Համլետ Միքայելյանը լուրջ հաջողությունների է հասել գիտության եւ արվեստի տարբեր ոլորտներում: Նա Հայաստանում հայտնի է որպես մաթեմատիկոս, «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր, մաթեմատիկայի յուրօրինակ դասագրքերի հեղինակ, գրող, ով իր հետաքրքիր աշխարհն է ստեղծել` հեղինակելով «Քըրք Քրքորյանը, որ կարող էր լինել նաեւ Գրիգոր Գրիգորյան», «Ո՞ւր է տանում իմ հոգին» պատմվածքների ժողովածուները եւ «Սասնա Ծռեր» էպոսի վերապատումը: Նրա հերոսները նույնպես պրպտող են, հետաքրքրասեր եւ ցանկացած սահման հատելիս պահպանում են բարոյականի սահմանագիծը: Սկսած 2010-ից նա կազմակերպել է մի քանի անհատական ցուցահանդեսներ եւ իրեն դրսեւորել որպես կայացած գեղանկարիչ: Նա այն եզակի հայ մտածողներից է, ով իրացնում է իր ներուժը ճանաչողական տարբեր բնագավառների հասկացական դաշտերում, նավավարելով, բացահայտելով այն ճանաչողական աղյուսները, որոնցով կառուցվում է մարդու ոգու տունը:
Պատահական չէ, որ Համլետ Միքայելյանը ստեղծեց «Գեղեցիկը, մաթեմատիկան եւ կրթությունը» երկհատոր հիմնարար աշխատանքը: Թվում է, թե նա պետք է կանգ առներ: Սակայն տեղեկատվության անսահմանության մեջ նոր բացեր, չբացահայտված «սեւ անցքեր» է տեսնում եւ չի երկնչում հանդես գալ նոր մեթոդաբանական դիրքերից: Նա սույն աշխատանքում հանդես է գալիս որպես մաթեմատիկական լեզվի փիլիսոփա: Նրա բարոյագիտական, գեղագիտական գաղափարները նոր բովանդակային բնութագրեր են ձեռք բերում, երբ նա փորձում է բացահայտել մաթեմատիկայի լեզվի, կարգային-հասկացական ապարատի լեզվաբանական, հոգելեզվաբանական, գործաբանական հայեցակերպերը:
Աշխատանքում քննության առարկա են դառնում կառուցողական, գործառական, գործաբանական լեզվաբանության հիմնական մոտեցումները, երբ նա քննության է առնում լեզվի եւ խոսքի հարաբերակցության, լեզվի, խոսքի եւ տրամաբանության կապի ապահովման հիմնախնդիրները: Նրան հաջողվում է մաթեմատիկական լեզվի հիմնախնդիրները վերլուծել կառուցողական լեզվաբանության, պոզիտիվիստական փիլիսոփայության տեսանկյուններից: Դրա հետ մեկտեղ, նա հանդես է գալիս որպես կայացած դեստրուկտուրալիստ, երբ որեւէ ճանաչողական ոլորտ չի սահմանափակվում որեւէ կոնկրետ ուսումնասիրության առարկայով: «Դպրոցական մաթեմատիկայի լեզուն» գլուխը քննության է առնվում կոգնիտիվ կամ ճանաչողական լեզվաբանական մոտեցման տեսանկյունից, քանի որ հեղինակը դիտարկում է մայրենին որպես մտածելակերպ, իր խոսքերով ասած՝ մաթեմատիկայի մեթալեզու կամ վերլեզու: Նա կարողանում է մաթեմատիկական ճշգրտությամբ ցույց տալ, թե ինչ տրամաբանությամբ է հենվում մաթեմատիկական խոսքի մշակույթը մեթալեզվի մշակույթի վրա։
Նա հստակորեն առանձնացնում է մաթեմատիկական խոսքը բնութագրող հատկանիշները՝ ճշմարտացիությունը, խոսքի ճշգրտությունը, հստակությունը, պարզությունը, խոսքի տրամաբանվածությունը (կամ հիմնավորվածությունը), խոսքի փաստարկվածությունը, խոսքի մատչելիությունը, խոսքի արտահայտչականությունը, համապատասխանությունը կամ պատշաճումը: Միայն խորը մանկավարժական, լեզվաբանական, մեթոդական կոմպետենցիաների համադրումը եւ բարձր մակարդակը կարող է հնարավորություն ընձեռել հեղինակին իրականացնել այդպիսի վերլուծություն, երբ փորձ է արվում դպրոցականի մաթեմատիկական խոսքի մշակույթը գնահատել արժեբանական չափանիշներով: Առանձնանում է հատկապես «Մաթեմատիկայի ուսուցչի խոսքի մշակույթը» ենթագլուխը, որտեղ հեղինակը հստակորեն ներկայացնում է ուսուցչի գործառույթները խոսքի մշակույթի մակարդակում:
Մաթեմատիկայի դասագրքի խոսքի մշակույթը ենթագլխում հեղինակը ներկայացնում է մաթեմատիկական խոսքի կառուցման հիմնական չափանիշները, մաթեմատիկական տեքստի հետ աշխատանքի մեթոդիկան: Նա մաթեմատիկական լեզվի խորագետ փիլիսոփա է, քանի որ կարողանում է մաթեմատիկական հասկացությունները դիտարկել, հաշվի առնելով ոչ միայն ընդհանրապես լեզվի, այլեւ մասնավորապես հայերենի տեսանկյունից: Այդպիսի մոտեցումը եւս մեկ անգամ հիմնավորում է այն դրույթի ճշմարտացիությունը, որ ցանկացած դասագիրք պետք է լինի ստեղծված մայրենի լեզվով, հայրենական հեղինակների կողմից, քանի որ դասագրքի լեզուն եւ հեղինակի լեզվամտածողությունը կարեւոր պայման են մաթեմատիկան արդյունավետորեն դասավանդելու համար: Թարգմանած դասագիրքը, եթե անգամ շատ հաջողված է, խորթ է հայալեզու սովորողին՝ հասկանալու եւ յուրացնելու տեսանկյունից: Արտերկյա դասագրքերի ներմուծման ջատագովները երեւի չեն մտածում մաթեմատիկական խոսքի մշակույթի ձեւավորման դժվարությունների եւ առանձնահատկությունների մասին: Համլետ Միքայելյանը կարողանում է հստակ մտահանգումներով եւ օրինակներով ցույց տալ, որ մաթեմատիկական մտածողությունը եւ լեզվամտածողությունն անքակտելի են, եւ մայրենին որպես մտածելակերպ, որպես ճանաչողական հենք առաջնային դեր է խաղում: Ասվածը հաստատում են գումարումը, բազմապատկումը, բաժանումը, մաթեմատիկական բանաձեւերը հայոց լեզվում ենթագլուխները:
Կարդացեք նաև
«Լեզվի եւ խոսքի արժեբանական տեսանկյունը» գլուխը նվիրված է լեզվի եւ խոսքի արժեբանական հարաբերությունների բացահայտմանը: Հեղինակին հաջողվում է համադրել քաղաքակրթական, կրթական, ազգային եւ մշակութաբանական մոտեցումները: Նա սահմանում է մաթեմատիկական գեղեցիկի օբյեկտիվ հատկանիշները՝ համաչափության, համեմատության, ռիթմի մաթեմատիկական ընկալումների ներգրավման միջոցով: Համլետ Միքայելյանը կարողանում է աստիճանաբար բացահայտել մաթեմատիկական լեզվի եւս մի գործառույթ՝ բանաստեղծական խոսքի գնահատումը երկրաչափական համաչափության միջոցով: Կարելի է հեղինակի այս մոտեցումը կիրառել գրականագիտական բնույթի վերլուծություններում: Նա կարողանում է բացահայտել տարբեր հայ հեղինակների ստեղծագործություններում երկրաչափական եւ հանրահաշվական համաչափությունների դրսեւորումները, արժեւորել դրանք համաչափության հարուստ զուգորդական դաշտում: Կարելի է պնդել, որ հեղինակն առաջարկում է գեղարվեստական վերլուծության բավականին հետաքրքիր մաթեմատիկական մոդել կամ մոտեցում, որը կարելի է անվերջորեն զարգացնել: Կարելի է եւս մեկ անգամ պնդել, որ շատ հետաքրքիր, լայնածավալ միջգիտակարգային աշխատանք է կատարված: Միայն արվեստի եւ գիտության, ընդհանրապես ճանաչողության տարբեր արահետներում դեգերող խիզախ նվիրյալը կկարողանար ստեղծել այսպիսի գործ: Համլետ Միքայելյանը հետեւողական գիտնական է, բծախնդիր լեզվաբան, իր հոգեւոր հաշիվներում չսխալվող՝ գրականագետ, քանի որ նա գիտի թե՛ գիտական, թե՛ գրական խոսքի արժեքը, որոնք ընկած են մաթեմատիկական խոսքի մշակույթի հիմքում, մշակույթ, որն առերեւույթ, թե ներակա չափավորում է մեր միքտը, չափավորում է մեր խոսքը:
Իգոր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2019 թ.