Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում չկա մեկը, որ հետեւի ընթացակարգերին. «Լուսավոր Հայաստանի» ուղերձը կառավարությանը

Հունիս 10,2019 14:22

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունները եւ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում փոփոխությունները: Հարցերի հիմնական զեկուցողն էր ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը: Գրավոր առաջարկներ պատգամավորների կողմից չկային, ելույթներ` նույնպես:

Փոքր ինչ խոսակցությունների առիթ տվեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցերը: Այս նախագծով մասնավորաբար, կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո, հստակեցվում է, որ սննդամթերքի անվտանգության պետական մարմնի պաշտոնատար անձինք շարունակում են պաշտոնավարել մինչեւ տեսչական մարմնի ձեւավորման ավարտը`առանց ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց`հարցը եկել է խորհրդարան եւ քննարկվել է ու պիտի քվեարկվի սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում քննարկման: «Կառավարությունն ուշացած է բերել օրենքը, կառավարությունում էլ չկա մեկը, որ հետեւի ընթացակարգերին եւ ժամկետի լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ օրենքն ուղարկվի խորհրդարան»,- ասաց պատգամավորը` հիշեցնելով, որ առաջին ընթերցման ժամանակ իրենք «ձեռնպահ» են քվեարկել, այժմ «դեմ» կքվեարկեն`ուղերձ հղելով կառավարությանը, որ որեւէ մեկին հանձնարարվի`հետեւել օրենքների ժամկետներին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց Էդմոն Մարուքյանին`նիստ չի գումարվել, քանի որ չէր ապահովվի ԱԺ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ ներկայացնելու համար սահմանված ժամկետը: Երկրորդ, ԱԺ-ում ներկայացված ուժերն այս հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկման են հրավիրվել, որին ներկա է եղել նաեւ ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը: Վլադիմիր Վարդանյանը նկատեց` հարցի առաջինից երկրորդ ընթերցում ընկած հատվածում պատգամավորները կարող էին առաջարկություն ներկայացնել, բայց առաջարկ չի եղել. «Օրինագծի վերաբերյալ բովանդակային դիտողություն չկա, օրինագծի չընդունումը շատ ավելի իրավական ոչ բարենպաստ հետեւանք կունենա, քան պարոն Մարուքյանի նշած, որոշ առումով, թվացյալ ընթացակարգային խախտումը: Իհարկե, քաղաքական ուժի իրավունքն է`ինչպես քվեարկել»:

Տարոն Սիմոնյանն էլ ուղղեց իշխանական գործընկերոջը` այդ նախագծի մասին այլ քննարկում է եղել, բայց այստեղ խոսքն այն մասին է, որ ԱԺ կանոնակարգի խախտմամբ է նախագիծը բերվում: ՔՊ-ական Սուրեն Սիմոնյանն էլ նկատեց, որ Տարոն Սիմոնյանը նախորդ նիստում ասել էր, որ բազմաթիվ առաջարկներ ունեն, բայց ոչ մի առաջարկ չի ներկայացվել:

92 «կողմ» ձայներով որոշումն ընդունվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930