Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա ապացույցների բավարար համակցություն, դա ակնհայտ է». Սասուն Խաչատրյանը՝ Գեղամ Պետրոսյանի կալանավորման, Ծառուկյանի՝ ցուցմունք տալու մասին

Հունիս 10,2019 13:14

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունից հետո կլինե՞ն նոր ձերբակալություններ՝ պատասխանեց. «Երեւի դուք էլ արդեն համոզվեցիք, որ աշխատանքները շատ ակտիվ են: Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինե՞ն նոր ձերբակալություններ»:

Հարցին՝ Գեղամ Պետրոսյանն ընդունե՞լ է, որ հենց ինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս»: Հարցին՝ Գեղամ Պետրոսյանը եթե ցուցմունք չի տալիս, ունե՞ք ապացույցներ, որ հենց իրեն կցված հրազենից է կրակոցն արձակվել ու սպանել՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այդ հարցին չեմ պատասխանի: Քրեական դատարավարությունում որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է, այսինքն, այդ համակցության առկայության դեպքում է միայն հնարավոր անձին ներգրավել՝ որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դուք էլ գիտեք, որ դատարանը կալանքը կիրառելու միջնորդությունը բավարարել է, այսինքն, դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես խոսքը վերաբերում է կալանքին, պատասխանում է երկու հարցի՝ արդյոք կա՞ խափանման միջոց կալանք կիրառելու պայմանը, այն է՝ հիմնավոր կասկածը եւ խափանման միջոցի հիմքը, այսինքն՝ խուսափելու ու քննությանը խոչընդոտելու հիմքերը: Դատարանը գտել է, որ առկա է եւ պայմանը՝ հիմնավոր կասկածը, ե՛ւ հիմքը: Այսքանից ավելի չեմ ցանկանում ոչինչ ասել՝ զուտ նախաքննության շահերից ելնելով»:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն, այնպես չի՞, որ զուտ մեկ վկայի ցուցմունքի հիման վրա է ձերբակալվել, կալանավորվել Գեղամ Պետրոսյանը, որովհետեւ նրա փաստաբանը պնդում է, որ չկա զենք, չկա պարկուճը, չկա նույնականացում, ինչի՞ հիման վրա եք դա արել՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դա նրա պաշտպանի, նրա փաստաբանի աշխատանքն է՝ ամեն ինչ անել,որ իր պաշտպանյալի, իր վստահորդի…Որ կա ապացույցների բավարար համակցություն, դա ակնհայտ է»:

Հարցին՝ ցուցմունքով հաստատվե՞լ է, որ բանակն այնուամենայնիվ ներգրավվել է գործընթացներում եւ նպատակ է եղել թաքցնել, որովհետեւ փաստահավաք խմբի անդամներն են դա պնդում ու հղում անում նախաքննությանը՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ ցուցմունքների բովանդակությունը չի հրապարակի. «Բայց տուժողների իրավահաջորդների, տուժողների ներկայացուցիչները բարձրաձայնել են այդ մասին, բաց աղբյուրներում այդ տեղեկությունները կան ու ես դրանք չեմ հերքում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մարտի 1-ի տասը սպանություններն էլ պիտի բացահայտվեն, հարցին՝ դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք, ՀՔԾ-ի համար բարդություններ կա՞ն՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, կեղծվել են բազմաթիվ ապացույցներ, ինչը օբյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց նաեւ ես ասել եմ մի առիթով՝ ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանը հարցաքննվե՞լ է: Նա պատասխանեց. «Չեմ նշելու, թե ովքեր են քննվել, ինչ հարցերի շուրջ, ովքեր են քննվելու: Դա սկզբունք է, չեմ դավաճանի այդ սկզբունքին ու չեմ նշի՝ հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ: Բայց մի անգամ նշել եմ՝ բոլորը, ովքեր այս քրգործում որեւէ կերպ առնչվել են այս դեպքերին, բոլորը հարցաքննվելու են: Ինչ կարգավիճակով կհարցաքննվեն, երբ կհարցաքննվեն ու ինչ հարցերի շուրջ՝ չեմ մանրամասնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930