Չնայած հարկային ոլորտում տարիներ ի վեր իրականացված բարեփոխումներին, այնուամենայնիվ՝ ներկայումս հարկային վարչարարությունը բարելավելու կարիք կա: Այս մասին մտահոգություն են հայտնում ՊԵԿ-ի մասնագետները` նշելով, որ հարկային վարչարարության առումով հարկային մարմինը մի շարք խնդիրների առաջ է կանգնած: Խնդիրների մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի մշակած ռազմավարությունից: Այն 2019-2023 թվականների համար է, որը նախատեսում է առաջիկա հինգ տարիների հարկային վարչարարության զարգացման ուղին:
Նախագծի հեղինակները թվարկել են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բարեփոխումների ընթացքին: Այսպես. ըստ նրանց, մարդկային ռեսուրսների կառավարման երկարաժամկետ ծրագիր հարկային մարմնում ներդրված չէ:
Ներկայումս հնարավոր չէ հստակ գնահատել այս կամ այն ստորաբաժանման իրականացրած վարչարարության արդյունավետությունը, քանի որ հարկային վարչարարություն իրականացնող ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների եւ կատարողականների գնահատման համակարգային մեխանիզմ առկա չէ:
Նախագծի հեղինակները գտնում են, որ հարկային ծառայողի կերպարը դիտվում է որպես բացասական, հետեւաբար երկրում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց առկա է հարկային ընկալման եւ հարկային ծառայողի կերպարի վերափոխման անհրաժեշտություն:
Հարկ վճարողների հետ հաղորդակցման համակարգված էլեկտրոնային հարթակ առկա չէ, որի ստեղծումը, ըստ ռազմավարությունը մշակողների, հնարավորություն կտա հարկ վճարողներ-հարկային մարմին շփումը տեղափոխել էլեկտրոնային հարթակ:
Համակարգում ներդրված չէ նաեւ ոլորտային ստվերի գնահատման արդյունավետ մեթոդաբանություն եւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման ցուցանիշները դեռեւս բարելավման կարիք ունեն:
Նախագծի հեղինակները գտնում են, որ պետք է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմները կատարելագործել: Բացի այդ, կարիք կա բարձրացնել հանրային իրավագիտակցությունը: ՊԵԿ-ի մասնագետները գտնում են, որ հարկեր վճարելու սահմանադրական պարտականության կատարման առումով հանրային իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ բավարար քայլեր կատարված չեն:
Այս խնդիրները հաշվի առնելով էլ ՊԵԿ-ը բարեփոխումների ուղղություններ է սահմանել` բարձրացնել հարկային մարմնի կողմից հարկ վճարողին մատուցվող ծառայությունների որակը, բարելավել հարկային մարմին-հարկ վճարող հաղորդակցության արդյունավետությունը՝ ստեղծելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների վրա կառուցված հարկային միջավայր, ապահովել հարկ վճարողների ընթացիկ գործունեության վերաբերյալ արժանահավատ, ամբողջական տեղեկատվության կառավարման տվյալների բազա եւ հաղորդակցման ու հսկողական գործընթացների առավել արդյունավետ մակարդակ՝ արդիականացնելով առկա ՏՏ համակարգերը։Ռազմավարությունը խոստանում է կրճատել հարկային ստվերի մակարդակը՝ խրախուսելով կամավոր կարգապահությունը եւ բարձրացնելով հարկերից խուսափողների դեմ պայքարի արդյունավետությունը։ Կատարելագործել հարկային մարմնում մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը, որի արդյունքում հարկային մարմինը կունենա արհեստավարժ աշխատակազմ:
Կարդացեք նաև
Լ. Բ.
«Առավոտ» օրաթերթ
10.06.2019 թ.