Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հնագույն ձեռագրերը վկայում են Հայաստանի ու Իտալիայի միջև դարեր շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին». Արմեն Սարգսյան

Հունիս 10,2019 11:45

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր է դիտել նաև ձեռագրերի թվային էջերը։ Բացմանը ներկա են եղել նաև Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն, Իտալիայում IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզին, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Բացելով ցուցահանդեսը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը այն համարել է բացառիկ, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձերը:

Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն ընդգծել է, այս ցուցադրությունը Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի փոխայցելությունների և երկկողմ մշակութային կապերը զարգացնելու հանձնառության արդյունքն է: «Մենք այստեղ ենք եկել Դիլիջանից՝ «Մտքերի գագանթաժողով»-ից, որտեղ խոսվում էր արհեստական բանականության ուժի մասին, -ասել է նա:- Բայց այս փոքրիկ ցուցադրությունը, կարծում եմ, ցույց է տալիս, թե ինչքան խորը կարող է լինել բնական բանականությունը: Այս ցուցադրությունը վկայում է, որ դարերի ընթացքում ձևավորված հարաբերությունները չեն խամրում: Մենք այս ձեռագրերն ունենք այն հոգևորականների շնորհիվ, ովքեր Մետաքսի ճանապարհով Իտալիա են հասել: Իմ ուղերձն այն է, որ Իտալիան, իտալական մշակույթը և իտալական տեխնոլոգիաները պատրաստ են ծառայել երկու երկրների միջև կապերի զարգացմանը»։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական երեք ձեռագրերը, որոնք դարեր շարունակ պահպանվել են Հայաստանից դուրս, հիմա վերադարձել են տուն։ «Բայց նրանց տունը ոչ միայն Հայաստանն է ու մեր Մատենադարանը, այլև Իտալիան է՝ Մեդիչիների հրաշալի գրադարանը: Այս հնագույն ձեռագրերը վկայում են Հայաստանի ու Իտալիայի միջև դարեր շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին»,-ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի մեծ հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ՝ խնդրելով իր հարգանքի հավաստիքը և հետագա համագործակցության խորացման ու համատեղ աշխատանքի պատրաստակամությունը փոխանցել նրան։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին՝ ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումները չեն ուշանա․ «Հպարտ եմ այսօր այստեղ գտնվելու և այս ցուցադրությունը բացելու համար։ Հուսով եմ, որ հաջորդը կլինի շուտով՝ կապ չունի՝ այստեղ, թե Հռոմում։ Քանի որ մենք կապված ենք ոչ միայն պատմականորեն, այլև տեխնոլոգիապես»։

Արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հարցում նախագահը կարևորել է գիտության ու տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն է դառնում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և արվեստի բնագավառը։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930