Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորները Կոտայքի ոստիկանությունում են. Նաիրա Զոհրաբյանը վրդովված է՝ շտաբի ակտիվիստին մեկուսացնում են՝ ձերբակալելով ապօրինի զենքի կասկածանքով

Հունիս 09,2019 18:01

Աբովյանում քաղաքապետի ընտրություններն անցնում են ինտրիգային միջադեպերով: Այս պահին Կոտայքի ոստիկանությունում են ԲՀԿ պատգամավորները: Ձերբակալվել է Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի շտաբի ակտիվիստ Ջիվան Զարգարյանը:

Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ դուք այս պահին Կոտայքի ոստիկանության բաժանմունքում եք, հանդիպել եք ոստիկանության պետի հետ, բերման է ենթարկվել գործող քաղաքապետի համակիրներից մեկը՝ Ջիվան Զարգարյանը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, ի՞նչ խոսեցիք ոստիկանության պետի հետ:

Նա պատասխանեց. «Ինձ համար ակնհայտ է մեկ բան՝ խնդիր է դրված Վահագն Գեւորգյանի ակտիվ համակիր Ջիվանին 3 ժամով մեկուսացնել, որովհետեւ ժամը 5-ն է, իսկ ժամը 8-ին ընտրություններն ավարտվում են: Մեզ համար ակնհայտ է, որ 3 ժամ հետո իրենք հայտարարելու են, որ Ջիվանի մոտ որեւէ զենք, զինամթերք, Իսկանդեր, գրադ, SU-300, ոչինչ չկա, դա միանշանակ է: Խնդիր է դրված ակտիվ համակրին ընդամենը երեք ժամով մեկուսացնել: Սա ինչի մասին է խոսում՝ վկայում է այն մասին, որ իրականում հայտարարությունները, որ մեր երկրում այլեւս չեն կեղծվելու ընտրություններ, որ մեր երկրում այլեւս վարչական ռեսուրս չի կիրառվելու, որ մեր երկրում այլեւս քաղաքացու քվեն հարգվելու է, ընդամենը առ ոչինչ են՝ դատարկ հայտարարություններ: Առավոտվանից մարզպետը գաստրոլյորի նման տեղամաս-տեղամաս ընկած, իրեն վերապահելով գլխավոր դատախազի, ՀՔԾ ղեկավարի, օպեր-քննիչի գործողություններ, մտնում է տեղամասեր, մարդկանցից առգրավվում է ինչ-որ թղթեր, քաղաքացիներից բացատրություն է պահանջում:

Եթե Կոտայքի մարզպետին առավոտվա ժամը 8-ից նշանակել են հանրապետության գլխավոր դատախազ, կամ ՀՔԾ պետ, կամ օպեր-քննիչ, այդ դեպքում կարգապահությունը պահանջում էր, որ այդ հրամանագիրը հրապարակվեր, որ Կոտայքի մարզպետն այլեւս ՀՀ գլխավոր դատախազն է, կամ հատուկ հանձնարարությամբ քննիչ, որն իրավունք ունի հարցաքննել քաղաքացիներին, մարդկանց ձեռքից թղթեր առգրավվել»:

Նաիրա Զոհրաբյանն արձանագրում է, որ նախորդ իշխանություններից հետո ոչինչ էլ չի փոխվել մեծ առումով. «Նույն մթնոլորտն է, վարչական ռեսուրսի նույն կիրառումը: Եթե մարզպետին թվում է, թե իր դեմքը, իր քաղաքական կշիռը, իր ներկայությունն այնքան ազդեցիկ է, որ  տեղամասից տեղամաս շրջելով եւ այդպես գաստրոլներ տալով ինքը կարող է իր տեսքով վարչական լծակի ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա, ապա ես իրեն պիտի ասեմ, որ ինքը գերագնահատում է իր էներգետիկ եւ վիզուալ ազդեցությունը: Ամեն ինչ ավելի  լուրջ է եւ մտահոգիչ է: Այն ավանդույթները, որ կային ՀՀԿ-ի իշխանության ժամանակ, երբ որ իշխանությունը փորձում է ամեն գնով իր իշխանությունը հաստատել, ըստ էության, մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ոչինչ չի փոխվել: Երեկվա կազմակերպած շոուն՝ մեքենա այրելը, ինչ-որ տան դուռ այրելը…հիմա մենք պահանջում ենք իրավապահներից, մե՛նք ենք պահանջում բացահայտել դրա բոլոր կազմակերպիչներին:Եթե չբացահայտվեց, թե ով է այրել մեքենան եւ ով է այրել դուռը, մենք պիտի եզրակացնենք, որ թատերականացված էժանագին ոդեւիլը կազմակերպված էր նրա համար, որպեսզի փորձ արվի ստվեր գցել ընտրական գործընթացի վրա՝ մեղադրելով կոնկրետ թեկնածուին: Եթե առաջիկա օրերին մեր հերոսական ոստիկանությունը չբացահայտի, թե ով է այրել մեքենան եւ ով է այրել դուռը, ուրեմն երեկվա կազմակերպածը էժանագին, ՀՀԿ-ականների ժամանակներից ավելի էժանագին, ավելի ճղճիմ մելոդրամա էր, ոդեւիլ էր: Նույն ձեռագիրն է, ըստ էության, ոչինչ չի փոխվում»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք ոստիկանական բաժանմունքի դիմաց են, զանգահարել են նաեւ օմբուդսմենի գրասենյակ, որտեղից կլինի ներկայացուցիչ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, 10 րոպեի հարց է՝ ԲՀԿ ակտիվիստի մոտ կա՞ ենք, թե՞ չկա, նույնիսկ եթե նրա ծոցագրպանում դրված լիներ Իսկանդեր, մինչդեռ ոստիկանությունից ասում են, որ 3 ժամվա ընթացքում նոր կավարտեն քննչական գործողությունները՝ ընթերակաների մասնակցությամբ. «Արձանագրենք, որ երեք ժամ հետո ընտրություններն ուղղակի ավարտվում են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930