Ermenihaber.am – Կարսի «Կովկասի համալսարանի» ադրբեջանցի ուսանողները բողոքի գործողությունների են դիմել հայկական պատվիրակության՝ Կարսի քաղաքապետարան կատարած այցերի կապակցությամբ:
Նշենք, որ նախօրեին Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Կարսի քաղաքապետարան:
Կարսի այգիներից մեկում հավաքված ադրբեջանցի ուսանողներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետարանին` հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ իրենց պնդմամբ` «հազարավոր քաղաքացիներ և անպաշտպան տեղացի քրդեր ու ադրբեջանցիներ են սպանվել»:
Նրանք վերոհիշյալ հայտարարությամբ փորձել են քրդերին տրամադրել հայերի դեմ:
Կարդացեք նաև
Ադրբեջանցի ուսանողներից մեկը, խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, նկատել է տվել, որ ադրբեջանցիները Թուրքիայի կողքին են եղել նաև 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:
Բողոքի ակցիայի հեղինակները հիշեցրել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգեին, թե ինչպես էր նա ընտրվելուց հետո հայտարարում, որ Կարսում հաղթել է «ադրբեջանական, թուրքական և քրդական եղբայրությունը», մինչդեռ հիմա հայկական պատվիրակության անդամներին է ընդունում: