«Արցախի բնակեցումը պիտի դառնա Հայաստանի եւ Սփյուռքի օրակարգի նոր առաջնահերթություն»,- այս կարծիքին է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Մարաշլյանը: Վարդան Մարաշլյանն ու կուսակցության խորհրդի անդամ Իգոր Զարգարյանն օրերս եղել են Արցախի Քաշաթաղի շրջանում՝ ծանոթանալու ազատագրված տարածքների բնակեցման գործընթացին, տեղի իշխանությունների մոտեցումներին: Վարդան Մարաշլյանն ու Իգոր Զարգարյանը, երկու օրերի ընթացքում մոտ 150 կմ են անցել` Քարվաճառից մինչեւ Իրանի սահման եւ եղել են 15 բնակավայրերում, զրուցել շրջանների վարչակազմի ներկայացուցիչների հետ, Սիրիայից եւ Լիբանանից ներգաղթած մեր հայրենակիցների հետ, ովքեր բնակվում են այդ տարածքներում: «Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Մարաշլյանն ասաց, որ ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցն «Ազգային օրակարգ» կուսակցության ծրագրի առանցքային բաղադրիչներից է։
Մեր զրուցակիցը նկատում է, որ ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ Արցախի Հանրապետությունը, ոչ էլ անգամ սփյուռքի կառույցներն ու առանձին շրջանակները զարգացման այս հարցում ընդհանուր ռազմավարություն չունեն: Ավելին, նման ծրագիր չկա անգամ Հայաստան-2020 հետազոտության ծիրում, ինչն անհասկանալի է: Նա նկատի ունի այն, որ այդ հետազոտությունը կատարվել է, այսպես ասած, հայկական կապիտալով եւ այնտեղ պետք է որ նման հարցերը տեղ գտնեին, ի տարբերություն միջազգային ծրագրերի շրջանակներում արվող հետազոտությունների: Մեր զրուցակիցը նկատում է` վերջին շրջանում հայերս սիրում ենք անընդհատ Իսրայելի օրինակը բերել, բայց դժվար է պատկերացնել նման մոտեցում Իսրայելում: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, Վարդան Մարաշլյանի ենթադրությամբ, արդեն որեւէ մեկն «իլուզիաներ չունի», թե Ադրբեջանը ինչպես է պատկերացնում հարցի լուծումը։ Այս պարագայում, խաղաղության պարտադրումը, ըստ մեր զրուցակցի, հայկական կողմից հնարավոր է միայն մեկ տարբերակով:
Այն է` ստատուս-քվոյի խախտմամբ, մասնավորաբար՝ Արցախի բնակեցման եւ ամրացման միջոցով։ Համայն հայությունը, նրա կարծիքով, պետք է նպատակադրվի` 15 տարում կրկնապատկել Արցախի բնակչությունը։ Այդ նպատակը, Վարդան Մարաշլյանի պնդմամբ, միանգամայն իրատեսական է. «Արցախի բնակչության խտությունը գրեթե 7 անգամ պակաս է Հայաստանի բնակչության խտությունից։ Սա վերաբերում է հատկապես Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններին։ Քաշաթաղի բնակչության խտությունն, օրինակ, 27 անգամ է պակաս, մինչդեռ Քաշաթաղն Արցախի ամենախոշոր շրջանն է` 3,5 հազար քառակուսի մետր տարածքով: Ընդ որում, ռեսուրսներն էականորեն շատ են եւ ծնելիության մակարդակը բարձր է երկրի միջին մակարդակից»։ Մեր զրուցակցի գնահատականներով, համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում, Արցախում մեկ միլիոն մարդ կարող է բնակվել, սակայն, այս փուլում, միջնաժամկետ կտրվածքում, իրատեսական է խոսել 300 հազար մարդու մասին:
Նկատեցինք, որ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ազատագրված տարածքների վերաբնակեցման փորձեր եղան, որոնք, փաստորեն, էական արդյունք չտվեցին: Մեր զրուցակիցն արձագանքեց. «Ազատագրված տարածքների բնակեցման նախորդ փորձը հենվում էր առանձին մարդկանց տեսլականների վրա, պետական նպատակային, մտածված քաղաքականություն չկար։ Բնակեցումը հիմնականում ինքնաբուխ էր: Մինչդեռ դա համակարգված պետք է իրականացվի, քանզի շատ են բնակավայրերը, որտեղ քիչ մարդ է ապրում: Համակարգված վերաբնակեցման պարագայում արդեն առավել դյուրին կլինի ենթակառուցվածքների եւ հիմնական ծառայությունների` կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովում, խնդիրների լուծումը եւ զարգացման օպտիմալ տնտեսական մոդելի ապահովումը։ Եթե մենք խոսում ենք հեղափոխության եւ նոր Հայաստանի մասին, ապա եկել է այս խնդրով լուրջ եւ հիմնավոր զբաղվելու ժամանակը»:
Կարդացեք նաև
Արցախի բնակեցման քաղաքականության հիմնական բաղադրիչները, մեր զրուցակցի կարծիքով, պետք է լինեն` ավելի քան 2000 բնակչությամբ բնակավայրերի ձեւավորում։ Նման թվաքանակով բնակչությունը անհրաժեշտ ենթակառուցվածքներ ձեւավորելու օպտիմալ քանակն է։ Ինչպես նաեւ` մատչելի տների շինարարություն, աշխատանքի արտադրողականության, բերքատվության, վերամշակող ձեռնարկությունների աճի, զբոսաշրջության եւ ծառայությունների շուկայի զարգացման տնտեսական ծրագրերի իրականացում։ Զուգահեռաբար` ժամանակակից սոցիալական ենթակառուցվածքների (առողջապահություն, կրթություն, մշակույթ, սպորտ) զարգացում, ժողովրդագրական ծրագրերի զարգացում, քանզի մարդու կյանքի պատշաճ որակի ապահովման մասին էլ պետք է հոգալ: Նկատի ունի` ծնելիության խթանման երկարաժամկետ սուբսիդիաներ` ավելի երկարաժամկետ ֆինանսական աջակցության ծրագրեր նախատեսել բազմազավակ ընտանիքների համար, ակտիվ հայրենադարձության քաղաքականություն՝ թիրախ ունենալով սփյուռքի այն համայնքները, որոնք գյուղատնտեսական փորձ ունեն՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, Ռուսաստան, նաեւ Հայաստանի որոշակի շրջաններից դեպի Արցախ ներքին միգրացիա կազմակերպելու։
Մեր զրուցակիցը նկատի ունի այն, որ համապատասխան ռեսուրսների ապահովման պարագայում, հնարավոր կլինի նաեւ Հայաստանից արտագաղթը կանխել` արտաքին միգրացիան գոնե ներքին միգրացիայով փոխարինելով:
Այս ամենի համատեքստում, առաջնային քայլերն, ըստ մեր զրուցակցի, պետք է լինեն Արցախի բնակեցման թեմայով լուրջ համաժողովի անցկացումն, ինչը հնարավորություն կտա մեր նախորդ փորձի, նաեւ այլ երկրների փորձերի վերլուծություն կատարել: «Ազգային օրակարգի» ծրագրում նման հարց դրված է: Ապա՝ գիտաժողովի արդյունքների հիման վրա պետական ծրագրի մշակում: Ծրագրի մշակումն ու իրականացումը ենթադրվում է այս գաղափարին պատրաստ քաղաքական ուժերի, Հայաստանի եւ Սփյուռքի կառույցների կոալիցիայի միջոցով: Արցախի բնակեցման ծրագրի հիմքում, ինչպես նաեւ դրա իրականացումը, «Ազգային օրակարգի» պատկերացմամբ, պետք է լինի պետություն-մասնավոր գործընկերություն մեխանիզմներով, ինչի փորձը մենք ունենք`տարբեր ուղղություններով։
Վարդան Մարաշլյանն, ի դեպ, Հայաստան է վերադարձել 2010 թվականին` Մոսկվայից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2019 թ.
Ինչ լավ է, ղարաբաղցիների փոխարեն որոշում են, թե որ երկրներից են իրենց նոր համերկրացիներ բերելու։ Հարգելիներս, ԼՂՀ-ն ձեզ համար պրոխոդնոյ չի, կա կառավարություն, կա ժողովուրդ, որոնք իրենց հարցերը կլուծեն։ Պետության որակը կախված է ոչ թե բնակչության գլխաքանակից, այլ՝ որակից։ Որակ պետք է ապահովել կրթության ոլորտում, պիտի աշխատանքի ընդունվեն ոչ թե սրա -նրա ծանոթները, այլ մասնագետները և այդպես շարունակ։ Ստեղ Սոմալին չի, որ նստել, երազում եք, թե ոնց եք մեկ միլիոնի հասցնելու մեր թվաքանակը։ Ամենքդ ձեր գործերով զբաղվեք, Արցախն էլ մատի փաթաթան մի սարքեք, դա պետություն է և հենց ինքը պետությունն էլ պարտավոր է իր ներքին հարցերը լուծել, որովհետև հաշվետու է ոչ թե Արցախ ժամանած հյուրերին կամ սփյուռքին, այլ՝ արցախցիներին։ Ուրեմն, հանգիստ թողեք մեզ և մեր հաշվին մի ինքնահաստատվեք։ Հոգնեցրին արդեն, 30 տարի է, որոշում են մեր փոխարեն, թե ինչը ոնց անենք, մենք էլ պիտի կողքից դիտենք ու ձևացնենք, որ հավատում ենք։ Կա կառավարություն, ուրեմն թող գործի։ Ուրիշ հարց է, կարողանում է թե ոչ։ Բայց դա էլ արդեն ժողովրդի խնդիրն է, որին այդ նույն կառավարությունը հաշվետու է։