Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ, կծանոթանանք Սեյրան Օհանյանի ասած փաստաթղթերին»

Հունիս 10,2019 13:30

«Ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկման ենթակա առաջնային եւ երկրորդային հարցերն առանձնացնելը բարդ է, դրանք շատ են: Ընթացքում կպարզվի, թե որոնք են առաջնայինները՝ սկսած պաշտոնատար անձանց, մատակարարումների եւ գնումների թերացումներից, վերջացրած աշխարհաքաղաքական դավադրությունների տեսություններով: Այս ամենի մասին խոսակցություններ են մնացել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նրա բնորոշմամբ՝ կարեւոր է, որպեսզի նշյալ հարցերին սպառիչ պատասխաններ տրվեն, քանի որ հասարակությունն իրավունք ունի իմանալու. «Հանրությունը խնդիր ունի հաշտվելու բանակի հետ: Ավելի ճիշտ՝ ոչ թե հաշտվելու, այլ՝ վստահությունը վերականգնելու եւ ամրագրելու, որ պետական ողջ համակարգը կանգնած է իր զինվոր-զավակի, սպա-զավակի թիկունքին: Մարդիկ հպարտորեն եւ վստահությամբ պետք է իրենց որդիներին ուղարկեն բանակ, որտեղ եղած խնդիրները պետք է հասկանալ: Գուցե եւ որեւէ մեկի մեղավորությունը չի եղել, այլ համակարգային խնդիրներ են եղել: Այս ամենն ուսումնասիրության կարիք ունի: Հանձնաժողովի նպատակն է՝ արմատական լուծումներ գտնել, որպեսզի երբեւէ նման բացթողումների կրկնություններ չլինեն»:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան ռազմական գործողությունների առնչությամբ ՊՆ-ում խորն ուսումնասիրություն կա թողած, Գորգիսյանը նշեց. «Միանշանակ, կծանոթանանք Սեյրան Օհանյանի ասած փաստաթղթերին: Եթե կան հավաքագրված տվյալներ, դրանց հետ առաջնահերթ պետք է ծանոթանալ»: Գեւորգ Գորգիսյանը նշեց՝ առաջիկայում հանձնաժողովում կքննարկեն եւ կորոշեն, թե ապրիլյան դեպքերի առնչությամբ որ տեղեկատվությունը որքանով է նպատակահարմար լինելու հանրայնացնել. «Բանակի հետ գործ ունենք: Բնական է, որ զգայուն տեղեկատվության խնդիր է առաջանալու»:

Մեր զրուցակիցը չբացառեց, որ 2016թ. ապրիլի դրությամբ բարձր պաշտոններ զբաղեցրածները կխուսափեն ներկայանալ հանձնաժողովի նիստերին եւ պատգամավորների հարցերին պատասխանել. «Բայց վստահ եմ, որ հայկական բանակի՝ խնդիրներից զերծ լինելու տեսլականով շահագրգռված պաշտոնյաները կցանկանան գալ: Մեր նպատակը որեւէ մեկին պատժելը չէ լինելու: Ի սկզբանե պայմանավորվել ենք, որ աշխատելու ենք թերությունները բացահայտելու եւ սխալների կրկնությունը թույլ չտալու ուղղությամբ»: Հետաքրքրվեցինք՝ եթե ճշմարտության բացահայտման ճանապարհին հանձնաժողովականները որոշ պաշտոնյաների առնչությամբ արձանագրեն ենթադրյալ հանցակազմի տարրեր, ինչպե՞ս կվարվեն: «Միանշանակ, տեղեկությունը կփոխանցենք իրավապահ մարմիններին, որպեսզի իրենք զբաղվեն: ԱԺ-ն պատժիչ լծակներ, գործառույթներ եւ նպատակներ չունի»,-եզրափակեց Գեւորգ Գորգիսյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

10.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930