Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում էր հայ- իտալական բիզնես ֆորումին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։ Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությունը, Փաշինյանն ասաց. «Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է»։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, ապա Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունը հենց դրա համար են արել, որպեսզի տեղ- տեղ իշխանության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն. «Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ, երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Այնպես որ Հայաստանի հանրապետությունն այս ընտրություններով եւս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, եւ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: Հայաստանի հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը»:
Դիտարկման առնչությամբ՝ քրեական գործեր հարուցվեցին, որ ճնշեն, Փաշինյանը զարմանք հայտնեց. «Քրեական գործեր հարուցվեցին, որ ճնշե՞ն»: Ապա նա նշեց. «Քրեական գործերի բովանդակությունը պետք է իմանաք, եւ համոզված լինեք, որ որեւէ կապ մեկը մյուսի հետ չունեն»:
Հարցին՝ արդյոք այդ պարտությունը Փաշինյանի վարկանիշի խնդիրն է, վարչապետը պատասխանեց. «Ուղիղ մեկ տարի առաջ, հեղափոխությունից 2 ամիս հետո մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եւ «Իմ քայլ»-ը դաշինքը 70% ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Գիտեք ինչ, ես նախկինում էլ ասել եմ՝ եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ սկսած ԺԷԿ-ի պետի թեկնածուից մինչեւ որեւէ թեկնածու հանկարծ իշխանության կուսակցության ներկայացուցչին չհաղթի: Այս ընտրություններում, Հայաստանի հանրապետության բոլոր ընտրություններում, անկախ նրանից «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե՝ չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը եւ հաղթում է ժողովուրդը»:
Կարդացեք նաև
Փաշինյանը այլ հարցերի չպատասխանեց, փոխարենը անեկդոտ պատմեց: Մինչ այդ լրագրողների հետ պայմանավորվել էին 3 հարցի պատասխանել, հերթական հաջորդ հարցը լսելուց հետո Փաշինյանը հետեւյալ անեկդոտը պատմեց. «Մեկը ոսկե ձկնիկ է բռնում: Ոսկե ձկնիկն ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս: Էս մարդն ասում է՝ ուրեմն ուզում եմ Մերսեդես S կլասի, բնակարան քաղաքի կենտրոնում եւ 1 միլիոն դոլար: Էս մեկ…»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքելով Փաշինյանին, ֆեյսբուքի իր էջում գրել է.« Փաշինյանին հիշեցրեք, որ ՀՀԿ իշխանության տարիներին բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ՀՀԿ թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են: Եթե մոռացել է, կարող եմ հիշողությունը թարմացնել… Օրինակ՝ իր հարազատ Իջևանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը ՀՀԿ թեկնածուի նկատմամբ: Նման օրինակները շատ են: Ուստի, կարիք չկա «կոկորդիլոսի արցունքներ» թափել հանդուրժողականության և ժողովրդավարության մասին:
Ընտրություններն ապացուցեցին, որ ժողովուրդը Նիկոլից ոչ թե քայլերթ է սպասում, այլ կյանքի բարելավում, որը Նիկոլն անզոր է իրականացնել:
Իսկ նոր իրողություն իհարկե կա եւ դա Փաշինյանի մոգական քայլերթի անարդյունավետությունն է: Փաշինյանը նոր բան պետք է մտածի, հակառակ դեպքում՝ նա արագ տանուլ է տալու ամեն ինչ»: