Մի անգամ առիթ ունեցել եմ ներկայացնելու ֆրանսիական երկու տեսակի տարտ՝ լոլիկով եւ սոխով: Այս անգամ ներկայացնում եմ տապակած ամառային բանջարեղենով տարտը, որը առավել հատուկ է Ֆրանսիայի հարավին: Ինձ, համենայնդեպս, այն հանդիպել է Լիոնում եւ շրջակա փոքրիկ քաղաքներում: Արտաքին գրավիչ տեսքը այս տարտի միակ արժանիքը չէ՝ այն նաեւ շատ համեղ է եւ շատ հեշտ պատրաստվող:
Անհրաժեշտ մթերքներ
Շերտավոր խմոր- 500 գրամ
Սերուցքային պանիր- 1 տուփ (150-200 գրամ)
Կարդացեք նաև
Սմբուկ- 3 հատ
Դդմիկ-3 հատ
Չերրի տեսակի լոլիկ-15-20 հատ
Սունկ- 10-15 հատ
Բուսական յուղ՝ բանջերեղենը տապակելու համար- մոտ 1 բաժակ
Չորացրած կանաչիներ (ուրց, հազրեվարդ, ծիթրոն, պրովանսյան կանաչիներ՝ որը կամենաք)
Աղ եւ սեւ պղպեղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սմբուկը, դդմիկը, սունկը եւ լոլիկը լավ լվացեք եւ չորացրեք: Բոլոր բանջարեղենները, բացի չերրի լոլիկից, կտրատեք կլոր շերտերով: Բուսական յուղով հերթով տապակեք բանջարեղենները եւ շարեք թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ ձեթը հեռանա: Եթե սունկը շատ խոշոր չէ, կարող եք առանց կտրատելու տապակել:
Շերտավոր խմորը կիսեք երկու մասի, յուրաքանչյուրն առանձին գրտնակեք կամ շրջանաձեւ կամ քառանկյուն, պատառաքաղով ծակծկեք ողջ մակերեսով մեկ:
Դրեք ջեռոցի տապակի վրա, վրան դրեք որեւէ ծանրություն, օրինակ՝ մեկ այլ տապակ եւ դրեք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ 20-25 րոպեով:
Մինչ մեկը թխվում է, մյուսը գրտնակեք:
Հանեք ջեռոցից խմորները: Վրան քսեք սերուցքային պանիրը: Մեկ տուփը կբավականացնի երկու տարտի համար:
Ապա դասավորեք տապակած բանջարեղենը՝ ըստ ձեր ճաշակի: Ավելացրեք նաեւ երկու մասի բաժանած լոլիկները, մի փոքր աղ եւ սեւ պղպեղ ցանեք, ինչպես նաեւ՝ չորացրած կանաչի փշրեք:
Կրկին դրեք ջեռոցը՝ արդեն 10 րոպեով, մինչեւ չերրի լոլիկը մի փոքր թոշնի:
Կարող եք մատուցել ինչպես տաք վիճակում, այնպես էլ՝ սառած: Շատ համեղ է ինչպես բոլոր տեսակի գինիների, այնպես էլ՝ գարեջրի հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը