Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Բադալյան. «Հնարավոր չէ անընդհատ հույսը դնել Նիկոլ Փաշինյան անվան մոգական ազդեցության եւ թավշյա հեղափոխություն բառակապակցության վրա»

Հունիս 10,2019 14:44

«Տեղի ունեցածը արտառոց չէր. գործ ունենք շատ կոնկրետ շրջանում ձեւավորված որոշակի ցանցի հետ, որի դեմ միայն հեղափոխական լոզունգներով աշխատելը տեղերում բավականին բարդ է եւ անարդյունավետ՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրողներին եւ համապետականինը»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրության վերաբերյալ քննարկման ժամանակ:

Աբովյան քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որին աջակցում էր ԲՀԿ-ն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը մոտ 400 ձայնով պարտվեց Գեւորգյանին:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Աբովյանում տեղի ունեցածը կարող ենք հեղափոխության հաղթանակը համարել, քանի որ իշխանությունը չի գնում ամեն գնով հաղթանակ ապահովելուն. «Կարծում եմ, եթե նման խնդիր դրվեր, ապա հաղթանակ կլիներ»:

Քննարկմանը ներկա քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով էլ՝ այս ընտրությունները լաբորատոր թեսթ էր այսօրվա հասարակական, քաղաքական իրավիճակի ախտորոշումը տալու համար. «Սպասելի չէր, նաեւ զարմանալի չէր: Տեղի է ունեցել հեղափոխություն մակրոմակարդակում, բայց միկրոմակարդակներում առայժմ տիրում են նախկին բարքերը, բայց ահռելի ջանքեր են պահանջվելու դրանք ջարդելու համար, եւ այո, դրանք պետք է ջարդվեն, որովհետեւ դա ազգային անվտանգության խնդիր է»:

Դիտարկմանը՝ անցած տարի դեկտեմբերին Աբովյանում «Իմ Քայլը» հավաքել էր 13300 ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 3700, Բադալյանը նկատեց՝ աբովյանցիները լավ տարբերակում են արտահերթ ընտրություններին իրենց առաջ դրված խնդիրը, եւ քաղաքային ընտրությունների խնդիրը. «Համապետական հեղափոխությունից հետո մի քիչ դժվար էր մարդուն համոզել, որ հիմա էլ քո քաղաքում պետք է հեղափոխություն անես: Տեղին չէ համեմատել, որ իշխող ուժը 6 ամիս հետո նվազ ձայներ է հավաքել»: Ըստ Բադալյանի, սա թիմի պարտությունն էր եւ կառավարող ուժի ներսում պետք տան եզրակացություն՝ որակապես աշխատել սեփական կարողությունների վրա:

«Հնարավոր չէ անընդհատ հույսը դնել թավշյա հեղափոխություն բառակապակցության եւ Նիկոլ Փաշինյան անվան մոգական ազդեցության վրա: Ընտրողը շատ լավ կարողանում է նշանակություն տալ այս հասկացություններին եւ երբ ակնկալել բոլորովին այլ ծրագրեր ու աշխատանք»,-ասաց Հակոբ Բադալյանը:

Ռուբեն Մեհրաբյանն էլ նշեց. «Իշխանությունը որակական պարամետրերի վրա լրջագույն աշխատանք ունի անելու: Եվ հետո՝ տեղի ունեցած եւ դրան նախորդող մի քանի միջադեպեր ցույց են տալիս, որ մեր ոստիկանությունն այլեւս չի համապատասխանում այսօր պետության առաջ կանգնած մարտահրավերներին: Սովետական միլիցայի մակարդակից չի ուզում մի միլիմետր աճի, բարձրանա, մի քիչ ավելի լայնախոհ դառնա, ավելի ինտելեկտուալ դառնա կրիմինալի դեմ պայքարում»:

Մեհրաբյանը համաձայնեց Բադալյանի ասածին, թե մնացել են որոշակի ցանցեր, եւ ավելացրեց. «Մնացել են նաեւ կրիմինալ ցանցեր, որոնք կարող են տուն վառել, մեքենա վառել, մարդկանց վախեցնել, կարող են գործարկել որոշակի ոչ ֆորմալ կապեր, չեմ բացառում նաեւ շանտաժ, հնուց եկած պայմանավորվածություններ՝ իրար պոչ չտորորելու սկզբունքի վրա»:

Ընտրությունների նախօրեին հրկիզվել է Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբներից մեկի ղեկավար Վահան Սարիբեկյանի ավտոմեքենան ու բնակարանի դուռը: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողներին ասել է, որ իրավապահ մարմինները բոլոր վարկածները քննում են՝ անձնական, ընտանեկան, այդ թվում՝ քաղաքական, քրգործը հարուցվել է ուրիշի գույքը կանխամտածված փչացնելու հոդվածներով, բայց բոլոր վարկածները՝ մոտիվացիայի հետ կապված, քննարկման մեջ են:

Այս առնչությամբ Մեհրաբյանն ասաց. «Այն, ինչ անում էր ոստիկանությունը՝ գույքը փչացնելու… կներեք սա գույք փչացնել չէ, սա ահաբեկում է, հարձակում՝ կյանքին վտանգ ներկայացնող աստիճանի: Այս ամենին նույնիսկ իրավական գնահատականը պատշաճ չի տրվել: Պետական ինստիտուտները պետք է ավելի արդյունավետ աշխատեն, որպեսզի կրիմինալ տարն իրեն կոմֆորտ չզգա, մի հատ էլ տորթով դուրս չգա ասի՝ բոլորովդ հպարտանում եմ, բոլորդ գործ չտվող եք, ու էս քարանձավային մտածելակերպով իրենցից գոհ գնան տեղ զբաղեցնեն Ազգային ժողովում: Իշխանությունը պետք է հետեւություն անի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930