Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դիվան մեկն է, ես ինձ օպերային դիվա չեմ համարում»

Հունիս 10,2019 12:00

Հարցազրույց գերմանաբնակ օպերային երգչուհի, սոպրանո Լիանա Ալեքսանյանի հետ

– Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի եւ «Առավոտի» հետ սա ձեր երրորդ հանդիպումն է: 2018թ. ազգային օպերային թատրոնում հիացրեց ձեր Մադամ Բաթերֆլայի դերերգի մեկնաբանությունը Պուչինիի համանուն օպերայում (ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան), որը ֆիլհարմոնիկի նախագիծն էր: Այս դերերգը, գիտենք, որ ձեր այցեքարտն է, որով հանդես եք եկել նույնիսկ հռչակավոր Լա Սկալայում, լեգենդար դիրիժոր Ռիկարդո Շաիի ղեկավարությամբ եւ Հուգո դե Անանի ռեժիսուրայով: Իտալական մամուլը ձեզ որակում է օպերային դիվա, այլ երկրներ՝ ճանաչված, սպասված… Հայերիս ընկալմամբ՝ օպերային դիվա Հասմիկ Պապյանն է: Իհարկե, ձեր հյուրախաղային քարտեզը սկսվում է Եվրոպայի սրտից ու տարածվում Բուենոս Այրես, Ռուսաստան, Հարավային Կորեա, Չինաստան… Դուք ո՞ր որակմանն եք համակարծիք:

– Դիվան տարբեր երկրներում տարբեր է ընկալվում: Մի տեղ դիվան դա այն արվեստագետն է, որն ունի, ասենք, ֆանատների ակումբ, Հյուսիսային Եվրոպայում դիվան իր քմահաճույքներով ապրող ու ստեղծագործող արտիստն է եւ այլն: Դիվան մեկն է, ես ինձ օպերային դիվա չեմ համարում, օդերով չեմ սավառնում, սիրով եմ շփվում ցանկացած թատրոնի՝ սկսած պահակից մինչեւ ղեկավարը, սիրում եմ մարդկանց հաղորդել դրական էներգիա: Վստահ եմ, որ հենց դրա շնորհիվ է, որ շատ դռներ են բացվում իմ առջեւ: Թեեւ ոչինչ հենց այնպես չի տրվում: Անդրադառնամ օպերային դիվա որակմանը՝ այո՛, Հասմիկ Պապյանը օպերային դիվա է, որով հպարտանում եմ: Գիտեմ, որ հայերս ունենք մեկ օպերային սոպրանո, ում սիրով ոչ միայն լսում եմ, այլեւ պարզապես հիանում նրա անսահման կանացիությամբ: Տիկին Պապյանն է, որ, ասենք, ինձանից առաջ Եվրոպայում ու աշխարհում ներկայացրել է Հայաստանը: Օպերային դիվայի հետ բախտ եմ ունեցել դարձյալ մաեստրո Թոփչյանի շնորհիվ ու ղեկավարությամբ հայաստանցի մյուս գործընկերներիս հետ մասնակցելու 2015թ. Մոսկվայում Արտյոմովի «Ռեքվիեմի» կատարմանը, ընդ որում՝ Ռուսաստանի ազգային նվագախմբի, երգչախմբի ընկերակցությամբ: Երեւանյան հունիսի 9-ին կայանալիք համերգին էլ ֆիլհարմոնիկ նվագախմբի ու դարձյալ Թոփչյանի ղեկավարությամբ մասնակցությունս կբերեմ Մալերի 4-րդ սիմֆոնիայի եւ Շտրաուսի «Չորս վերջին երգերի» մեկնաբանմանը:

Հասմիկ Պապյանի հետ

– Ինչպես ասացիք, դուք ձեզ դիվա չեք համարում, բայց, դատելով ձեր հյուրախաղային գրաֆիկից, սպասված եք լավագույն թատրոններում, ինչն էլ խոսում է ձեր ճանաչված լինելու մասին: Մինչդեռ Երեւանի օպերային թատրոնում ժամանակին՝ 2000-ականների կեսերին, ուսանողական տարիներին հանդես եք եկել Անուշի դերերգով, մեկ անգամ էլ Վիոլետայի՝ Վերդիի «Տրավիատայում»: Ի՞նչն է պատճառը: Վերջապես ձեզ կտեսնե՞նք մեր օպերային թատրոնում:

– Դա իմ գործառույթների ոլորտում չէ:

– Պատկերացնենք, որ ձեր բեմական գործունեությունը սկսվել ու շարունակվում էր Հայաստանում: Կարծում եք այսօր կլինեիք այն, ինչը որ կա՞ք:

– Հայաստանյան դասական երաժշտարվեստի աշխարհն ընդհանրապես սահմանափակ է: Երեւանում ունենք մեկ թամանյանական կառույց, որի մի մասը օպերային թատրոնն է: Այլ բան է, որ օպերային թատրոններ լիներ, ասենք, Գյումրիում, Էջմիածնում… Կամ, ինչու չէ, Իջեւանում: Վստահ եմ, ցանկության դեպքում, հնարավոր է:

Լիանա Ալեքսանյանը՝ Մադամ Բաթերֆլայի կերպարում

– Իջեւանը նշեցիք, նկատի ունենալով մեր վարչապետի ծննդյան վա՞յրը: Ի դեպ, օրերս Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, իհարկե, չմատնանշելով ոլորտներ, փաստեց վերջին տարիներին արտասահմանում հայերի արձանագրած հաջողությունների մասին: Հենց դուք օպերային արվեստում նրանցից մեկն եք:

– Ոչ միայն ես: Իսկապես հիանալի ձայներ ունենք, որոնք հանդես են գալիս արտասահմանյան թատրոններում: Այո, հենց այնպես չնշեցի Իջեւանը, որովհետեւ սիրում եմ մեր վարչապետին պլատոնական սիրով:

Անջելա Գեորգիուի հետ

– Խոսենք օպերային թատրոնների կառուցվածքի մասին: Հռչակավոր թատրոնները՝ Լա Սկալան, Քովեն Գարդենը, Մետրոպոլիտենը եւ այլն, մեներգիչների հիմնական խումբ չունեն: Այս կառուցվածքից դեռ չեն հրաժարվել եվրոպական որոշ թատրոններ, այդ թվում՝ ձեր նոր բնակավայրինը՝ Գերմանիայինը: (Լիանա Ալեքսանյանը Վիեննայից օրերս է տեղափոխվել Գերմանիա): Ըստ ձեր դիտարկման, ո՞րն է ճիշտ, ունենալ հիմնական խո՞ւմբ, թե՞ աշխատել պայմանագրով:

– Գերմանիա տեղափոխվելուս պատճառը միանգամից մի քանի թատրոնների հետ կնքած պայմանագրերն են: Ի դեպ, առաջինը կնքել եմ մոտ քառորդ դար առաջ հենց գերմանական Բրաունշվայգի թատրոնի հետ, որտեղ երկու ամիս հանդես եմ եկել միայն Տրավիատայի դերերգով: Հետո նույն թատրոնում թարմացնելով պայմանագիրս, ընդգրկվեցի շուրջ 20 ներկայացումներում եւս: Ընդհանուր հաշվով աշխատեցի երեք տարի: Իհարկե, մշակույթի ոլորտում ստեղծագործող ցանկացած արվեստագետի համար մեծ դեր են խաղում ագենտները, մենեջերները, ինչու չէ՝ նաեւ ռեժիսորները, դերասանները: Նշեմ, որ ռեժիսոր դե Անանի, որն աշխարհահռչակ դեմք է, առաջարկով էր, որ ժամանակին շարունակվեց իմ Մադամ Բաթերֆլայի հաղթարշավը ոչ միայն Եվրոպայում, այլեւ Հարավային Կորեայում եւ այլուր: Աշխատում եմ գործակալության հետ, բնականաբար, իմ համաձայնությամբ են արդեն մի քանի տարի առաջ կազմված հյուրախաղերի ցանկը: Օրինակ՝ 2021թ. Քովեն Գարդենում հանդես կգամ Վերդիի երկու օպերաներում՝ «Աիդայում» եւ «Լուիզա Միլլերում»: Այսօրվա դրությամբ ունեմ 2022թ. ներառյալ հստակ գրաֆիկ, ինչը, բնականաբար, չի խանգարելու գերմանականին: Հասկանում եմ ձեր հարցը, այն վերաբերում է Երեւանի օպերային թատրոնին՝ ունենալ մեներգիչների հիմնական խո՞ւմբ, թե՞ աշխատել պայմանագրային կարգով:
Երեւանի թատրոնում ունենք իսկապես հրաշալի ձայներ, մեկ-երկուսն էլ հայտնի են Եվրոպայում: Հարցին այս կերպ կպատասխանեմ. պարտադիր չէ իրականացնել թանկարժեք բեմադրություններ: Այլ պարտադիր է հրավիրել բարձրարվեստ ու բարձրակարգ ռեժիսորներ եւ դիրիժորներ:

 

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

10.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930