Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղից 100 մետր հեռու Վահագն Գեւորգյանի առանձնատունն է վեր խոյանում, որը ուղիղ հանդիպակաց է Էդուարդ Բաբայանի առանձնատանը». Կոտայքի մարզպետ

Հունիս 09,2019 14:11

Աբովյանում քաղաքապետի ընտրությունները շարունակվում են:

29/07 ընտրատեղամասում քվեարկեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպես տեղեկացրել ենք, նա վաղ առավոտից որոշ տեղամասեր է գնացել՝ ստուգայցի: Թե ինչն է պատճառը, բացատրեց՝ «ահազանգեր կան, որ որոշակի պետական ինստիտուտների առումով փոքր-ինչ կաշկանդումներ կան նախկին իրողությունները կանխարգելու գործում»։ Մարզպետը շրջել է ու համոզվել, որ, բարեբախտաբար, այդպես չէ։

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին՝ կապված ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբներից մեկը գլխավորող Վահան Սարիբեկյանի մեքենան ու բնակարանի դուռը հրկիզելու հետ, նա ասաց, որ Քննչական կոմիտեում բոլոր վարկածներն են քննվում՝ անձնական, ընտանեկան, այդ թվում՝ քաղաքական. «Քրգործը հարուցվել է ուրիշի գույքը կանխամտածված փչացնելու հոդվածներով, բայց բոլոր վարկածները՝ մոտիվացիայի հետ կապված, այս պահին քննարկման մեջ են»:

Աբովյանի քաղաքապետարանում չարաշահումների մասով ԱԱԾ-ն բացահայտումներ էր արել, որը հրապարակվեց ընտրություններից երկու օր առաջ: Ուստի լրագրողների հարցին՝ հարուցված քրգործը արդյոք չի՞ կարող ազդել ընտրությունների ընթացքի վրա՝ մարզպետը պատասխանեց. «Կարող է նաեւ նման տպավորություն ստեղծվել, որովհետեւ 1-2 օր առաջ դա տեղի ունեցավ: Բայց պատասխանատու կերպով եմ ձեզ ասում, որ դեռեւս նոյեմբեր-փետրվար ամիսների միջակայքում բազմաթիվ աշխատանքային հանդիպումների ժամանակ, մարզխորհրդի նիստերին, ինչպես նաեւ մամուլի շրջանի թողարկումները դիտարկելով կարող են տեսնել, որ բազմաթիվ են եղել իմ հորդորները զերծ մնալ հողային աճուրդներից։ Մասնավորապես, 67 լոտերով հողային աճուրդների մեջ կոռուպցիոն սխեմաներ, մեխանիզմներ կան,  առերևույթ հանցակազմ կա, եւ միշտ կոչ եմ արել, հորդորել եմ քաղաքապետին, որ Աբովյանում, երբ կան ֆոնդային բյուջեում զգալի միջոցներ, հողերի օտարման արդյունքում գոյացած միջոցների կարիքը այս պահին չկա, զերծ մնան, եթե չունեն, իհարկե, զարտուղի ճանապարհով պայմանավորվածություններ։ Ականջալուր չեղան, եւ բնական է, որ պետությունը չէ՞ պետք է արձագանքի: Իրավապահների աշխատանքը այս  փուլում զուգադիպեց ընտրությունների հետ, բայց այդ մասին մենք խոսում էինք 4-5 ամիս առաջ: Այդ մասին ես խոսել եմ իմ առաջին մարզխորհրդի նիստին, որ համայնքներում հողային աճուրդի ընթացակարգերը լինելու են իմ համակ ուշադրության ներքո, բոլորին կոչ եմ արել բացառապես ՏԻՄ օրենքի եւ Հողային օրենսգրքի դրույթներով»:

Հարցին՝ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը հայտարարել էր, որ Ռոմանոս Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբիցիոզ քայլեր է անում, ընդհանուր առմամբ մթնոլորտը լավ է, բայց, փաստորեն, դուք եք փորձում լարել, ի՞նչ կասեք սրա մասին՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ Էդուարդ Բաբայանն ինչ նկատի ունի, բայց ամբիցիոզ բառը վատ բառ չի՝ հավակնոտ, դրական իմաստով բառ է: Այո, ես հավակնություն եմ ցուցաբերում Աբովյանում վերջ տալ կլանային կառավարման բարքերին, վերջ տալ «ախրաննիկների» ինստիտուտների կառավարմանը: Պատասխանատու հայտարարություն եմ անում: Այո, այդ առումով ամբիցիոզ քայլեր եմ արել։ Իսկ առհասարակ իմ մասնակցությունը քարոզարշավին առողջ է, քանի որ ես հանդիսանում եմ ՔՊ վարչության անդամ եւ գործող վարչության անդամ: ՔՊ-ն հեղափոխությունը Հայաստան բերած ուժն է ու Քաղպայմանագիրը խնդիր ունի համայնքներում նույնպես հաստատելու օրենքի գերակայությունը: Եվ որպես այս տարածաշրջանում Քաղպայմանագրի առաջամարտիկներից մեկը՝ ես պետք է ներգրաված լինեմ քարոզարշավին: Այդ դեպքում հակադարձ հարց է առաջանում Էդուարդ Բաբայանին՝ իսկ ինքն ի՞նչ է անում Աբովյան քաղաքի համար»։

Լրագրողները փոխանցեցին, թե նա ինչ է անում՝ ասում է՝ աջակցում է Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, նրա մանկության ընկերն է: Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքեց. «Այո մանկության ընկերն է եւ այստեղից 100 մետր հեռու Վահագն Գեւորգյանի առանձնատունն է վեր խոյանում, որը ուղիղ հանդիպակաց է Էդուարդ Բաբայանի առանձնատանը,  ես իրենց գործունեության ու պաշտոնավարման ընթացքում միայն այդ երկու տեղաշարժն եմ տեսել Աբովյանում՝ որպես Աբովյանի քաղաքացի: Անձնական բարեկեցության խնդիր են լուծում մարդիկ՝ Աբովյանի հաշվին եւ դրա վառ ապացույցը այն երեք քրգործերն են, որոնք հարուցված են այս պահին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930