները։ «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ «www.e-request.am» էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին նվիրված հանրային իրազեկման արշավի շրջանակում։ www.e-request.am-ի միջոցով քաղաքացիները կարող են առցանց եղանակով ներկայացնել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պատասխանը ստանալ նույնպես առցանց:

«Էլեկտրոնային հարթակներն էական նշանակություն ունեն հանրային ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման, քաղաքականության մշակման գործընթացում մասնակցային և ներառական գործընթացի, իշխանության մարմինների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար», – նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ելույթի իր խոսքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացմանը՝ ֆինանսավորելով էլեկտրոնային ծառայությունների ներդրումը և հանրային ոլորտի կառավարման արդիականացումը: Երկուստեք, ԵՄ-ն և Հայաստանը  հետաքրքրված են էլեկտրոնային կառավարման ոլորտում համագործակցությամբ: Այս ոլորտում ԵՄ-ի աջակցության շարունակականությունը ապացույց է, որ մենք հավատարիմ ենք այս համագործակցությանը և գնահատում ենք մեր փոխադարձ նվաճումները»:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, նախարարությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մինչ օրս ներդրվել է էլեկտրոնային կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ՝ այդ թվում պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգը,  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ www.e- register.am, իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը ՝ www.e-draft.am և այլն: Ներկայումս մշակվում են ևս երկուսը՝ «Պետական փոխգործելիության հարթակ»-ը և «Մեկ պատուհան» համակարգը:

www.e-request.am էլեկտրոնային համակարգին նվիրված արշավի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելել ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության սոցիալական մեդիա հարթակներ: Սոցիալական գովազդին ծանոթացեք այս հղումով:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930