Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամին «բռնացրել» է՝ ընտրացուցակով. ԲՀԿ-ն դիմել է ոստիկանություն՝ մարզպետի գործողությունների դեմ

Հունիս 09,2019 15:29

Աբովյանում քաղաքապետի ընտրություններն ընթանում են բավականին ակտիվ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է, խոսքը 29/07-ի մասին է, ուշագրավ խախտում էր հայտնաբերել: Նա քվեարկելուց հետո վերադառնալով՝ տեսել է, որ տեղամասի հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամը ընտրողների ցուցակներ ունի: Վերցնելով ցուցակները, նա իր հեռախոսով լուսանկարեց դրանք ու հորդորեց՝ «Հետաքննիչին հաղորդում եք տալիս, մնացածը իրավապահ մարմինները կանեն»:

Ռոմանոս Պետրոսյան ասաց, որ իրեն ահազանգել է ՔՊ-ի հանձնաժողովի անդամը ու հայտնել, որ այդ տեղամասում ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովի անդամի ձեռքին ցուցակ են գտել՝ անուն-ազգանուններով, հեռախոսահամարներով. «Հիմա ոստիկանությանը հաղորդում ենք ներկայացրել, հետաքննություն կիրականացնեն, թե այս ինչ ցուցակներ է հանձնաժողովի անդամը բերել ընտրական տեղամաս ու ում ինչ ձեւով էր ուզում ուղղորդել»: Թե որքանո՞վ է վստահ, որ նա հենց ԲՀԿ-ից է՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ այդ տիկնոջը, ինքը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աշխատակիցներից է, նստավայրը՝ Աբովյանի քաղաքապետարան»:

Aravot.am-ը միջադեպից հետո զրուցեց մարզպետի հետ: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն էլ իր հերթին է ոստիկանությունում հաղորդում ներկայացրել՝ մարզպետի գործողություններին իրավական ընթացք տալու վերաբերյալ: Ուստի հարցին, թե ինչպե՞ս եք դրան արձագանքում՝ մարզպետը պատասխանեց. «Ընտրացուցակի հրապարակումն է երեւի իրենց զայրացրել, որովհետեւ ակնհայտ է, որ ԲՀԿ-ի Աբովյանի տարածքային կառույցի կարկառուն ներկայացուցիչներից մեկի ձեռքին է հայտնաբերվել այդ ընտրացուցակը եւ ի հեճուկս այն դիտորդների, որոնք այդ ընտրատեղամասում էին գտնվում ու համառորեն չէին արձանագրում, միայն իմ բարձրաձայնումից հետո արեցին, եւ ԶԼՄ-ները տարածեցին, գուցե է դա է մեր գործընկերներին ստիպել ինչ-որ հայտարարություն անելու: Առհասարակ որեւէ խնդիր չկա, եթե իրենք իմ գործողություններում տեսնում են որեւէ մեկի իրավունքի խախտում, ապա ազատ են իրավապահ մարմիններին դիմելու, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Սա ազատ իրավական պետություն է, խոսքի ազատություն ունենք: Բայց ոչ մեկին թույլ չենք տալու հին քաղաքական մշակույթին վայել գործիքակազմով ընտրությունները կեղծելու փորձեր անել: Ես Աբովյանի քաղաքացի եմ, ՔՊ վարչության անդամ, նաեւ մեր թեկնածուի շտաբի անդամ: Ես ընտրությունը կատարում եմ, հետ եմ դառնում, ընտրատեղամաս չմտած՝ այդ հայտնաբերած ընտրացուցակը նկարահանում եմ, որպեսզի հրապարակեմ, նաեւ ուղարկեմ համապատասխան մարմիններին:

Հարցին՝ Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ դուք հետաքննիչի դեր եք տանում, կազմալուծում եք ընտրատեղամասերի աշխատանքը, համաձա՞յն եք՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Դա իր իրավունքն է, ինչպես կամենում է գնահատական տալ, թող այնպես էլ ձեւակերպի, կա Սահմանադրությւոն, կան իրավապահ մարմիններ, թող գնահատական տան: Մեկ բան ակնհայտ է՝ Աբովյանում այսօր խորքային պրոցեսներ են կատարվում եւ կարծես թե այսօր հաջողվում է վերջնականապես ՏԻՄ-ի ամենամաքուր ու ամենաժողովրդավարական ընտրություններն անցկացնել: Եթե կան շրջանակներ, ում դուրը դա չի գալիս, դա իրենց խնդիրն է: Աբովյանում պետք է օրենքի գերակայությունը կայանա»:

Մենք փոխանցեցինք ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի խոսքերը՝ ասում են՝ ինքը հակումներ ունի մարդկանց դատի տալ, կոչ եմ անում կարդալ Սահմանադրությունը, որտեղ գրած է, որ յուրաքանչյուր պետական մարմին իրավասու է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ այլ օրենքներով: Ոչ մի օրենք մարզպետին իրավունք չի վերապահում գալ, միջամտել ընտրական պրոցեսին, մարդկանցից փաստաթղթեր առգրավվել եւ մերկապարանոց հայտարարություններ անել:

Ռոմանոս Պետրոսյանը արձագանքեց. «Ես որեւէ ընտրական պրոցեսի չեմ միջամտել, որեւէ բանի չեմ խոչընդոտել: Իսկ ընդհանրապես դատի տալու հակումի իմաստով պարզապես ասեմ՝ օրենքի գերակայություն հաստատելու ճանապարհին մենք օգտվում ենք բացառապես իրավակարգավորող գործիքներով: Եթե ԱԺ պատգամավորն ասում է՝ հակում ունի դատի տալու, ուրեմն էդ ԱԺ պատգամավորը խնդիր ունի իր մանդատի հետ կարծես թե, որովհետեւ օրենքի գերակայությունը իրավական ինստիտուտի ներկայացուցիչները պետք է ապահովեն եւ ոչ թե մարզպետը պետք է իրենց փոխարեն դա անի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930