Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռվա ավանդազրույցներ

Հունիս 10,2019 11:00

Հայերի ու գայլերի առեղծվածը

– Զավակս, վաղը ոչխարներ առեւանգելու գնալիս, քեզ էլ եմ տանելու,- ասում է մայր գայլն իր ձագին:
– Արդեն ժամանակն է, որ ինքդ էլ մասնակցես կեր հայթայթելու գործին, որ հետո ինքնուրույն կարողանաս գոյատեւել…
Հաջորդ օրը, հաջողությամբ կատարած ավարից հետո, երեկոյան նրանք վերադառնում են իրենց որջը:
– Մայրիկ, ոչխարը տարվա մեջ քանի՞ գառ է ծնում,- հարցնում է գայլի ձագը:
– Մեկ կամ երկու հատ:
– Իսկ գայլը՞…
– Երեք, չորս, նույնիսկ 5, վեց…
– Իսկ ինչո՞ւ են ոչխարներն այդքան շատ, իսկ մենք… Մայր գայլը լռում է: Ձագը նորից ու նորից է հարցնում: Այնժամ, մայր գայլն ստիպված պատասխանում է.
– Զավակս, ախր դու դեռ չգիտես, որ մենք իրար էլ ենք ուտում…

Պապ ու թոռ

Պապ ու թոռ գնալիս են լինում խոտհնձի: Երբ տեղ են հասնում, թոռը նկատում է.
– Պապի, մենք ինչո՞ւ ենք այսքան ուշ գալիս: Արդեն համարյա կեսօր է:
– Ոչինչ, բալես, եռանդով կաշխատենք…,- պատասխանում է պապը:
Երկու ժամ հնձելուց հետո, թոռը նորից է դիմում պապին.
– Պապի ջան, տե՛ս, մեր հարեւան հնձվորներն արդեն մի մեծ սայլ խոտ են հնձել, իսկ մե՞նք…
– Դե ի՞նչ անենք, ես մի ծեր հալիվոր, դու էլ մի մատ երեխա, նրանց պես ո՞նց կարող ենք հունձ անել,- արդարանում է պապը:
Քիչ անց, պապ ու թոռ պատրաստվում են հաց ուտելու: Պապը բացված սուփրայի վրա դնում է 15 լավաշ, 30 ձու, մեկ գլուխ պանիր… Թոռը չի համբերում.
– Ա՛յ պապի, այսքանը ուտե՞լ կլինի…
– Այ բալա, ինչո՞ւ չի լինի: Ես մի ազրեիլ, դու էլ՝ ազրեիլի ճուտ,- պատասխանում է պապը…

Լոռվա հումորներ

Ավտոբուսի մեջ մի լոռեցի ջահել հարս ջանում է կրծքով կերակրել իր մանկանը: Փոքրիկն էլ նվնվալով հրաժարվում է: Բարկացած մայրը սպառնում է.
-Հըմի ուտըմ ե՞ս, թե՞ տալիս եմ շոֆեր ձաձային…

Գափո բիձեն ծանր հիվանդ էր: Էլ հալ չէր մնացել:
-Ախչի Մարո,-խուլ տնքալով կանչեց կնոջը:
-Հը, Գափո ջան…
-Էնա տենըմ ես՝ մեռնըմ եմ: Հըլա ասա, կյանքըմըդ ինձ դավաճանած կա՞ս…
-Իյաա՜, Գափո ջան… Ադա, ի՞նչ ասեմ… Բա որ չմեռա՞ր…

Դատարանը Վանոյին 15 տարվա ազատազրկման դատապարտեց ուրիշի կնոջն առաջարկություն անելու, հետո էլ՝ բռնաբարելու համար: Վանոյի կինը զայրացած մոտենում է ամուսնուն:
-Ումբըրըդ թաղեմ, խայտառակ արեցիր մեզ: Էնա ինձ առաջարկեիր էլի՜…
-Անախաս ջան, ախր քեզ ընդար առաջարկել էի, որ էլ էրեսս բռնըմ չէր…

Մի կնիկ իրա աղջկան ասըմ ա.
-Գնա հորդ ասա, որ նոր տարի ա գալի, թող ալիմենտը տա:
Աղջիկը գնըմա՝ ասըմ: Հերը տալիս ա ու ասըմ.
-Տար, տուր մորդ ու ասա, որ էս վերջի ալիմենտն ա ու նայի նրա դեմքի արտահայտությանը…
Դե աղջիկն էլ փողը տալիս ա մորն ու ասըմ: Մեր դու՝ մեր.
-Հա՞, դե գնա իրան էլ ասա, որ հարըֆի նման 18 տարի ալիմենտ ա տվել խալխի աղջկա հըմար ու նայի նրա՛ դեմքի արտահայտությանը…

 

Գրի առավ Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

10.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930