Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆասթ Կրետիդ Կապիտալի» վրա հարձակված առաքիչը դատարանում անհանգիստ էր

Հունիս 10,2019 12:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, երբ հայտնեց, որ դատախազ Մուշեղ Անանյանը վատառողջ է, եւ առանց նրա հնարավոր չէ քրեական գործով դատական նիստը սկսել, ամբաստանյալ Հայկ Ալթունյանը խնդրեց իրեն մեկ վայրկյան լսել. «Հոգեկան վիճակս թույլ չի տալիս, ուզում եմ օր առաջ հայտնել իմացածս: Հարգարժան դատավոր, Դուք որոշեք, որն է կեղծ, որը արդար»: Նա խնդրեց չհետաձգել նիստը, իսկ դատավոր Դ. Բալայանն ասաց, թե 52 քրեական գործ կա ներկայումս իր վարույթում, եւ դատարանն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով:
Դատարան չներկայացած, բայց պատշաճ ծանուցված վկաների համար դատարանը բերման որոշում կայացրեց:
Դատարան էին ներկայացել տուժող Ա. Շատվորյանը, եւ տուժողի ներկայացուցիչը՝ Մ.Հայրապետյանը: Վերջինիս ներկայացրած լիազորագրում եւ անձնագրում վիճելի հարց կար, ինչին դատարանը կանդրադառնա գալիք նիստին: «Առավոտի» տեղեկություններով, այս գործով ութ տուժող կա, վեց վկա:

Նախաքննության ժամանակ, Հայկ Ալթունյանը, որը կալանավորված է անցյալ տարվա հունիսի 22-ից, ցուցմունք էր տվել, որ վերջին երկու տարվա ընթացքում կուտակել է մոտ 25.000 ԱՄՆ դոլար պարտք, իսկ աշխատելով «Այ Վենդինգ» ՍՊԸ-ում, որպես սուրճի սարքավորումների սպասարկող, ստացած ամսական 200.000 ՀՀ դրամով հիշյալ պարտքը մարել չի կարողացել, որոշել է պարտքերը մարելու համար «այլ» ճանապարհով գումար հայթայթել:

Նա մինչ այդ՝ 2013 թվականին Աբովյան քաղաքում ավտոպահեստամասերի վաճառքով է զբաղվել:
Ըստ մեղադրական եզրակացության, Հայկն անցյալ տարվա ապրիլի 2-ին՝ Հանրապետության հրապարակից «Այ Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող եւ իր կողմից վարվող «GOLF 3» մակնիշի 801 AG 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի վրա գտնվող հանրակացարանային շենքերի մոտ, այնտեղ կայանել է ավտոմեքենան, հագել նախօրոք տնից վերցրած բանվորական բաճկոնը, բանվորական տաբատը, իր հետ վերցրել սեւ գույնի բրդյա կտորից գլխարկը, որի աչքերի հատվածը նախօրոք կտրել էր՝ որպես դիմակ ծառայեցնելու համար, բանվորական ռետինե ձեռնոցները, իրեն պատկանող՝ 2016 թվականի գործարանային արտադրության «MAKAROV» տեսակի օդաճնշիչ ատրճանակը, վերցրել մեկ հատ էլեկտրաշոկ եւ արցունքաբեր գազ արձակող սարքը, եւ ոտքով քայլել դեպի «Ֆասթ Կրետիդ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ Ավան՝ Խուդյակով 69/1 հասցեում գտնվող մասնաճյուղ: Նախ մտել է «Ֆասթ Կրետիդ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ նշյալ մասնաճյուղի շինության դիմացի մայթեզրին գտնվող այգին, մոտ երկու ժամ փորձել է հարմար պահ ընտրել՝ նշված շինություն մտնելու եւ ավազակային հարձակում կատարելու համար: Ի վերջո, նա, ըստ մեղադրանքի, ժամը 21:30-ի սահմաններում, այգուց դուրս է եկել եւ դիմակավորված, ձեռնոցներով, ատրճանակն աջ ձեռքին, իսկ նռնակի նմանվող կրակայրիչը ձախ ձեռքին, ավազակային հարձակում է գործել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավանի մասնաճյուղ եւ ատրճանակն ուղղելով հաճախորդների սպասարկման սրահում կանգնած հաճախորդի վրա՝ պահանջել է վերջինիս պառկել գետնին: Նա «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի աշխատակիցներ՝ գանձապահներից եւ ոսկերիչ-գնահատողից, նռնակը պայթեցնելու եւ ատրճանակով կրակոցներ արձակելու սպառնալիքներով, պահանջել է դրամարկղերում առկա գումարները:
Գանձապահը տոպրակի մեջ է լցրել դրամարկղերում առկա 6.341.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը: Հայկը պատուհանի տակից վերցրել է հիշյալ գումարով լի պոլիէթիլենային տոպրակը, ատրճանակի սպառնալիքով հաճախորդի հետ դուրս է եկել գրավատնից եւ դիմել փախուստի:

Նա վազելով հասել է Դուրյան թաղամասի շենքերից մեկի մոտ, բարձրացել է շենքի տանիք, երկու ժամ «հանգստացել», ապա դուրս է եկել նշված շենքից եւ քայլելով գնացել իր մեքենայի մոտ, նստել ավտոմեքենան:
Մեկ այլ դրվագով էլ, Հայկը «Այ Վենդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատել էր որպես առաքիչ: Նա ընկերության գույքային ֆոնդից հանել եւ իր ֆոնդ է մտցրել տնօրենի հետ իր կողմից կնքված պայմանագրով վարձակալությամբ վերցված՝ նշված ՍՊԸ-ին պատկանող 900.000 ՀՀ դրամ արժողությամբ «AZKOYEN» տեսակի «Sienna» մոդելի սրճեփ սարքը, առանց «Այ Վենդինգ» ՍՊԸ-ի համաձայնության՝ այն 1.200.000 ՀՀ դրամ կանխիկ գումարով վաճառել է գործով անցնող մեկին:
Իսկ տնօրենի կողմից կնքված պայմանագրով վարձակալությամբ վերցված «MISTRAL» մոդելի քաղցրավենիք եւ խմիչք տրամադրող սարքը` առանց «Այ Վենդինգ»-ի համաձայնության, 2018 թվականի մարտի կեսերին մեկ օր 1.681.540 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կանխիկ գումարով վաճառել է:
Կան էլի դրվագներ, իսկ նախաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում Հայկ Ալթունյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Հայկի ծնողները, նրան ճանաչողները չեն հավատում, թե կատարվածի հետ կապ ունի նա, նրանք համոզված են, որ Հայկը ինչ-որ մեկի պատանդն է:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

10.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930